Քաղաքական

«Պայմանավորվածություն է, որը երկու կողմի համար դիտարկվում է արդյունավետ լուծում». Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին. «Այն, որ մենք հնարավորություն ենք ունենալու ունենալ դե յուրե հաստատված սահմանի որոշակի հատված, լուրջ հիմք է՝ աշխատանքային հետագա իրավական գործընթացները ծավալելու համար»։ Ըստ Վարդանյանի՝ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ գոհունակություն են հայտնել բոլոր դերակատարները, որոնք ներգրավված են եղել գործընթացում. «Ցանկացած դեպքում պայմանավորվածություն է, որը երկու կողմի համար դիտարկվում է որպես արդյունավետ լուծում»։ 

Վարդանյանը հարցին՝ գուցե ճիշտ կլիներ սահմանազատումը սկսել Ջերմուկից ադրբեջանական ԶՈւ հեռանալուց հետո, պատասխանել է. «Շատ բաներ շատ ճիշտ կլինեին, եթե, օրինակ, այս կամ այն դրվագը լիներ։ Բայց իրական քաղաքականությունը կառուցվում է նրա վրա, որ փորձ է արվում հնարավորինս գտնել հատվածները, որտեղ հնարավոր է գալ կոնսենսուսի։ Ի վերջո, փոքր քայլերով փոխադարձ վստահությունը ավելի կարևոր է, քան էպոխալ լուծումները»։ 

Նա չի բացառել, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում սահմանների կայունություն և սահմանային անվտանգության մակարդակի բարձրացում. «Պետք է անենք ամեն ինչ, որ ունենանք հնարավորինս հստակ, իրավականորեն ընդունելի սահմանագծված սահման բոլոր հարևանների հետ, որ հիմնված է լինելու Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։