Քաղաքական

Կգնան հակակշիռ երաշխավորման և միջնորդավորման դիվանագիտական գործողություններ

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է։

-Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումից հետո ի՞նչ տպավորություն ունեք։ Տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու նախադրյալներ տեսնու՞մ եք։

-Կարծում եմ՝ վաղ է խոսել տարածաշրջանի խաղաղության մասին։ Քառակողմ հանդիպումը  գլոբալ առումով պիտի դիտարկել ռուսական ազդեցության հակակշռման կոնտեքստում։ Իսկ զուտ գործընթացի առումով երկու կետ կա, որ հավելյալ հստակեցման կարիք ունի։ Երբ ասվում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, անորոշ է մնում Արցախի պատկանելության կամ, ընդհանրապես, կարգավիճակի հարցը։ Ըստ էության, սա Ադրբեջանի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին կետն է՝ առանց հայկական կողմի լրացման։ Երկրորդ, հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի հռչակագրի հղումների՝ պարզ չէ, թե որ քարտեզի հիման վրա տեղի կունենա սահմանազատման-սահմանագծման գործընթացը։

-Հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն արեցին՝ խոսելով սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների մասին, և որ դրանց հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում՝ մինչև հոկտեմբերի վերջ: Ինչպե՞ս հասկանալ սա։ Արդյո՞ք սահմանազատման հարցերում Արևմուտքը վերցնում է ՌԴ հանձնառությունը։

-Սահմանազատման մասով ժամկետներ են նշվել թե՛ հանձնաժողովների հանդիպման, թե՛ եվրոպական քաղաքացիական առաքելության աշխատանքի մեկնարկման առումներով։ Քաղաքացիական առաքելության գործառույթները չեն մանրամասնվել. գործունեության ժամկետ է նշվել երկու ամիսը։ Եվրոպան միջնորդելուց հետո գործնական գործողությունների տեսքով, քայլ առ քայլ փորձում է մտնել տարածաշրջան։ Գործընթացները պետք է ընկալել ռուսական տիրույթի ներթափանցման մղումներով և թուրք-ռուսական համաձայնություններին առընթեր երաշխավորման այլ հարթակներ ձևավորելու քաղաքականությամբ։

-Նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել, թե ՌԴ-ն համապարփակ առաջարկներ է փոխանցել կողմերին։ Նաև նշել էր, թե իրենք չեն զբաղվում հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա։ Սա ինչպե՞ս հասկանալ։

-Զախարովայի հայտարարությունը համահունչ է Պուտինի ելույթին, որտեղ պարզ նշվեց, որ հայ-ադրբեջանական բախումների կանգնեցման բանալին սահմանազատումն ու սահմանագծումն է ռուսական երաշխավորությամբ։ Դա նշանակում է, որ հանգուցալուծման բանալին բացառապես Մոսկվայի մոտ է։ Ինչ-որ այլ ձևակերպումով է ասում Զախարովան։

-Արդյո՞ք ՌԴ-ն կփորձի ուղղակի ու անուղղակի խանգարել եվրոպական այս նախաձեռնությանը։

-Կարծում եմ՝ կգնան հակակշիռ երաշխավորման և միջնորդավորման դիվանագիտական գործողություններ։ Վաշինգտոնը կքաջալերի ԵՄ-ին՝ ակտիվ միջնորդելու, հանդիպումներ կազմակերպելու, մշտադիտարկումների գործիքակազմեր տեղադրելու, խաղաղապահ առաքելության նոր բաղադրություններ արծարծելու հարցերում։ Մոսկվան կաշխատի Անկարայի հետ համաձայնեցնել իր միջնորդական դերակատարությունը և անընդհատ հղում անել եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Չմոռանանք, որ ռուսական ճարտարապետությամբ կայացած հրադադարի հայտարարությունում ՌԴ-ին են վերապահվել վերահսկողության գործառույթները՝ տարածաշրջանի ապաշրջափակման հաղորդակցուղիների բացումով։

Հայկ Մագոյան