Քաղաքական

«Տարածքների պատկանել-չպատկանելու հարցի պատասխանը տալու է սահմանազատող հանձնաժողովը». Ղալումյան

«Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է իրականացվի Տավուշում». լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

Հարցին՝ ո՞ր տարածքներն են, որ կարող են հայտնվել Ադրբեջանի տարածքում, Ղալումյանն ասել է, թե Հայաստանից նման գյուղեր չկան, ապա ընդգծեց, որ շատ նուրբ ու զգայուն խնդիր է։

Ղալումյանի խոսքով՝ տարածքների պատկանել-չպատկանելու հարցի պատասխանը տալու է սահմանազատող հանձնաժողովը։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի 29․800 կմ2 տարածքի մասին խոսք չկա։ Իսկ հարցին, թե այդ տարածքները Հայաստանի՞ տիրապետության տակ են, Ղալումյանն ասաց, որ տիրապետության տակ գտնվելը բացարձակ նշանակություն չունի, կա միջազգային իրավունք․ «Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հայկական հողեր կան Տավուշի մարզից։ Նշված գյուղերը փաստացի ադրբեջանաբնակ են եղել, իսկ այն 31 գյուղերը, որոնց մասին Փաշինյանն է խոսում, հանդամասեր են, խոտհարքներ, վարելահողեր»։

Նա նաև նշել է, թե «Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք 1990-ականներին անցել են ՀՀ-ի վերահսկողության տակ, բայց այնտեղ հայեր չեն ապրում։ Համոզված չեմ, որ այնտեղ տուն կա, եթե լինեն էլ, պետության կողմից լուծում կստանան։ Այս ամենը խաղաղության գործընթացի մի մասն է, պետք է գնալ լուծումների ու այդ հարցը մեկընդմիշտ լուծել»։

Ըստ պատգամավորի, այս հարցը միշտ է եղել օրակարգում. «Տավուշի գյուղերի հարցը եղել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որը հետո ՀՀ իշխանության ջանքով հանվել է ու դարձել հետագա քննարկման առարկա։ Սրա մասին միշտ են խոսացել»։

Պատգամավորը նաև հավելել է. «2000թ. ես աշխատել եմ Տավուշի մարզի ամենախոշոր ձեռնարկությունում՝ «Իջևան» ճանշինում, և 2020թ. սկսած մենք Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը 3-4 անգամ փոփոխություն ենք արել Ադրբեջանի պահանջով։ Եւ Վարդան Օսկանյանի ասածը չի կարող իրականությանը համապատասխանել։ Եթե պետք լինի՝ տարիներով, ամսաթվերով կասեմ՝ որտեղի հատվածի ճանապարհը ոնց ենք փոխել, ինչու և ում պահանջով»։