Վերլուծություն

Գռեհիկ շոու՝ ձևով ու բովանդակությամբ

Խորհրդարանական ընդդիմադիրների՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ապա՝ նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ ներխուժումը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից՝ գերազանցապես արժանանալով հանրային պարսավանքի: Կատարվածը քննադատեցին նաև մարդիկ, որոնց ոչ մի դեպքում դեպքում այս իշխանության կողմնակիցը չես համարի։ Իսկ քննադատեցին, որովհետև կատարվածը տգեղ էր, գռեհիկ՝ իր ձևի ու բովանդակության մեջ։ 

Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմադիրները, մեղմ ասած, թյուր պատկերացում ունեն պատգամավորի կարգավիճակի և լիազորությունների, ըստ այդմ՝ դրանից բխող պատգամավորական անձեռնմխելիության մասին։

Ընդդիմադիր երեք պատգամավորուհիները կառավարական երրորդ մասնաշենք ներխուժեցին՝ բառի բուն իմաստով սողոսկելով արգելապատնեշի տակից։ Բայց երբ ոստիկանը փորձեց կանգնեցնել նրանց, միանգամից հիշեցին՝ իրենք պատգամավոր են, անձեռնմխելի ու ազատ ելումուտի իրավունք ունեն:

Այս առումով, մեղմ ասած, անհասկանալի է՝ ինչո՞ւ պատգամավորուհիները կառավարական մասնաշենք չմտան սովորական մուտքով, այլ՝ ներխուժեցին արգելապատնեշի տակից սողոսկելով:

Պատգամավորի ու պատգամավորական մանդատի արժեքը գիտակցող մարդը հազիվ թե այդկերպ վարվեր, ու չօգտվեր իր կարգավիճակի ընձեռած հնարավորություններից:

Ընդհակառակը, պատգամավորը կփորձեր մտնել սովորական ճանապարհով, արգելքի հանդիպելու դեպքում արդեն ոստիկանին կբացատրեր իր իրավունքների մասին, նախարարին կարող էր զանգահարել ու հանդիպում պահանջել, այսինքն, կփորձեր ամեն գնով իրացնել իր լիազորությունները:

Բայց տիտղոսային ընդդիմության դեպքում այլ է. նրանք մի կողմից պահանջում են հարգանք ցուցաբերել պատգամավորի կարգավիճակի նկատմամբ, մյուս կողմից՝ իրենք են առաջինն արժեզրկում ու ոտնահարում այդ ինստիտուտը: Ինչո՞ւ: Կարելի է միայն կռահել. պատգամավորական մանդատը նրանց համար անձեռնմխելիության անվան տակ պատասխանատվությունից խուսափելու միջոց է, ուրիշ՝ ոչինչ: 

Այլապես անհասկանալի է նաև, թե ինչու էին նրանք ներխուժել կառավարական երրորդ մասնաշենք՝ այն դեպքում, երբ պարզապես կարելի էր պայմանավորվել հանդիպման մասին: ճիշտ այնպես, ինչպես վերջերս «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն էր հանդիպել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հազիվ թե Ավանեսյանը կամ մեկ այլ նախարար մերժեր հանդիպման առաջարկը: 

Իսկ եթե մերժեին, ապա ընդդիմադիր պատգամավորուհիները կառավարության անդամներին կարող էին «բռնացնել» հենց ԱԺ-ում՝ հարցուպատասխանի ժամանակ, և այդ դեպքում արդեն որևէ մեկը չէր մեղադրի նրանց:

Բայց պատգամավորուհիներին ոչ թե այդ հանդիպումն էր անհրաժեշտ, այլ՝ շոուն, ընդ որում՝ բավական վատ բեմադրված. անհրաժեշտ էր ներխուժել աշխատասենյակ ու ձեռքերը թափահարելով գոռգոռալ, ուրիշ ոչինչ:

Էլ չենք խոսում զոհվածների աճյունների նկարները հատակին շպրտելն ու հեռանալը: Հազիվ թե պատերազմում նահատակվածների, նրանց հիշատակի նկատմամբ հարգանք տածող որևէ անձնավորություն իրեն նման բան թույլ տար: Բայց այսօրվա խորհրդարանական ընդդիմության համար և պատերազմը, և զոհերը, և վիրավորները պարզապես թեմա են՝ դիվիդենտներ շահելու համար: 

Ի դեպ, ԱԺ կանոնակարգը պատգամավորի պարտականությունների թվում նշում է նաև էթիկայի կանոնները պահպանելու մասին: Իսկ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների օրենքում մանրամասնված է, թե որոնք են պատգամավորի էթիկայի կանոնները: Թվենք դրանցից մի քանիսը. «հարգել  օրենքը և ենթարկվել  օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն՝ ի շահ իրեն կամ այլ անձի, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև՝ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է՝ իր լիազորություններն իրականացնելիս»:

Նկատեցի՞ք՝ օրենքի միանգամից քանի դրույթ խախտեցին ընդդիմադիր պատգամավորուհիները: