Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Երևան 2 ℃

Рус Eng

Պուտինը խուսափո՞ւմ է «Լեռնային Ղարաբաղ» անվանումից

Վերլուծություն

1 Նոյեմբերի, 20:10

Հոկտեմբերի 31-ին Սոչիի հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերում և եռակողմ հայտարարության տեքստում ամենուր բացակայում էր «Լեռնային Ղարաբաղ» անվանումը:

Ավելին, ուշադրություն դարձնելով ՌԴ նախագահի հայտարարություններին՝ տեսնում ենք, որ «Ղարաբաղ» անվանումը նա օգտագործում է ընտրողաբար։ «Վալդայ» ակումբում Պուտինը օգտագործեց «Ղարաբաղ» ձևակերպումը՝ դիտավորյալ, թե ակամա բաց թողնելով «Լեռնային» հատվածը։ Հայաստանյան ռուսամետ շրջանակները միանգամից մեծ ոգևորությամբ հափշտակեցին այդ դրվագը և սկսեցին մեդիահարթակներում, հանրային խոսքում շեշտադրված հակադրել այն Արևմուտքին՝ դրանից բխեցնելով, որ կարգավորման արևմտյան տարբերակում չկա Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում, իսկ, ահա, ՌԴ նախագահը այդ մասին խոսում է։

Սակայն Սոչիի հանդիպումն այս առումով անակնկալ մատուցեց։ Հրապարակված հայտարարության տեքստում իսպառ բացակայում էր Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում։ Ռուսական խաղաղապահ առաքելության մասին հատվածում օգտագործվում է «տեղակայման գոտի»  ամորֆ ձևակերպումը։ Եվ ո՞րտեղ է այդ գոտին։ Տարածաշրջանի պատմությանը և քաղաքական աշխարհագրությանն անծանոթ ընթերցողի համար հայտարարության տեքստի այդ հատվածը բացարձակ անհասկանալի է։ «Տեղակայման գոտի» անվան տակ գուցե կարելի է հասկանալ նաև Լուսնի կամ Մարսի վրա ինչ-որ անկյունո՞ւմ՝ հաշվի առնելով մարդկային քաղաքակրթության տեխնոլոգիական աննախադեպ նվաճումները 21-րդ դարում։ Հասկանալի է, որ Ռուսաստանն անկարող է Ադրբեջանին պարտադրել կամ գոնե համոզել «Լեռնային Ղարաբաղ» անվան կիրառության հարցում եռակողմ հայտարարությունների այլ դրույթների տակ։ Սակայն տարօրինակ չէ՞, որ անգամ ռուս խաղաղապահների գտնվելու վայրի հիշատակման հարցում է Ռուսաստանը կանգնում նույն խնդրի առաջ։ Արդյո՞ք ռուսական պետությունը չի կարծում, որ իր խաղաղապահի կանգնած վայրը պետք է արձանագրվի թղթի վրա և ի լուր աշխարհի հայտնի լինի։ Բացառու՞մ է ՌԴ նախագահը, որ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանը, հիմք ընդունելով հենց այս տեսակի հայտարարությունները, կսկսի պնդել, որ խաղաղապահների տեղակայման վայրի անունը չկա, ուստի խաղաղապահ էլ չպիտի լինի այդ «վիրտուալ ազդեցության գոտում»։՚

Ի՞նչ կարելի է, սակայն, ենթադրել այս իրավիճակում։ Փաստացի, Պուտինը երկակի խոսույթ է կիրառում։ Վալդայում՝ Իլհամ Ալիևի բացակայությամբ, նա օգտագործում է «Ղարաբաղ» ձևակերպումը, իսկ Սոչիում՝ Ադրբեջանի ղեկավարի ներկայությամբ, ոչ միայն չի օգտագործում, այլև նույնիսկ հայտարարության տեքստում դիմում է նման էկզոտիկ հնարքի։ Հետաքրքիր է, սակայն, որ ռուսական լրատվամիջոցները, երբ ներկայացնում էին Պուտինի խոսքը, գրեթե բոլոր տեղերում օգտագործել են «Լեռնային Ղարաբաղ» կամ «Ղարաբաղ» տերմինը՝ դրա օգտագործումը վերագրելով ՌԴ նախագահին։ Մինչդեռ տեսանյութերի վերծանությունը փաստում է հակառակը։ Ըստ էության, ելույթի վիդեոտարբերակը չդիտած ընթերցողը չի էլ իմանա, որ Պուտինը իրականում չի կիրառել այդ ձևակերպումը։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից