Վերլուծություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում շահարկումները վտանգավոր են

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը քննարկումների լայն դաշտ է բացել։ Դա բնական է, և, պնդելի է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով պատմական, քաղաքական, պատմական հիշողության այն համալիր ֆոնի առկայությունը, որն ուղեկցում է հայկական և թուրքական հասարակություններին։ Քննարկումների, խոսակցությունների, արտահայտվող տեքստերի հեղինակային շերտավորումը բավական վարիատիվ է։ Այդ հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ, կարծիքներ արտահայտում են և՛ քաղաքական դաշտի դերակատարները, և՛ հասարակական շերտերը, և՛ մտավոր աշխատանքով զբաղվողները («մտավորական» բառի՝ մեր այլընտրանքը)։ 

Այս խնդրին անդրադառնալիս՝ պետք է հաշվի առնել, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանությունները, տեքստերը ուղղակիորեն բովանդակային վերլուծության ենթարկելը անարդյունք է՝ որոշակի պատճառներով։ Նախ և առաջ, հայ-թուրքական հարաբերությունների թեմայի զգայունությունը հանրության լայն շրջանների համար հաշվի առնելով՝ քաղաքական տարակերպ դերակատարներն այն օգտագործում են մանիպուլյատիվ նպատակներով։ Եվ հետո, խնդրահարույց է հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ոչ բավարար և վերլուծության համար ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրումը։ Եվ պետք է ասել, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական հանրություններում հիմնականում բյուրեղացել են հարաբերությունների կարգավորման մասին պատկերացումները ու մոտեցումները, թույլատրելի և անթույլատրելի գծերը։ Այդ թեմաներով մանիպուլյացիաները հավելյալ բարդություններ են ստեղծում՝ ազդելով խնդրի ընկալման զգացմունքային գործոնի վրա։ Խնդրի իռացիոնալության հանգամանքը պայմանավորված է հայ և թուրք հասարակությունների պատմական հարաբերություններով։ Հայերի և թուրքերի հարաբերությունները մի քանի դար շարունակ տեղավորվել են կայսերական միջավայրերին բնորոշ հարաբերությունների շրջանակում։ Այդ միջավայրում տիրապետող էթնոսը թուրքերն են եղել, հպատակ՝ հայերը։ Եվ միայն վերջին մեկ հարյուրամյակում է, որ հայկական միջավայրն ազատվել է ենթակայի կարգավիճակից և, պետական կազմավորման առկայության պայմաններում, փորձ է անում կառուցել թուրքերի հետ հարաբերությունները՝ նոր սխեմաների շրջանակներում։ Այդտեղ փորձի կոնկրետ պակաս կա, որը այլ հակակշիռ և ալընտրանք չի ենթադրում։ 

Սա թույլ է տալիս ընդհանրացնել, որ հայ-թուրքական հարաբերությունները ունեցել են փոխշփումների հիմնական երկու մոդել՝ կայսերական-ուղղահայաց՝ իշխող-հպատակ, և միջպետական՝ հորիզոնական։ Առաջին մոդելի դեպքում հայ-թուրքական հարաբերությունների սոցիալ-մշակութային փոխազդեցությունների մակարդակը բավականին մեծ է, երբ գերիշխող թուրքական տարրի գերակայության պայմաններում է հայ ժողովուրդը ապահովել իր կենսագործունեությունը։ Եվ այդ հարաբերությունների մարդաբանական առումները դիտարկելիս՝ կարելի է հստակ ցույց տալ, որ այդ հարաբերությունները հարաբերվող խմբերի համար չէին կարող անընդհատ թշնամական լինել, քանի որ միջմշակութային հաղորդակցությունը և փոխանակությունը բնական և անընդհատ գործընթաց է։

Խնդիրների այս համալիրը ցույց է տալիս, և այն պետք է գիտակցվի հայ քաղաքական դաշտի դերակատարների կողմից. հայ-թուրքական հարաբերություններում ներառված են եղել և շարունակում են լինել մեծ ու փոքր տարբեր խմբեր՝ հարաբերությունների կառուցարկման տարբեր պատկերացումներով և ընկալումներով։ Հետևաբար, այդ թեմայով մանիպուլյատիվ շահարկումները միշտ չէ, որ ցանկալի արդյունքներն են ապահովելու։ Հայկական քաղաքական դաշտի դերակատարները պետք է հաշվի առնեն նաև կոնֆլիկտների լուծման մասնակիցների ներգրավվածության հարցը։ Իհարկե, փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների կարգավորման ավելի հաջողված դեպքերը նրանք են, որոնցում ներառվում են ավելի մեծ թվով դերակատարներ։ Արտաքին քաղաքական մասնակցությունը՝ ի դեմս ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա, հարաբերությունների կարգավորման բավարար երաշխիք չեն։ Լավ կլինի չմոռանալ, որ նրանց մասնակցությունը պայմանավորված է սեփական ազգային շահերի առաջմղման հետաքրքրություններով։ Հետևաբար, առավել քան խնդրահարույց է, թերևս նաև՝ ազգային անվտանգության տեսանկյունից վտանգավոր, երբ ներքաղաքական միջավայրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման օրակարգային է դարձվում՝ արտաքին դերակատարներից մեկի հետաքրքրությունների ակնհայտ սպասարկման նպատակով։

Արտակ Խաչատրյան