Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվում Արցախ

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին։

Նա տեղեկացրել է. «Ես դժվար որոշում եմ ընդունել։ Որոշել եմ գալ Արցախ, ոչ թե պարզապես գալ, այլ՝ Արցախ տեղափոխվելու որոշում եմ կայացրել։ Ցավոք, վերջին երկու տարվա իրադարձությունները հանգեցրել են նրան, որ շատերը հայտնվել են ապատիայի մեջ, ունեն զգացողություն, որ լքված են, որ իրենք ոչ մեկին պետք չեն։ Ես դա անընդունելի եմ համարում։ Ես կարծում եմ, որ 2020թ. պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք լինել արցախցիների հետ։

Ուզում եմ դիմել Ռուսաստանին։ Շնորհակալ եմ ձեզ, քանի որ Ռուսաստանում եմ հասել իմ հաջողություններին, կայացել եմ որպես գործարար, որպես մարդ, որպես պրոֆեսիոնալ։ Բայց ես որոշում եմ կայացրել հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և որպես ՀՀ քաղաքացի տեղափոխվել Արցախ։

Ես երախտապարտ եմ, որ Ռուսաստանն այսօր ներկա է Արցախում, խաղաղապահ զորքերը կանգնած են և պաշտպանում են Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի և Հադրութ, քանի որ դրանց կարգավիճակը որոշված չէ։ Երկու շաբաթ առաջ ես հայտարարեցի Արցախի անվտանգության և տնտեսական զարգացման ճակատի ստեղծման մասին։ Արցախում ապրող մարդիկ, մարդիկ, որոնք ինձ հետ կտեղափոխվեն Արցախ, մենք հարկավոր ենք Արցախին»։