Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD406.41

EUR387.71

RUB6.43

Երևան 21 ℃

Рус Eng

Ո՞ւմ է «փրկելու» Ռուբեն Վարդանյանը Արցախում

Վերլուծություն

2 Սեպտեմբերի, 20:08

Այս շաբաթվա սենսացիան, թերևս, Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու ու Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին լուրն է, որն, առաջին հայացքից այսքան արտառոց լինելով, միաժամանակ բազմաշերտ մտորումների տեղիք է տալիս։ 

ԼՂՀ հռչակման օրվան ընդառաջ՝ միլիարդատեր, սոցիալական ձեռներեց ու ֆիլանտրոպ Ռուբեն Վարդանյանը մայրաքաղաք Ստեփանակերտից ուղերձ հղեց։ Ուղերձում Վարդանյանը, մասնավորապես, հայտարարել է. «...Ես երախտապարտ եմ, որ Ռուսաստանն այսօր ներկա է Արցախում, խաղաղապահ զորքերը կանգնած են և պաշտպանում են Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի և Հադրութ, քանի որ դրանց կարգավիճակը որոշված չէ։ Երկու շաբաթ առաջ ես հայտարարեցի Արցախի անվտանգության և տնտեսական զարգացման ճակատի ստեղծման մասին։ Արցախում ապրող մարդիկ և նրանք, որոնք ինձ հետ կտեղափոխվեն Արցախ, հարկավոր են Արցախին»։ Վարդանյանը հայտարարել է նաև, որ «Արցախը համայն հայության արմատն ու հիմքն է»։

Ռուբեն Վարդանյանը Հայաստանում ու Ռուսաստանում միշտ էլ հայտնի է եղել իր աղմկահարույց և պաթետիկ նախաձեռնություններով՝ «Հայաստան 2020», «Հայաստան 2051», «Ապագան՝ հայկական», տարատեսակ հիմնադրամներ ու միջազգային մարդասիրական նախաձեռնություններ։ Ռուսաստանում Մեդվեդևի «ձնհալի» տարիներին էլ հավաքում է ռուս միլիարդատերերի փողերն ու ստեղծում Ռուսաստանի սիլիկոնյան հովիտը՝ «Սկոլկովոն»։ Իհարկե, այդ ընթացքում չի մոռանում մայր հայրենիքի մասին և, «Սկոլկովոյի» տրամաբանությամբ ու ֆինանսական աջակցությամբ, Դիլիջանում ստեղծում է միջազգային դպրոց, կրկին՝ Հայաստանում, բայց ոչ՝ Հայաստանի մասին։ 

Վարդանյանի բոլոր նախաձեռնությունները, իրենց էությամբ, գովազդային բաներներ են՝ ֆոնդեր, հիմնադրամներ, նախաձեռնություններ։ Նախաձեռնություններ, որոնց նպատակը գործունեության իմիտացիա ստեղծելն է, դատարկախոսության ու ժամավաճառության օազիսներ, որտեղ, ի դեպ, միլիոնավոր դոլարների ծրագրեր են իրականացվում։ Ժամանակին կուտակելով ահռելի հարստություն 90-ականների Ռուսաստանի ֆոնդային բորսաներում ու ֆինանսական շուկաներում՝ Վարդանյանը, ըստ տարբեր զլմ-ների բացահայտումների, համարվում էր ռուսական էլիտայի ֆինանսական հարցերով «լվացքի մեքենան», և մինչև 2000-կանների կեսեր նրա մասին շատ քչերը գիտեին՝ թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում։ Վարդանյանը բարեգործական, սոցիալական, առավել ևս, քաղաքական հավակնություններով երբեք աչքի չէր ընկնում։ Միշտ աշխատում էր աննկատ մնալ և իր բոլոր հարցազրույցներում կարմիր թելի պես պահում էր այն գիծը, թե, ի հեճուկս իր ահռելի կարողության, շրջում է առանց թիկնապահ ու հանգիստ է իր կյանքի համար։ 

44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո իրավիճակն էականորեն փոխվեց։ Նախ, Վարդանյանը պատերազմի՝ արդեն հաջորդ իսկ օրն Ստեփանակերտում էր և խոսում էր Արցախի գոյաբանական խնդիրների մասին։ Պատերազմից հետո, արդեն Արցախում պաշտոն ստացավ այսօր արդեն Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։ Հիմա Վարդանյանն ինքն է գործուղվում Արցախ։ Գործուղվում է ռուսական անվտանգային հովանոցի ներքո ծվարած արցախցիների կյանքի պայմանները բարելավելու և նոր հույս ներշնչելու համար։ Այս քայլն, ըստ էության, կայսերական պրոյեկտի տրամաբանական քայլերից է։ Ստեղծել տեխնոկրատների թիմ, նրանց օժտել ապագայի հանդեպ փրկչական առաքելությամբ, խոսել Մասիսից, լավաշից, Տնջրի ծառից, բարեկամությունից, խաղաղությունից և, իհարկե, ռուսական ռազմական ներկայությունից ու խաղաղապահների մանդատի երկարաձգումից։ Ավելին՝ Վարդանյանը նույնիսկ խոսում էր խաղաղապահների թվաքանակի ավելացման մասին, արցախահայության համար նոր հորիզոնների մասին։ 

Վարդանյանը գալիքի ավետաբեր տեխնոկրատն է։ Տեխնոկրատ, որը պետք է դրախտային այգի դարձնի Արցախը և համոզի արցախցիներին՝ մնալ այնտեղ այնքան, որքան դա է պահանջում «տարածաշրջանային» շահը։ Որովհետև, ըստ պարզ բանաձևի, չկա Արցախ՝ առանց խաղաղապահների, և չկա խաղաղապահ՝ առանց արցախցիների ֆիզիկական ներկայության։ Մնացյալը հոգին վեհացնող և «գերության» ընդունելու պայմաններ ստեղծող մերձքաղաքական ելևեջներ են։ Հենց այսպիսի տեխնոկրատական, սևագործ հարցերի համար էլ գոյություն ունեն հայկական ազգանուններով կայսերական գեներալ-նահանգապետները, որոնք տասնամյակներ ի վեր կայսրության զենքի հովանու ներքո՝ կայսրության անունից ու քավորությամբ, խաղաղություն ու բարգավաճում են «տարածել» ծայրագավառներում՝ հնազանդեցնելով բարբարոսներին ու խաղաղության նոր դարաշրջան բացելով հավատարիմների համար։ 

Եթե Վարդանյանի գործը հաջողվի, ղարաբաղյան գործուղումը կարող է տրամպլին դառնալ այլ «նվաճումների» համար։ Միգուցե Վարդանյանը դառնա նաև «Կարեն Կարապետյան-2»՝ կայսրության պրոֆեսիոնալ տեխնոկրատ, իր թիմով ու ապագայի տեսլականով։ Ապագա, որի հիմքը հավատարիմ ծառայությունն ու պետության սուվերենության նվաղումն է՝ անվտանգության ու հացի դիմաց։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»