Քաղաքական

Հայաստանում 117 կուսակցութուն է գրանցված

Հայաստանում կա գրանցված 117 կուսակցություն։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից։

Հայաստանում վերջին անգամ կուսակցություն գրանցվել է այս տարվա փետրվարին՝ «Բարոյական արժեքներ» անվամբ։ Ամենաշատ թվով կուսակցություններ ՀՀ-ում գրանցվել են 2021թ։ Իսկ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո մինչ այս պահը պետական գրանցում են ստացել թվով 43 կուսակցություն։

Համեմատության համար նշենք, որ նորանկախ Հայաստանում, երբ վերջ դրվեց կոմունիստական միակուսակցականությանը, 1991թ. միայն ՀՀ-ում գրանցված էր շուրջ 20 կուսակցություն։ 

Ըստ կուսակցությունների մասին ՀՀ օրենքի՝ պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ։ Եթե հաշվի առնենք, որ այս պահին Հայաստանում գրանցված է 117 կուսակցություն, իսկ կուսակցության կազմում պետք է լինեն առնվազն 800 հոգի, ստացվում է, որ Հայաստանում նվազագույնը կա շուրջ 94 հզ կուսակցական։ Իրականում, իհարկե, նրանց թիվը շատ ավելի մեծ է, քանի որ Հայաստանում մի շարք կուսակցությունների անդամների թիվն անցնում է 10 հազարը, գոնե՝ ըստ փաստաթղթերի։