Քաղաքական

«Հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում ետընթացն անընդունելի է». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության՝ վերջերս հրապարակած ցուցանիշներով, համաձայն որոնց՝ ՀՀ-ն որոշակի ետընթաց է գրանցել։

Փաշինյանը պնդել է, որ իրենք նպատակադրված են բոլոր վարկանիշային աղյուսակներում առաջընթաց ունենալ. «Եթե մենք ունենք ետընթաց, նշանակում է՝ ինչ-որ մի բան այնպես չի։ Ես այդ թեմայով մի քանի քննարկում ունեցել եմ, վաղը կառավարության նիստում էլ եմ նախատեսում քննարկում ունենալ, նաև՝ այս շաբաթ հակակոռուպցիոն խորհրդի արտագնա նիստ ենք անելու։ Արտագնա, որպեսզի երկար ու մանրամասն խոսելու հնարավորություն ունենանք, և այն փաստը, որ մենք հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր ետընթաց ենք արձանագրում, բացարձակապես անընդունելի է»։

Փաշինյանը նշել է՝ հակված չեն մտածելու, թե միջազգային այդ կառույցներում ինչ-որ բան սխալ են հաշվել. «Ոչ, մե՛նք չենք ինչ-որ բան այնպես արել»։ Վարչապետի խոսքով՝ թեև ասվում է, որ հաղթահարվել է համակարգային կոռուպցիան, սակայն ամեն շաբաթ կոռուպցիոն բացահայտման դեպք է լինում, և մարդիկ են ձերբակալվում. «Մենք պետք է վերահաստատենք հակակոռուպցիոն քաղաքականության մեր վճռականությունը և մեր հաստատակամությունը, որ այդտեղ կոմպրոմիս չի կարող լինել»։

Վարչապետը նաև շեշտեց. «Ես համարում եմ շատ մեծ ձախողում հակակոռուպցիոն ռեյտինգում մեր ետընթացը, ահավոր մեծ ձախողում, անձնապես շատ ծանր եմ տանում, որ նման բան է տեղի ունեցել։ Բայց մյուս կողմից սա առիթ է, որ ավելի խստացնենք հակակոռուպցիոն մեր քաղաքականությունն ու գործիքները»։