Թուրքիան այս տարի նշում է հանրապետության հարյուրամյակը։ Այդ հարյուր տարուց քսանում այս կամ այն ֆորմատով իշխում է Թուրքիայի անփոփոխ առաջնորդը՝ վարչապետ, ապա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջերս անցկացված նախագահական ընտրություններում Էրդողանը վերահաստատեց իր մանդատը՝ հաղթելով ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուին։ Խորհրդարանը նույնպես անցավ Էրդողանի վերահսկողության ներքո։
52-48% հարաբերակցությամբ վերընտրությունը Էրդողանի համար կարող է ազդակ հանդիսանալ՝ պահպանելու այն երեք հիմնասյուները, որոնք հիմք են հանդիսացել Թուրքիայի վերջին տարվա արտաքին քաղաքական գերակայությունների՝ կոշտ ուժի և հարմարվողական դիվանագիտության խառնուրդի համար։
Թուրքիա և ՆԱՏՕ
Ըստ ամենայնի՝ ՆԱՏՕ-ն կշարունակի մնալ Թուրքիայի անվտանգության հիմնաքարը՝ հաշվի առնելով նաև Էրդողանի վերընտրությանը հետևած Էրդողան-Բայդեն հեռախոսազրույցն ու F-16 կործանիչներ գնելու՝ Թուրքիայի պատրաստակամության վերահաստատումը։ Պաշտպանական համագործակցության և Քրդստանի աշխատավորական կուսակցություն (ՔԱԿ) ահաբեկչական խմբավորման դեմ զիջումներ կորզելուց հետո Թուրքիայի խորհրդարանը մարտին հավանություն տվեց Ֆինլանդիայի անդամակցությանը։ Դրան զուգահեռ, Շվեդիայի հակաահաբեկչական նոր օրենսդրությունը լիովին ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս, որն ավելի կմեծացնի Շվեդիայի անդամակցության հեռանկարները և Թուրքիայի բարյացակամ դիրքորոշման հաստատումը: Անկարան կողմ է նաև Ուկրաինայի և Վրաստանի՝ դաշինքին միանալուն:
Էրդողանը, միաժամանակ, ստիպված է աշխատել սիրիական, լիբիական, կովկասյան ճակատներում՝ «զսպման» և «բանակցման» քայլերով խաղալով Մոսկվայի, Թեհրանի, Դամասկոսի և այլ տարածաշրջանային տերությունների հետ՝ առանց Արևմուտքից զգալի օգնություն ակնկալելու։ Դրան էլ զուգահեռվում է Միջերկրական և Էգեյան ծովերի տարածաշրջանը, որտեղ Թուրքիայի մրցակիցներն են Հունաստանն ու Կիպրոսը: Այդ տարածաշրջանում, հաշվի առնելով նաև ՆԱՏՕ-Հունաստան և Հունաստան-ԱՄՆ դաշինքները, Էրդողանը «բաց կլինի» հնարավոր «գործարքների» համար։
Սիրիական ժառանգություն
Էրդողանի համար Սիրիան առանձնանում է որպես նրա նեոկայսերական մղումների «ժառանգություն»։ Էրդողանի նվազագույն պլանը կլինի դուրս բերել ՔԱԿ-ի հետ կապված զինված ստորաբաժանումները Թուրքիայի սահմանից՝ միաժամանակ նպաստելով սիրիացի փախստականների զգալի թվի անվտանգ վերադարձին իրենց հայրենիք: Իսկ թե դիվանագիտական նրբությունների ու ռազմական սպառնալիքների ինչ խառնուրդ է ստիպում Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին՝ երաշխիքներ տրամադրել փախստականների պաշտպանության և սահմանների անվտանգության վերաբերյալ, դեռ պետք է պարզվի: Սիրիացի փախստականները և թուրք ազգայնականները պաշտպանել են Էրդողանին վերջին ընտրություններում, և Էրդողանը պարտավորություն է զգում երկուսի հանդեպ էլ, ինչը նա կձգտի կատարել՝ վերջ տալով սահմանամերձ շրջաններում ՔԱԿ-ի վերահսկողությանը և Ասադին ետ պահելով սիրիական ընդդիմությանը ոչնչացնելու կամ փախստականներին ճնշելու ծրագրերից։
Էրդողանն իր վերընտրության քարոզարշավից դուրս է գալիս բավականին ուժեղ հանրային մանդատով, արտաքին քաղաքականության փորձառու թիմով, իր պահպանողական-ազգայնական մոտեցման վերահաստատմամբ և ռիսկի դիմելու՝ որոշակի քաղաքական պաշարով։
Ռուս-ուկրաինական թնջուկ
Էրդողանի հաղթանակը նշանակում է քաղաքական ուղեգծի «շարունակություն»՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հարաբերություններում: ՌԴ՝ Ուկրաինա ներխուժման հարցում Թուրքիայի երկիմաստ դիրքորոշումը (առաջինի հետ առևտուրը և տնտեսական համագործակցության զարգացումը՝ միաժամանակ աջակցելով վերջինիս ինքնապաշտպանությանը), հավանաբար, կմնա անփոփոխ: Կարելի է ենթադրել, որ նոր, շատ ավելի ազգայնական խորհրդարանի դեպքում Ղրիմի թաթարների և Ուկրաինայում ռուսական օկուպացիոն իշխանությունների կողմից խտրականության ենթարկված և հալածվող թյուրքական այլ համայնքների հարցը հետագայում ավելի մեծ դեր կունենա Թուրքիայի ներքաղաքական բանավեճերում: Այնուամենայնիվ, դա քիչ հավանական է, քանի որ և՛ Թուրքիայի տնտեսական դժվարությունները, և՛ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում պահանջում են նրա սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ: Սիրիացի փախստականների խնդրի լուծումը, կենտրոնական բանկի սպառված պահուստների վերականգնումը և կուտակված խնդիրները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, անկախ ամեն ինչից, Ռուսաստանին կպահեն Թուրքիայի առաջատար գործընկերների շարքում: «Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ պակաս կարևոր չեն, քան Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները», - սա էր Էրդողանի ուղերձը քարոզարշավի վերջին օրերին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի հետ ընթացիկ նախագծերը, հատկապես՝ պաշտպանական արդյունաբերության և ռազմական համագործակցության ոլորտներում, նույնպես, հավանաբար, կպահպանվեն։
Ամփոփում
Էրդողանի Թուրքիայի առաջնահերթությունները սեփական շահերն են՝ ինքնավար և անկախ արտաքին քաղաքականությունը։ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կանաչ լույս կվառի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը։ Կշարունակվի նաև Պուտինի հետ սիրախաղը՝ ապահովելու Անկարայի կենտրոնական դերակատարությունը ռուս-ուկրաինական պատերազմա-բանակցային գործընթացներում։