Շաբաթ, 25 Հունիսի 2022

USD403.18

EUR421.15

RUB6.97

Երևան 21 ℃

Рус

Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության գլխավոր հաղթողն է

Վերլուծություն

2 Ապրիլի, 19:35

Էրդողան՝ բոլորի համար

Ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունների ամենաառանցքային հանդիպումը, թերևս, տեղի ունեցավ մարտի 29-ին՝ Ստամբուլում, ամփոփելով հրադադարի շուրջ բանակցությունների առաջին փուլն ու ուրվագծելով սպասվող զինադադարի հնարավոր ուղիները։

Հյուրընկալողը այս հակամարտության հիմնական շահող կողմ Թուրքիան էր՝ ի դեմս միջազգային հսկա հեղինակություն ու քաղաքական կշիռ ձեռք բերած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Էրդողանի ողջույնի ելույթի հիմանական ուղերձը հետևյալն էր՝ «Թուրքիան չի կարող խզել հարաբերությունները ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի հետ»:

Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական հակամարտության բռնկումից ի վեր Էրդողանը հասցրել է դատապարտել ռուսական ագրեսիան և աջակցություն հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը` համահունչ ՆԱՏՕ-ի ու դաշնակիցների դիրքորոշմանը: Միևնույն ժամանակ, սակայն, Էրդողանը հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ ելնելով Թուրքիայի շահերից։ Թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ ջերմ և հավասարակշիռ կապերի պահպանումը առանցքային է դարձնում Թուրքիայի և, անձամբ, Էրդողանի դերակատարությունը այս կոնֆլիկտում՝ բազմակի մեծացնելով նրա ազդեցությունը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործընթացներում։ 

Թե՛ հակամարտությունից առաջ, թե՛ պատերազմի ընթացքում Թուրքիային հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել երկու հակամարտող կողմերի հետ։ Էրդողանն անգամ Կիև այցելեց ռուսական ներխուժումից և Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների «ճանաչումից» մեկ օր առաջ՝ արտահայտելով իր անվերապահ աջակցությունն Ուկրաինային և նրա տարածքային ամբողջությանը: Թուրքիան այս ընթացքում նաև Ուկրաինային է մատակարարել «Բայրաքթար» հարձակողական անօդաչու սարքերի մեծ խմբաքանակ, որոնք ակտիվորեն օգտագործվում են ռուսական բանակի դեմ։ 

Թուրքական «կյանքի միջանցք»

Առայժմ Էրդողանի այս հավասարակշռող դերակատարությունը, հավանաբար, առնվազն չեզոք է ընդունվում Ուկրաինային աջակցող ամերիկա-եվրոպական կոալիցիայի կողմից: Նոր՝ «Սառը պատերազմ 2.0» ֆորմատում Թուրքիան առանձնահատուկ դերակատարություն է ձեռք բերել՝ որպես միջնորդ և փոխադարձաբար վստահելի բանակցող։ Այն հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար։ Միաժամանակ, Թուրքիայի ներգրավվածությունը ճգնաժամի լուծմանն ուղղված միջոցառումներին  լավագույն հնարավորությունն են՝ շտկելու և ստեղծելու այնպիսի բանակցային «կապուղիներ», որոնք կարող են միավորել ԱՄՆ-ին, Արևմուտքին ու Ռուսաստանին։

Մյուս կողմից՝ կասկած չկա, որ Թուրքիան որևէ դեպքում չի կարող խզել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները, հատկապես՝ հաշվի առնելով երկրի տնտեսական կախվածությունը ռուսական էներգակիրներից և այլ ներդրումներից, այդ թվում՝ տուրիզմ, ատոմակայանի կառուցում, ռազմական համագործակցություն։ Դրա մասին քանիցս հայտարարել է անձամբ Էրդողանը՝ շեշտելով, որ թուրք-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները առանցքային են ու անբեկանելի, իսկ տնտեսական ծրագրերը («Ակկույու» ատոմակայանի կառուցում, տուրիզմ, գազի և այլ էներգակիրների ներկրում) Թուրքիայի համար ունեն ռազմավարական նշանակություն։ Ըստ էության, արևմուտքի աննախադեպ պատժամիջոցների ֆոնին Թուրքիան և, հավանաբար նաև, որոշ արաբական ու հարավ-արևելյան ասիական երկրներ, դառնում են յուրատեսակ «ծածուկ խողովակներ», որոնց միջոցով Մոսկվան կփորձի շրջանցել արևմտյան պատժամիջոցները, ձեռք բերել անհրաժեշտ տեխնոլոգիաներ ու ապրանքներ՝ երկրի ներսում տանելի որակի կենսամակարդակ պահպանելու համար։ Իսկ այդ համատեքստում հենց Թուրքիան է, որ կարող է դառնալ ամենամոտ, ընկալելի ու վստահելի կապուղին։ 

Մրցակցային բարեկամություն 

Նույնիսկ մինչև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների սրումը՝ 2017թ., երբ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր և ռազմավարական դաշինքի առանցքային խաղացող, գնեց ռուսական S-400 պաշտպանական համակարգը, ռուս-թուրքական առևտրային հարաբերությունների շրջանակը անշեղորեն ընդլայնվում էր: Թուրքիան Ռուսաստանի համար միշտ էլ եղել է առանցքային զբոսաշրջային ուղղություն, թեև ներկայումս՝ ՌԴ ավիացիոն ճգնաժամի, օդային երթուղիների փակման և պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի տնտեսության թուլացման շրջանում, տուրիզմը երկրորդային դեր է ստանում: Առավել քան կարևոր է նաև, որ Ռուսաստանի հետ մերձենալու՝ Թուրքիայի շարժառիթն առաջին հերթին պայմանավորված էր սիրիական, լիբիական ու արցախյան հակամարտությունների դաշտում ռուս-թուրքական գործակցությամբ և ռազմավարական մրցակցությամբ։ Մանավանդ, որ Ռուսաստանը միշտ էլ ձգտել է Թուրքիայի հետ հատուկ հարաբերություններ ունենալ և ընդգծված ուշադրության ներքո պահել ՆԱՏՕ-ի անդամ այդ առանցքային երկիրը։

Երկու երկրները վերջին մի քանի տարիներին անցել են խոշոր ճգնաժամերի միջով, ինչպես օրինակ՝ 2015թ. ռուսական ինքնաթիռի խոցումը, 2016թ. Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը, 2020թ. սիրիական միջադեպը, երբ Սիրիայում թուրք զինվորներ սպանվեցին ռուսական ավիահարվածներից: Չնայած սրանց՝ Էրդողանն ու Պուտինը պարբերաբար հանդիպել են՝ միշտ առերևույթ հաճելի մթնոլորտում և նույնիսկ ավելի հաճախ են հեռախոսազանգեր փոխանակել։

Համադրելով անհամադրելին

Այնուամենայնիվ, Թուրքիան հասկանում է, որ Ռուսաստանի հետ իր հատուկ հարաբերությունների իրական արժեքը ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների սակարկման ու նոր զիջումների կորզման այլընտրանքայնությունն է։ Պարզ է, որ Ռուսաստանը երբեք չի կարող փոխարինել Թուրքիայի տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։ Բայց Թուրքիան միշտ կարող է շահարկել իր «Պլան Բ»-ն՝ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից նոր զիջումներ կորզելու և բանակցային դիրքերը բարելավելու համար։

Ավելին՝ առնվազն Կովկասյան ու Մերձավոր արևելյան տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման հետևանքով առաջանում է ուժի վակուում, որի հնարավոր շահառուները և «լցնողները» հավակնում են դառնալ մի կողմից՝ Թուրքիան, մյուս կողմից՝ Թուրքիայի վաղեմի մրցակից Իրանը։ Այն Իրանը, որին ԱՄՆ-ն, կարծես, ձգտում է հանել պատժամիջոցների բեռի տակից՝ ռուսական էներգակիրների բացը լրացնելու, Թուրքիային զսպելու և տարածաշրջանային բազմաբևեռայնություն ապահովելու համար։

Ներկայիս ռուս-ուկրաինական հակամարտությունը Թուրքիային դարձրել է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ գեոքաղաքական բնույթի առանցքային դերակատար։ Թուրքիան այնպիսի «քաշային առաջընթաց» է արձանագրել, որ նույնիսկ ռուս-ուկրաինական բանակցություններում է արդեն դիտվում որպես Ուկրաինայի չեզոքության, անվտանգության ու տարածքային ամբողջության հիմնական երաշխավորներից մեկը։ Այդ մասին նախօրեին անգամ Ուկրաինայի նախագահ Զելենսկին էր հրապարակային հայտարարել՝ ուրախություն արտահայտելով, որ Էրդողանը պատրաստակամ է՝ դառնալ իր պետության անվտանգության երաշխավորներից մեկը։ Միաժամանակ, Թուրքիայի բազմակողմանի ու շրջահայաց քաղաքականությունը երևում է նաև այլ ոլորտներում ու այլ երկրների հետ հարաբերություններում։ Տնտեսական հուսահատության մեջ գտնվող Թուրքիան ստիպված է «կուլ տալ» իր հպարտությունը և մի կողմ դնել վաղեմի թշնամությունը՝ ձգտելով հաշտության դիվանագիտական եզրեր գտնել մերձավորարևելյան տարածաշրջանի իր հիմնական մրցակիցների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Եգիպտոսի հետ, որոնք բոլորն էլ առիթից առիթ, ԱՄՆ դրդմամբ, իհարկե, «օգտագործվում» են որպես դակիչ ու զսպող ուժեր՝ Էրդողանի և Թուրքիայի աճող ախորժակի ու տարածաշրջանային հավակնությունների դեմ։ 

Հավանական է, որ որքան երկար շարունակվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, այնքան Թուրքիայի համար առանցքային դառնա ընթանալ իր ընտրած «երրորդ ճանապարհով»՝ խաղալով Արևմուտք-Ռուսաստան հակասությունների վրա և դրանք տեղափոխելով իր շահերի ու նոր հնարավորությունների ասպարեզ։ 

Այդ հավասարակշռված դիրքորոշումը շարունակությունն է այն քաղաքականության, որը վերջին տարիներին հանգեցրել է տարածաշրջանի մի շարք երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վերադասավորմանը, որոնց հետ Թուրքիան լարված կամ գոյություն չունող հարաբերություններ ունի:

Թուրքական այս բազմակողմ, հավասարակշիռ և «խաղաղարար» դերակատարությունը հատկապես կարևոր է նաև սպասվելիք նախագահական ընտրությունների համատեքստում, երբ գործող նախագահ Էրդողանն ուղղակի և անուղղակի հայտ է ներկայացնում՝ դառնալ տարածաշրջանային ու, ինչու ոչ, գլոբալ խաղացող։ Դերակատար, որը ոչ թե պատնեշներ է գծում, այլ փայլուն դիվանագիտական խուսանավումներով կարողանում է համադրել իր հակառակորդների հակասություններն ու իր շահերը՝ «Սառը պատերազմ-2.0»-ում ինքն իրեն դարձնելով անփոխարինելի միջնորդ։

Գոռ Մադոյան