Քաղաքական

Ադրբեջանը լրացրել է Հայաստանի դեմ ՄԻԵԴ բողոքը. նոր դիմում չկա

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` ընդդեմ Հայաստանի։ Այդ մասին հայտնել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը։

Ըստ տեղատվության՝ հայցում նշվում է, որ պաշտոնական Երևանը պատասխանատվություն է կրում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում և հարակից հայկական գյուղերում «ադրբեջանցիներին պատկանող հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար»։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ սա Ադրբեջանի նախկինում ուղարկված գանգատն է Հայաստանի դեմ։

«Պարզապես Ադրբեջանը հիմա լրացված ուղարկել է։ Դատարանը մեզ նույնիսկ չի էլ կոմունիկացրել։ Դատարանը մեզ ասել էր, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել։ Իսկ Ադրբեջանին ժամանակ էր տվել ամբողջացնելու դիմումը»,- ասաց Սամվելյանը նշելով, որ Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը պարզապես նախկին դիմումի ամբողջացված տարբերակն է և որևէ նոր բան չկա։