Քաղաքական

Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող բրուսելյան հանդիպման մասին փաստաթղթի մասին տարածվող կեղծ տեղեկություններին.

Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին:

Պատասխան. «Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:

Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:

Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին: