Քաղաքական

«Բախման միակ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է». քաղաքագետ

Հունիսի 3-ի երեկոյան «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ էին տեղափոխվել մի քանի տասնյակ ոստիկաններ և քաղաքացիական անձինք։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ այդ ամենի մեկ շահառու կա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Radar Armenia-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց. «Նա դրանով ցանկանում է արդարացնել 2004-ի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայի և 2008-ի մարտի 1-ի բախումները, որ փորձի զուգահեռներ անցկացնել ու ասել՝ եթե հիմա ճիշտ են, այն ժամանակ էլ են ճիշտ եղել, եթե հիմա սխալ են, այն ժամանակ էլ են սխալ եղել։ Քննությունը կպարզի՝ ով էր մեղավոր այս բախման համար, ով՝ ոչ։ Եթե անզեն աչքով դիտարկելու լինենք, կարող եմ ասել մի «բանալի», որով մարդիկ երբեք չեն շփոթվի՝ ով էր մեղավոր. եթե 2004-ին տեղի է ունեցել բախում ոստիկանության և ցուցարարների միջև, միանշանակ մեղավոր են ոստիկանները, եթե 2022-ի հունիսի 3-ին բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, միանշանակ մեղավոր են ցուցարարները։ Որովհետև պետք է նայել, թե կողմերից որ մեկում է կանգնած Ռոբերտ Քոչարյանը։ Նախորդ անգամ բախումը հրահրել էր ինքը։ Դա ամենապարզ ձևն է՝ պարզելու համար, թե ինչ է կատարվել, մնացածը կպարզի քննությունը»։

Անդրադառնալով այն կարծիքներին, թե շարժումը հիմնականում ՀՅԴ-ն է առաջնորդում, քաղաքագետը նշեց, որ եթե անգամ խոսվում է այն մասին, թե Դաշնակցությունն է առաջնորդում շարժումը, պետք է հիշել, որ վերջինիս թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։ «Չպետք է ընկնել թյուրիմացության մեջ, թե ով է, ի վերջո, լիդերը։ Ընտրություններին պարտվել են, փողոցային պայքարի ընթացքում էլ հանրային աջակցություն չեն ստացել, որ իշխանափոխություն անեն, իսկ իշխանությունը բռնի ուժով միակ հեռացնել ձգտողը Ռոբերտ Քոչարյանն է։ Իրենք ակնկալում էին ՌԴ-ից ստանալ լրացուցիչ աջակցություն, ինչը չի ստացվելու»։

Անտինյանի կարծիքով՝ ընդդիմության թևերի՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, ըստ այդմ՝ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև կարող են տարաձայնություններ լինել. «Թևերից յուրաքանչյուրին թվում է, թե ինքն ամենահաջողակն է և կկարողանա ողջ շարժումը կապիտալիզացնել և դառնալ վարչապետի թեկնածու։ Հիմա էլ կարևոր խնդիր ունեն՝ խորհրդարանից փողոց են դուրս եկել, և եթե ԱԺ չվերադառնան, կկորցնեն մանդատները։ Իշխանությունն էլ վճռականորեն ասել է, որ հետամուտ է լինելու, որ նիստերից անհարգելի բացակայածները զրկվեն մանդատներից»։