Քաղաքական

«Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացված է այն, թե ոչ». Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՀԱՊԿ մեր գործընկերներն արձանագրել են, որ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար մենք շնորհակալ ենք». ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

Նրա խոսքով՝ Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է՝ ՀԱՊԿ-ն ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում արձագանքման կանոնակարգ, նաև սահմանված է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին. «ՀԱՊԿ-ից խնդրել ենք կարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։ Մյուս կողմից, ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում՝ ՀՀ և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն։ Այսինքն, իրենք ասել են՝ «մեր պատկերացմամբ ՀՀ քարտեզը սա է», կամ մենք ենք ասել, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն և հաստատել են, և գալիս են ա՛յդ տարածքը մոնիտորինգ անելու, դիտելու։ Առանց այդ առաքելության և տարածքի մասին պատկերացման՝ դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ»։ 

Ըստ Փաշինյանի՝ եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ-ն ու նրա տարածքը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացված է այդ տարածքը, թե ոչ։ Ըստ նրա՝ Ադրբեջանը արևմուտքում ՀՀ-ին փորձել է ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում՝ որպես արևմտյան դավադրության մասնակից։

Փաշինյանը վստահեցրել է, որ ԵՄ դիտորդների այցի հետ կապված չկա աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ. «Կա կոնկրետ օրակարգ, կա կոնկրետ հարց, որ փորձում ենք լուծել»։