Հասարակություն

Պատերազմից առաջ ԱՀ նախագահի գույքի օտարում չի եղել

Ըստ Արցախի դատախազության՝ 44-օրյա պատերազմից հետո հնչեցին մի շարք հայտարարություններ այն մասին, որ նախքան պատերազմը ԱՀ նախագահը օտարել էր Հադրութի շրջանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ համայնքներում ունեցած վարելահողերը և այգիները:

Նման բովանդակությամբ հաղորդում էր ներկայացվել նաև ԱՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պահանջվել ու տեղեկություններ են ստացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից ու ԱՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրից:

ԱՀ դատախազության փոխանցմամբ, ստացված տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ և ավելի վաղ ԱՀ նախագահին և նրա ընտանիքի անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող գույքի, այդ թվում բաժնետոմսերի օտարում, այլ անձի տեղի չէր ունեցել. «Գույքի միջնորդավորված օտարման հնարավոր դեպքերը վերհանելու համար ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից օպերատիվ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին, սակայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույնպես նման դեպքեր չեն հայտնաբերվել»: