Վերլուծություն

Ընդդիմությունը, կարծես, անցած լինի ջրի հատակը, մինչև անցնի վտանգը

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, առավել քան երբևէ, հագեցած է: Մեկը մյուսին հաջորդող և զուգահեռ հանդիպումներ աշխարհի արևմտյան և արևելյան հատվածներում, որոնց կենտրոնում հայ-ադրբեջանական հարաբերություններն են՝ բնականաբար տարածաշրջանային իրողություններում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում: Անզեն աչքով էլ ակնհայտ այս ակտիվությունը, սակայն, որևէ կերպ չի արտացոլվում երկրի ներքաղաքական կյանքում: Եթե չհաշվենք երկրի իշխանության ներկայացուցիչներին, որոնք արտաքին քաղաքական ճակատում տեղի ունեցողի վերաբերյալ խոսույթ են ձևավորում երկրի ներսում, ապա հակառակ ճամբարից՝ ընդդիմությունից, որևէ քայլ այս պահին չի ձեռնարկվում:

Ավելին, եթե փորձենք ընդդիմադիր դաշտում տիրող իրավիճակը պատկերավոր ձևակերպել, ապա այս պահին ընդդիմության փոխարեն ընդամենը ունենք ընդդիմախոսություն: Ընդդիմությունն, իմիջայլոց, չի էլ թաքցնում իր այս գործելաոճը, չի քողարկում դրա պատճառները: Ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ սպասվող «կապիտուլյացիայի» գործում իշխանությանը միայնակ են թողել: Այսինքն, ի սկզբանե ընթացիկ գործընթացները գնահատվել են միայն բացասական արդյունքով, ավելին, որոշվել է լքել դաշտը՝ իշխանությանը զրկելով ընդդիմության հաշվին մանևրելու հնարավորությունից: Սա ոչ թե վերլուծություն է, այլ ընդդիմադիր դաշտի կենտրոնական պերսոնների հրապարակային խոսքի և գործի համադրություն: Առաջին նախագահի նախաձեռնությունն ու դրան հետևած հարցազրույցի արձագանքները տիտղոսակիր ընդդիմության կողմից ամբողջությամբ բացահայտեցին այս գործելաոճը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ընթացող բավականին բարդ, բազմաշերտ գործընթացն ի սկզբանե դիտարկվում է բացասական վերջնարդյունքով: Որտեղի՞ց ընդդիմությանը համոզում, որ ընդդիմադիր դաշտն այն աստիճանի իրենցն է, որ կարող են լքել այն, երբ ուզեն ու ինչքան ժամանակով ուզեն, և, նույն ձևով էլ, երբ ուզեն, վերադառնան այնտեղ: Քաղաքական դաշտը պայմանականորեն է բաժանված երկու բևեռի, այն իրականում մեկ ամբողջություն է՝ բազմաթիվ շերտերով: Հետևաբար, երբ լքում ես, քո պատկերացումով, միայն քո «խրամատը», իրականում դուրս ես գալիս դաշտից՝ ընդհանրապես: Ավելին, երբ կարևոր պահին այդ դաշտում չես, հետո ավելի հանդարտ իրավիճակում ներկայությունդ ևս դառնում է ավելորդ:

Միաժամանակ, սակայն, քանի որ կա, այսպես ասած, հակազդեցության բնական կարիք, ընդդիմության՝ ենթադրելիք գործառույթներից որոշները սկսում են դրսևորվել, սակայն՝ առանց քաղաքական հետևողականության, բացառապես քննադատության, հրապարակախոսության, անթիվ-անհամար հարցազրույցների ու ֆեյսբուքյան ստատուսների տեսքով, կարճ ասած՝ ընդդիմախոսությամբ: Ընդդիմախոսությունը, ի տարբերություն կազմակերպված ընդդիմադիր գործունեության, սահմաններ չի ճանաչում, դրանով կարող են զբաղվել շատերը ու զբաղվել ազատորեն՝ առանց խոսքի հանդեպ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու: Նկարագրվածը հենց այն է, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում:

Հասկանալի է, իհարկե, թե ինչ հաշվարկով է տիտղոսակիր ընդդիմությունն այս կարևոր փուլում իրեն դուրս դրել խաղից: Նա կարծում է, որ խաղը ունենալու է վատ վերջաբան և չի ուզում որևէ կերպ, նույնիսկ՝ մասնակի, դրա համար պատասխանատվություն ստանձնել կամ ասոցացվել դրա հետ: Հասկանալի, բայց ոչ ընդունելի վարքագիծ է, եթե հաշվի առնենք, որ ընդդիմությունն իր՝ խաղից դուրս գալը դիտարկում է բացառապես ժամանակավոր՝ խոստանալով վատ վերջաբանից հետո անպայման վերադառնալ և «թագավորել փլատակների» վրա: Այս ցինիկ սցենարն էլ կարելի է որոշակիորեն բացատրել, եթե հաշվի առնենք, որ ընդդիմությունը մի քանի անգամ փորձեց մնալ խաղի մեջ, բայց ամեն անգամ այդ խաղն ավարտվեց իր համար բավականին տխուր արդյունքներով: Ու հիմա, գործելաոճի արդիականացման փոխարեն, որոշվել է ընդհանրապես դուրս գալ խաղից:

Փաստն այն է, որ վճռորոշ այս գործընթացներում քաղաքական դերակատարներից մեկը կամ մի քանիսը որոշել են որևէ քաղաքական պատասխանատվություն չստանձնել՝ փաստացի իրենց քաղաքական գործունեությանը հիշեցնող քայլերից թողնելով միայն ընդդիմախոսությունը, այն էլ՝ շատ թույլ, անկազմակերպ մակարդակում, որպեսզի լրիվ մոռացնել չտան իրենց մասին:

Ընթացող արտաքին քաղաքական խմորումների համատեքստում, եթե դիտարկենք թե՛ դրական, թե՛ բացասական վերջնարդյունքները, ունենում ենք երկարաժամկետ քաղաքական վակուում: Դրական սցենարի դեպքում ստացվում է, որ առանց ընդդիմության էլ կարելի է, ավելին, կարծես թե վատ չի ստացվում, բացասական սցենարի դեպքում՝ արդեն կարևոր չէ, թե ով կկառավարի փլատակների վրա: Սա այն դեպքում, եթե իրավիճակը դիտարկենք բացառապես երկու շատ ծայրահեղ սցենարներով: Իրականությունը, ինչպես պատմությունն է ցույց տալիս, մեջտեղում է: Առավել հավանական է, որ խաղը չի ավարտվի ոչ շատ լավ, ոչ շատ վատ արդյունքով, կամրագրվի որևէ միջնաժամկետ արդյունք, ու խաղը նորից կշարունակվի: Ընդհանրապես, քաղաքականությունը՝ լինի ներքին, թե արտաքին, հանգրվանային ընկալող սուբյեկտները դատապարտված են անհաջողությունների՝ չըմբռնելով, որ քաղաքական պայքարը անվերջ, չավարտվող գործընթաց է, ու խաղից մի անգամ դուրս գալով՝ հետո շատ բարդ է վերադառնալ: