Քաղաքական

Քիշնևում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի. չկա համաձայնեցված նախագիծ. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում որոշ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բրյուսելյան բանակցություններից։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29.8 հազար և 86.6 հազար կմ2 տարածքները․ «Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ։ Այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն՝ արդյո՞ք դա նշանակում է հրաժարում բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ասել է նա, ապա, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել, թե միջազգային գործընկերներից պետք է այս ուղղությամբ պարզաբանումներ ստանալ. «Եթե նշանակում է հրաժարում (իսկ տեքստը որ հնչել է, շատ մոտ է դրան), ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ՝ պետք է այստեղ լրացուցիչ ճշգրտումներ անել, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք»։

Ըստ վարչապետի՝ առաջիկայում Մոլդովայում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում, որին մասնակցելու են ինքը, Ադրբեջանի նախագահը, ԵՄ նախագահը, Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը. «Քննարկում կար, թե հնարավոր է հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ես ասեմ, որ դեռ չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ մեր փոխանցած առաջարկների վերաբերյալ։ Սա խաղաղության պայմանագրի չորրորդ խմբագրումն է, մենք մեր խմբագրումը փոխանցել ենք ադրբեջանական կողմին և դեռևս դրա մեկնաբանությունները չենք ստացել։ Հետևաբար, այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որ հնարավոր լիներ ստորագրել»։