Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Վարդանյանի տելեգրամյան ալիքում հրապարակվել է տեղեկությունը, ըստ որի՝ նա հացադուլը սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։

Հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը. «Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս»,- ասված է հրապարակման մեջ:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նաև պահանջում է՝ 

Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։

Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:

Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը: