Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022

USD404.47

EUR387.44

RUB6.48

Երևան 18 ℃

Рус Eng

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Վերլուծություն

18 Սեպտեմբերի, 20:02

Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես, ՀՅԴ-ական պատգամավորները, փորձում են համոզել, թե սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ցույցն ինքնաբուխ էր, և իրենք այդ ամենի կազմակերպման հետ որևէ կապ չունեն։ Սա՝ չնայած այն բանին, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո հենց ՀՅԴ-ականներն էին կոչ անում մարդկանց՝ դուրս գալ փողոց։

Ընդդիմադիրները մարդկանց փողոց էին հանել, երբ սահմանին դեռևս չէին լռել ադրբեջանական կրակոցները։ Ու այսօր էլ թեև հրադադար է, բայց այն շատ փխրուն է և կարող է ամեն վայրկյան խախտվել։

Ուրեմն, կարծում եք՝ չե՞ն գիտակցում պատերազմական իրավիճակում իշխանությանը թիկունքից խփելու հետևանքները։ Միանշանակ գիտակցում են ավելի լավ, քան որևէ մեկը։ 

Գիտակցում են, որովհետև 2016-ին էլ իրենք էին իշխանության, և երբ եղավ ապրիլյան քառօրյա պատերազմը, իշխանություններն իրենք էին խոսում հասարակության համախմբվածության մասին։ Ընդ որում, խոսեցին պոստ-ֆակտում, որովհետև այն ժամանակվա արմատական ընդդիմադիրները՝ Հայ Ազգային Կոնգրեսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, առաջին իսկ պահից հայտարարեցին ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու մասին, ու միասնականության կոչի կարիք չկար։

Նաև՝ պատերազմից մի քանի օր անց տեղի ունեցավ առաջին նախագահի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ՝ չնայած տարաձայնություններին ու ներքաղաքական դաշտում սուր հակադրությանը։

Եվ ուրեմն, ուրիշ ո՞վ, եթե ոչ իշխանությունը, իշխանության մեջ նախկինում եղած ուժերը կարող են գիտակցել սահմանային լարվածության ու, առավել ևս, պատերազմի օրերին համախմբվածության անհրաժեշտությունը։

ՀՅԴ-ականների և նրանց «Հայաստան» դաշինքի փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի դեպքում, սակայն, այս կանոնը չի գործում։

Նրանց իշխանություն է պետք և ուրիշ ոչինչ։ Նրանց պետությունը չի հետաքրքրում, այլ՝ միայն իշխանության գալը։ Հեղաշրջման միջոցով, թե այլ կերպ, կապ չունի։ Պատերազմական իրավիճակում, թե խաղաղ պայմաններում, կրկին կապ չունի։ Թեև իրենց իշխանության գալու, ապա՝ իշխանությունն ամրապնդելու մեթոդները միշտ նույնն են եղել. հեղաշրջում, ապա արյունալի իրադարձություններ։ Կարևորը՝ ունենան իշխանություն։ Ավերակների վրա, թե ոչ, կրկին չի հետաքրքրում։ Այդ ամենից հետո պետությունը կլինի, թե ոչ՝ դա էլ չի հետաքրքրում։

ՀՅԴ-ականները ռազմական գործողությունների ընթացքում հանրահավաքներ էին կազմակերպում նաև 2020-ի աշնանային պատերազմից հետո։ 

ՀՅԴ-ականները նույնկերպ իրենց դրսևորում էին նաև 1991-1994-ին՝ հաղթական պատերազմի օրերին, Երևանի կենտրոնում՝ ընդդեմ օրվա իշխանությունների։ 

Դաշնակցական մամուլը Հայաստանում և արտերկրում ամենավերջին հայհոյանքներով էր պիտակավորում իշխանությանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Վազգեն Սարգսյան։ 

Ու սա, ինչպես արդեն ասացինք, այն պատճառով, որ նրանց ոչ հաղթանակն է հետաքրքիր, ոչ պարտությունը, ոչ Հայաստանը, ոչ Արցախը։  Նրանց իշխանություն է պետք՝ ինչ գնով ուզում է լինի. Արցախի, միջանցքի, զոհերի։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության