Քաղաքական

«ՀԱՊԿ-ը պիտի գար որպես ՀՀ դաշնակից և ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրները պատկերացնում են հասցեագրել խաղաղության գործընթացի շրջանակում:

«Ընդ որում՝ շատ կարևոր է ընդգծել, որ հիմա խաղաղության գործընթացն ինքը միայն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը չէ, որն արվում է: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Ինչ վերաբերվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այդտեղ ֆունդամենտալ խնդիր է առաջացել, որովհետև տեսեք, ըստ էության, մենք նույնիսկ Ադրբեջանի հետ կարողացել ենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերել հետևյալի մասին, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմա վրա և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը վերցվում է որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար: Ես ուզում եմ մենք արձանագրենք, ի՞նչ է սա նշանակում գործնականում:

1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը մեր քննարկվող հարցերի տեսակետից ունի երկու շատ կարևոր արձանագրում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և դա պայմանավորվել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, այսինքն՝ բոլոր հանրապետությունները, բացառությամբ մերձբալթյան երկրների, որոնք այդ պահին արդեն անկախացել էին, և նախկին խորհրդային հանրապետությունների միջև արձանագրված վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանի: Այսինքն՝ մենք հիմա հստակ գիտենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները որտեղով են անցնում և շատ կարևոր է, որ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում ենք որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք: Սա նաև կարևոր բան է նշանակում, որ մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և Խորհրդային Միության սահմաններում ունեցել են դե յուրե իրավական հիմք:

Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ կապը շատ ուղղակի է, որ ահա՝ Ալմա-Աթայի հռչակագրով՝ վարչական սահմաններով արձանագրված սահմանները նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի են: Ի՞նչ է դա նշանակում, որ եթե այդ սահմանը խախտվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգային մեխանիզմը պետք է գործարկվի:

Հիմա ի՞նչ խնդիր է առաջացել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Խնդիրը հետևյալն է, երբ այդ սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքի մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն: Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն է հնչում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան, եթե այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա, և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ, ըստ էության, նրանք ասում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի Հայաստանի Հանրապետությունում իրենք չենք կարող ցույց տալ:

Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ըստ էության, չկա, որովհետև դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաև, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Կներեք, ես գիտեմ, որ մեր գործընկերները նման մտադրություն չունեն, բայց եթե հանկարծ այդպիսի իրադրություն լինի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, օրինակ՝ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այդպիսի մտադրություն լինի, որ որևէ երկրի զորք մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք, չդելիմիտացված սահմաններ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նշանակում է չպիտի՞ որևէ կերպ արձագանքի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա որպես մեխանիզմ, որի վրա անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:

Եվ մեր հարցը հետևյալն է, եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի վրա չարժե հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- նշել է նա:

Հարցին, թե ադրբեջանցիները կամ անգամ ռուսները ինչքանո՞վ են անկեղծ հարաբերությունների նորմալացման գնալու իրենց ցանկության մեջ, թե՞ պարզապես հետագա թշնամական կամ ագրեսիվ գործողության համար են ավելի շատ հող պատրաստում, ՀՀ վարչապետը խատասխանել է․ 

«Ես երբ խոսում էի հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին և ասում էի՝ բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ: Եվ իմիջիայլոց, ՀԱՊԿ-ի խնդիրը ծագել է այդտեղից, որովհետև հիմա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և կազմակերպության դիրքերից և ընդհանարապես, և բավականին վաղուց, դա ընդ որում, նաև 2020 թվականի պատերազմից առաջ, Ռուսաստանը հավասարահեռ քաղաքականություն է վարում Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Ուզում եմ արձանագրել, որ իրականում մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից, և դա մեր մեջ ասած կոնկրետ թվական էլ ունի: Եթե մինչև 2012-13 թվականները Ռուսաստանի քաղաքականությունն այն էր, որ Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, Ադրբեջանը գործընկերն է, ընդ որում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, որի ամբողջ իմաստը պետք է լիներ այն, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը շատ կոնկրետ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Բայց 2013 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մի քանի միլիարդ դոլարի զենքի ձեռքբերման պայմանագիր ստորագրվեց, և սա այն կետն է, երբ Ռուսաստանի Դաշնությունն սկսեց դիվերսիֆիկացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Եվ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2022 թվականի փետրվարի 21-ին կամ 22-ին Ռուսաստանը և Ադրբեջանն իրար հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին: Ըստ էության, հենց այդ հռչակագրի մեջ նաև արձանագրվում է քաղաքականությունների համաձայնեցման անհրաժեշտությունը, և դա հրապարակային փաստաթուղթ է, և ըստ ամենայնի կարելի է արձանագրել, որ այն, ինչ հռչակվել է երկրների կողմից՝ համագործակցությունն անվտանգային ոլորտում, քաղաքականությունների շուրջ խորհրդակցություններ և այլն, դա գործնականում տեղի է ունենում, հակառակ դեպքում այդ հռչակագիրն իմաստ չէր ունենա:

Այսինքն, ինչո՞ւ են ստորագրել այդ երկրներն այդ հռչակագիրը, եթե պիտի չիրականացնեն: Մանավանդ այն պայմաններում, երբ արդեն դրանից առաջ, այդ հռչակագրի ստորագրումից առաջ առնվազն երկու դրվագով հստակ արձանագրվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պարտավորությունների չկատարումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Եվ վերջերս շատ հետաքրքիր արձանագրում էր արվել, երբ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն ասում են, որ իրենք առաջարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Սա, կներեք, բայց Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն է, որովհետև ինքը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպես Հայաստանի դաշնակից և ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար: Ես նկատի ունեմ՝ շատ են ասում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այնպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այս արեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել: Ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ:

Եվ այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում: Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ինչպես տեսնում եմ՝ եթե չի հատել կազմակերպությունում մեր մասնակցության տաքացման անհնարինության գիծը, բայց եթե այսպես շարունակվի, ես նկատի ունեմ՝ այն քաղաքական դիրքորոշումները, որ արտահայտում են, ակնհայտ է, որ նաև այդ գիծը կհատվի: Այսինքն՝ առնվազն եթե այսպես ասենք՝ վերամասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կդառնա գործնականում անհնարին»,- նշել է Փաշինյանը։ 

Նա նաև խոսել է ԼՂ-ի մասին՝ նշելով, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրներն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, ամեն ինչ պետք է անել, որպեսզի նրանք մնան Հայաստանում:

«Ես նաև ուզում եմ ձեզ ասել, որ վերջերս մարզային այցելություններից մեկի ընթացքում ինձ մոտեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի կին և հարց տվեց, ասաց՝ որքանո՞վ է իրատեսական, որ մենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ունենանք ու ասաց՝ խնդրում եմ ինձ ուղիղ և անկեղծ պատասխանեք:

Ես նրան ասացի՝ ես Ձեզ կպատասխանեմ ուղիղ և անկեղծ, ես ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Ադրբեջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա:

Բայց նաև պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձել է ամեն ինչ անել, ընդ որում, 2023 թվականի սեպտեմբերյան ամենավերջին օրերին մեզ մեղադրում էին, որ իբր, իհարկե այդպիսի բան չկա, բայց շատ կարևոր է նաև, որ Լեռնային Ղարաբաղում այդ պահին գործող նաև իշխանությունների որոշ շրջանակներ մեզ մեղադրում էին նրանում, որ Հայաստանի կառավարությունը թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փրկվի և տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն:

Մեր մտածածն այն ժամանակ հետևյալն էր. մենք ուզում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր մասով պայմաններ ստեղծենք, որովհետև հասկանալի է, որ դա ամբողջությամբ մեր որոշումների տիրույթում չէր, որպեսզի անենք հնարավորը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենա: Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին:

Եվ ընդհակառակը, ակնհայտորեն կային ուժեր, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությանն ուզում էին ներքաշել պատերազմի մեջ՝ հեռուն գնացող նպատակներով: Ես նախորդ հարցերին ի պատասխան ասացի՝ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։

Իմիջիայլոց, կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա։

Բայց մենք նաև արձանագրում ենք, որ այդ նույն պրոցեսի արդյունքում պետք է նույնքան հնարավոր դառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների Հայաստանի Հանրապետության՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում, որ այդ մարդիկ իրենց տներում ապրեն, ընտանիքներ ձևավորեն, երեխաներ ունենան առանց անվտանգային մտավախությունների։

Ահա, սա այն կետն է, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեսական խաղաղության օրակարգը կարողանան վերածել կոնկրետ խաղաղ իրականության։ Եվ ճիշտ է, այս հատվածում մենք տեղային հարցի շուրջ ենք պայմանավորվել, բայց այս տեղային հարցի շուրջ պայմանավորվածությունների իրագործման որակն ավելացնելու կամ նվազեցնելու է հավատը խաղաղության օրակարգի և խաղաղության հնարավորության նկատմամբ։

Ես հավատում եմ, որ ավելացնելու է հավատը խաղաղության նկատմամբ՝ և՛ Հայաստանի հանրության, և՛ Ադրբեջանի հանրության շրջանում, և՛ ի վերջո նաև վստահության որոշակի պաշար է կուտակելու։ Եկեք արձանագրենք, որ խորը անվստահություն կա: Նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել սահմանազատման հարցերով հանձնաժողովների անդամների և երկու համանախագահների կատարած աշխատանքի մասին, որոնք փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել, որին խնամքով վերաբերվելու դեպքում դա կարող է զարգանալ, խնամքով չվերաբերվելու դեպքում կարող է փլուզվել։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պատմամշակութային հուշարձանների պահպանությանը։ 

«Հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ Ընդհանրապես, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը լուրջ է և այդ խնդիրը շատ է սրվում հատկապես հակամարտությունների գոտիներում: Կարծում եմ՝ այստեղ նույնպես շատ կարևոր է, որ մենք այդ վստահության մթնոլորտը ստեղծենք տարածաշրջանում, այդ թշնամանքի մթնոլորտը կարողանանք հաղթահարել։

Գիտե՞ք ինչ, ի վերջո մշակութային և պատմամշակութային անշարժ հուշարձանների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքով մարդիկ, ըստ էության, արտահայտում են թշնամանքը միմյանց նկատմամբ։ Այսինքն, անշունչ հուշարձան է չէ՞ ըստ էության, թվում է, թե ի՞նչ կարիք կա անշարժ հուշարձանի վրա հարձակվել և այսպես շարունակ վնասել: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց թշնամանքը միմյանց նկատմամբ։

Այդ խնդրի լուծումը կրկին թշնամանքը հաղթահարելու մեջ է, իհարկե, այդ հուշարձանները, հատկապես եկեղեցիներն ունեն պատմություն, ունեն այդ պատմությունից բխող ոգի, իրենք սրբավայր են, բայց սրբություններն ինչ-որ ձևով պղծելը կամ վնասելը նույնպես թշնամության արտահայտություն է։ Այսինքն` հնարավոր չէ, որ մենք ասենք՝ լավ, թողեք թշնամությունը մնա, շարունակվի խորանալ, բայց մենք ապահովենք հուշարձանների անվտանգությունը, դա հնարավոր չէ։

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում կամ զգում են առնվազն կառավարելի, որպեսզի միանգամից շատ բարձր նպատակներ չդնեն, և դա համարում եմ խաղաղության օրակարգի մի մասը։ Պետք է դա էլ ասեմ՝ ուրիշ վտանգավոր եզրույթ էլ կա, որ հուշարձանների պահպանության շարժումը և այդ հարցով հետևողական լինելը շատ կարևոր է, չափազանց կարևոր է, բայց կարևոր է նաև, որ այդ պրոցեսը չօգտագործվի թշնամանքը հետագայում ևս խորացնելու համար։

Այսինքն, սա էլ կա և շատ նուրբ նրբություն է, չնայած օբյեկտիվորեն դա տեղի է ունենում, որովհետև եթե մեկի սրբությունը պղծում են՝ այդ թշնամության զգացումը բնականորեն խորանում է։ Եվ եթե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա, պետք է հետևողական լինենք խաղաղության օրակարգի իրագործման շուրջ, որովհետև դա առանձին վերցրած հարց չէ, դա այս խաղաղության օրակարգի հարցն է։

Բոլոր հարցերի լուծումը ես պատկերացնում եմ՝ վերադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի երեք հիմնարար սկզբունքների շուրջ խաղաղությունը կառուցելու վրա։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երեք հիմնարար սկզբունքներն արձանագրված են, առաջինը՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում են որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար, և երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները, հաղորդուղիները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա, և այս երրորդ սկզբունքը մենք արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մեջ, որը թշնամանքի հաղթահարման շատ կարևոր գործիք է նախորդ երկու սկզբունքների հետ համադրությամբ»,- եզրափակել է վարչապետը։