Քաղաքական

Հայաստանն Արցախի իշխանություններին մղում է բանակցելու Ադրբեջանի հետ, ինչը խիստ վտանգավոր է. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը քննադատել է Լաչինի միջանցքի հարցում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։

Ըստ նրա՝ անցած 50 օրերի ընթացքում ամենամեծ վտանգավորությունը իշխանության այն թեզն էր, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահներն են. «Գործողությունները Լաչինի միջանցքի մասով, որ իշխանությունը նախաձեռնում է, խիստ թերի է։ Իշխանությունը չի օգտագործում այն ամբողջ գործիքակազմը, որն ունի, և այն թեզը, որ շրջանառում է իշխանությունը, թե իրենք Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը։ Դա ենթադրում է, որ մղում են Արցախի իշխանություններին` իրենք բանակցեն Ադրբեջանի հետ։ Այս առումով իրոք իշխանությունների գործողությունները խիստ վտանգավոր են»։ 

Ըստ Մանուկյանի՝ հանրային ճնշումն իշխանություններին ստիպում է առնվազն հանրության անհանգստությունը թոթափող քայլեր ձեռնարկել, որոնցից մեկն ըստ նրա` երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցն է ՌԴ նախագահի հետ։