Քաղաքական

Սեյրան Օհանյանը՝ ԱԺ պատգամավորների միջև ծեծկռտուքի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իրենց խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

«Այսօր պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել մեր և ՔՊ-ական պատգամավորների միջև։ Դրանից հետո իրավիճակը հանդարտվել էր։ Ոստիկանությունը եկավ իմ սենյակ՝ ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել և իրավական ընթացք տալ այդ գործընթացին։ Այնինչ, այդ որոշումը պետք է երկուստեք լինի, որովհետև, իմ իմանալով, միջադեպը հրահրել է Վլադիմիր Վարդանյանը։ Չէր կարող Մհեր Սահակյանը հենց այնպես վեր կենալ, կոնֆլիկտ հրահրել ու հարվածել»,- ասաց Օհանյանը։ 

Նրա խոսքով՝ ոստիկանների հետ պայմանավորվել են, Մհեր Սահակյանին հրավիրել են ոստիկանության Արաբկիրի բաժին. «Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը և, կարելի է ասել, իր գործողություններով այս ներքին խառնաշփոթն ինքը կազմակերպեց։ Ես դեպքի պահին այստեղ չեմ եղել, բայց երբ եկա, աշխատակազմի ղեկավարը մեր քարտուղարի՝ Արծվիկ Մինասյանի հետ զրուցում էինք, հանգստացրեցի, հարթեցինք, իսկ իրավական գործընթացը կարող էր հանգիստ տեղի ունենալ։ Բայց Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով՝ ոստիկանության ներկայացուցիչները, ոստիկանապետի տեղակալը սկսեցին Մհեր Սահակյանին հրմշտել, ինչի իրավունքը չունեին, ու մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում ու միջանցքում, ինչն անընդունելի է»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։ Ըստ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Միջադեպից հետո Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց