Քաղաքական

«Մեզ սպասվում են ծանր, ցավոտ լուծումներ»․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսեց այն մասին, թե ինչպես կայացավ Գարեգին Երկրորդի հետ 5 նախահագների հանդիպումն ու ինչ քննարկվեց։ Նրա խոսքով՝ իրենց անհանգստացրել էր երկրի ծանր վիճակը։

«Սեպտեմբերի 18-ին Վեհափառ հայրապետն այցելեց ինձ։ Խոսեցինք այս վիճակի և ելքեր փնտրելու մասին։ Որոշեցինք կազմակերպել նման մի հանդիպում։ Հետագայում կհրավիրենք նաև Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջինին»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Նա նշեց, որ նախապես հայտարարություն էր պատրաստել, որը պետք է տարածվեր հանդիպումից հետո, սակայն հայտարարությունն այդպես էլ չի հրապարակվել, քանի որ հանդիպման մասնակցները համաձայնության չեն եկել:

«Հայտարարությամբ առաջարկել էի հետևյալը․ «հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրներն ու դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցներն օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության կայացումը»:

ՀՀ առաջին նախագահն ընդգծեց, որ գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, որը պահանջում է իշխանության ու ընդդիմության միջև երկխոսություն և համատեղ որոշման կայացում և որ նախկին հակասությունները հիմա տեղին չեն։   

«Հիմա համախմբվելու պահն է։ Մեզ սպասվում են ծանր, ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում երկու հարևանների հետ, մենք այլևս 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել։ Նորից պիտի քարը քարին դնենք, պետություն կառուցենք»,- ասաց Տեր-Պետրոսյանը։ 

Նրա խոսքով՝ ինֆորմացիա չկա, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, և որ այդ ինֆորմացիային տիրապետում է միայն մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանից կարողանան ազատվել, կկարողանանք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից։ Սա միամտություն է, ով էլ գա, գուցե ավելի վատ փաստաթուղթ ստորագրի։ Ոչ մեկ չի տիրապետում այն ինֆորմացիային, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես էլ չգիտեմ։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ բոլոր վատ լուծումներից գտնել պակաս ցավալին, իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Տեր-Պետրոսյանը։ 

Նա շեշտեց, որ աշխարհում չկան հարևան պետություններ, որոնք հաշտության պայմանագրեր չունեն։ 

«Մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել, այո՛, Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել»,- ասաց նա։

Տեր-Պետրոսյանը շեշտեց՝ այսօր դեռ կարելի է գտնել քիչ թե շատ տանելի լուծում, բայց եթե շարունակվեն ներքին խռովությունները, սրանով ավելի կբարդացնենք վիճակը, կթուլանանք, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները կմեծանան, կես տարի հետո երկիր չենք ունենա։ 

«Հիմա իրավիճակն ավելի վտանգավոր է։ Ռուսաստանն այստեղ դեր ուներ և միշտ կատարել է իր դերը։ Հիմա Արցախն այնպիսի վիճակում է, որտեղ Հայաստանը որևէ խոսք չունի։ Արցախի հարցի լուծման բանալին մինչև այս պատերազմը Ռուսաստանին ձեռքում էր, հիմա այդ բանալին կորցրել է»,- ասաց նա։

Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Միացյալ Նահանգների՝ Հայաստանում ակտիվացմանը, նշեց, որ ԱՄՆ-ն ունի կարողություն ավելի չբարդացնելու մեր վիճակը, ՌԴ-ի մոտ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով այդ կարողությունները նվազել են։ Նա հավելեց, որ այժմ հազարապատիկ լրջանալու պահ է։