Վերլուծություն

Ի՞նչ են ուզում Հայաստանից ռուսամետներն ու արևմտամետները

Վերջին շրջանում ռուս-ուկրաինական պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման արդյունքում հանրային-քաղաքական միջավայրում կրկին ակտիվացել են արտաքին կողմնորոշման խոսակցությունները։ Արտաքին կողմնորոշման բևեռները շատ չեն՝ ռուսաստանյան և արևմտյան։  

Իհարկե, վաղուց հայտնի փաստ է, որ ներհայաստանյան դիսկուրսում «արևմտամետ» և «ռուսամետ» տարաբաժանումն արհեստածին է։ Նույնիսկ զավեշտից անդին է միմյանց ուղղված մեղադրանքներն առ այն, որ մի կողմը «ռուսական ագենտներ» են, մյուսը՝ «սորոսական» և «գրանտակեր»։ Այսուհանդերձ, ի՞նչ ելքեր, հնարավոր ուղիներ են առաջարկում երկու կողմերն էլ, արտաքին քաղաքականության ինչպիսի՞ տեսլական ունեն նրանք։

Արևմտամետները ՀՀ արտաքին քաղաքական վեկտորից բացառում են Ռուսաստանի գործոնը։ Նրանք անվերապահ և անվերադարձ փարվում են արևմտյան կողմնորոշմանը։ Արդ, նրանց պատկերացնելի արևմտականությունն աղերսներ ունի՞ իրականի հետ։ Արտաքին քաղաքականության արևմտյան ուղղվածությունը կերաշխավորի՞ ՀՀ անվտանգության միջավայրի կայուն կենսագործունեությունը։ Պատմական փորձը հանդգնորեն հուշում է, որ այդ առումով դառը փորձ ունենք։ Ռուսաստանի տիպի կայսրությունները իրենց շահերի համար կարևոր տարածաշրջաններից հեռանում են ինքնակամորեն։ Բայց ըստ տեղական արևմտամետների՝ Ռուսաստանին պետք է հեռացնել Հայաստանից։ Իսկ եթե նույնիսկ այդ պահանջից հետո ՌԴ-ն չհեռանա՞։ Ինչ է, Հայաստանը պատերա՞զմ է հայտարարելու Մոսկվային։ Իսկ այն արևմտամետները, որոնք քարոզում են, որ արևմտյան բլոկը կստիպի Մոսկվային՝ հեռանալ Հայաստանից, տանելով նաև ռազմաբազան, ակամայից հայտարարում են, որ մեր պետությունը դառնալու է մեծ տերությունների ռազմաբեմ՝ դրանից բխող հետևանքներով։ Բնականաբար, ՀՀ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է չվարանի խոսել խնդիրներից, եթե այդպիսիք առաջանում են։ Սակայն կտրուկ շարժումները ոչ թե կավելացնեն, այլ կարող են նոր սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար, ընդ որում՝ ոչ միայն անվտանգության, այլև՝ տնտեսական, էներգետիկ։

Ոճական առումով նույն մոտեցումներն են ռուսամետների մոտ։ Մտածողության առումով նրանք դուրս չեն գալիս Սառը պատերազմի գաղափարական կաղապարներից։ ՀՀ արտաքին քաղաքականությունը կապելով Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերություններին՝ նրանք ևս բացառում են Արևմուտքի հետ մերձեցումները։ Դիվանագիտությունը երկու և ավելի կողմեր ենթադրող երևույթ է։ Ռուսամետների հռետորաբանությանը հետևելիս տպավորություն է, թե նրանց պատկերացումներում դա մի դերասանի թատրոն է ներկայանում։ Այս խումբը ավելի հեռուն է գնում՝ իր տեքստերում հակապետական շեշտված ակցենտներ կատարելով։ Տպավորություն է, թե ՌԴ որևէ գործողություն արդարացնելու համար նրանք պատրաստ են դեմ գնալ սեփական պետությանը՝ Հայաստանին։ Այլապես ինչ տրամաբանությամբ է հնարավոր հասկանալ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հայտարարությունը՝ Ղրիմի կամրջի պայթյունի գործում ՀՀ քաղաքացիների մասնակցության մասին։ Հետաքրքրական է, այժմ ընդդիմադրի պատմուճան հագած Զաքարյանը արդյո՞ք ՊՆ փոխնախարար աշխատելու ժամանակ նմանատիպ դրսևորումներով աչքի ընկել է։ Հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց պարզ դառնա, թե հավանական նման դրսևորումների համար ինչ գին է վճարել մեր պետությունը։

Արդի աշխարհը ինտեգրացիաների աշխարհ է։ ՀՀ-ի համար պարզապես դանդաղ մահվան քայլերթ կլինի մտնել Ռուսաստանի ձեռնարկած «երկաթյա վարագույրի» նորօրյա համակարգի մեջ՝ հրաժարվելով արևմտյան աշխարհի հետ փոխգործակցությունից։ Միևնույն ժամանակ, արևմտամետների համար պետք է պարզ լիներ վաղուց, որ ՌԴ-ի ներկայությունը տարածաշրջանում կախված չէ նրանց ցանկություններից և պատկերացումներից։ Այս երկու կողմի տեքստերը, քարոզչական ելույթները նաև հանրային գիտակցության համար են ներկայացնում իրական վտանգ։ Զուրկ լինելով ռացիոնալիզմից՝ նրանք ունակ են թունավորել և կերպախեղել հանրային գիտակցությունը, սնել այն սին ու անհիմն հույսերով։