Քաղաքական

Հայաստանում քանի՞ կուսակցություն է ստեղծվել հեղափոխությունից հետո

Հայաստանում կա պետական գրանցում ստացած 117 կուսակցություն. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարությունից։

Ուշագրավ է փաստը, որ նրանցից 42-ը ստեղծվել կամ պետական գրանցում են ձեռք բերել 2018 թվականի հեղափոխությունից հետո։

Նորաստեղծ կուսակցությունների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դրանց մի մասը ստեղծվել է 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Նորաստեղծ կուսակցություների մի մասն էլ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով է ստեղծվել. դա «մատնում է» նրանց անունը: Այդպիսի կուսակցություններից են օրինակ՝ 2021թ. ստեղծված «Իմ հզոր համայնք»,  «Նոր Վանաձոր» կուսակցությունները։

Իրենց հետաքրքիր անվանումներով աչքի են ընկնում «Ամբերդ» ազգայնական, «Իմ պայքար, իմ հայրենիք», «Իրական ժողովրդավարական», «Համահայկական ազգային պետականություն», «Հայ կառուցողական» և այլ կուսակցություններ։ Իսկ պետական գրանցում ստացած վերջին կուսակցությունը փետրվարի 22-ին ստեղծված «Բարոյական արժեքներ»-ն է։

Հիշեցնենք՝ նորանկախ Հայաստանում 1991 թվականին պետական գրանցում ուներ 11 կուսակցություն։


Հայկ Մագոյան