Լրացավ ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձը։ Ուղերձների պակաս չկար. Հայաստանից ու Արցախից սրտաճմլիկ, պաթոսախեղդ տեքստերի հերթական շարանն էր։ Հետո, ինչպես հայտարարվել էր նախապես, խորհրդարանական ընդդիմությունը հերթական անգամ ձեռնամուխ եղավ Արցախի փրկության սուրբ գործին՝ հանրահավաք հրավիրելով Երևանի կենտրոնում։
Արցախի փրկության մասին խոսում են բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես կարողանում են խոսել։ Խոսում են՝ ինչ մտքերով անցնի։ Տրամաբանությունն այստեղ կարևոր չէ։ Կարևորը՝ պաթոսն է, կեղծ հայրենասիրական ճիչերը՝ համեմված ռազմաշունչ նոպաներով, ապա՝ նաև լացուկոծով, կորստի ափսոսումով։ Նաև պարտադիր պայման է լուսանկարն ու «ա՜խ, Շուշիս» բացականչությունը։ Հոգ չէ, որ այդպես «ա՜խ, Գետաշենս ու Շահումյանս» ասելով՝ անպատասխանատու ու անհոգի վերաբերմունքով մսխեցին Շուշին էլ, հաղթանակն էլ։
Այս առումով հատկապես աչքի են ընկնում արցախցի խորհրդարանականները։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի առումով թերևս ամեն ինչ ասված է. նրա հայտարարությունները որևէ մեկնաբանության կարիք չունեն։ Նույն ոճի մեջ է այդ խմբակցության պատգամավորներից Կարեն Հովհաննիսյանը, որը հայտարարել էր. «Կարելի է ատամ ցույց տալ ու զիջողական կեցվածք չընդունել, բայց կոնկրետ այս պարագայում Հայաստանի իշխանություններից ատամ ցույց տալու ընդունակություն ես չեմ տեսնում, դրա համար համապատասխան ոգի ու վճռականություն է պետք»:
ԱԱԾ նախկին օպերլիազոր, այժմ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն ավարտել է Երևանի Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Իսկ պատմությանը «մոտ կանգնած» անձինք պետք է ամենալավը իմանային պարզագույն մի իրողություն, որ ատամ ցույց տալու համար պետք է ոչ թե ոգի և վճռականություն, այլ՝ ռեսուրս։ Սա՝ բոլոր պետությունների պարագայում։ Այդպես է անգամ մարդկային հարաբերությունների մեջ ու կենցաղային հարցերում։ Այդպես է անգամ Կարեն Հովհաննիսյանի անձնական կյանքում, երբ Ստեփանակերտում քայլելիս կարող էր խնդիրներ ունենալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիկնազորների, Հայաստանի ու Արցախի պագոնավոր գեներալների, Հայաստանը ժամանակին համակած հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ։ Խիստ կասկածելի է, որ պարոն Հովհաննիսյանը, զրկված լինելով նրանց բարեհաճությունից կամ անտարբերությունից, ատամ ցույց տալով ազատորեն շրջեր ու իրենից գոհ-գոհ ոգի ու վճառականություն ունենար։ Թե՞ Ալիևը դեռ Բաքվում է, ռուս խաղաղապահները կանգնած են Ստեփանակերտի դարպասների մոտ ու Կարեն Հովհաննիսյանը ատամ ցույց տալու սպարտակիադա է առաջարկում սկսել։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Հայաստանը, նաև՝ Արցախը, 2020-ի պատերազմից հետո արդյո՞ք ունի այդ ռեսուրսը, թե՞ ոչ։ Բավական է միայն նշել, որ Արցախում բնակվող հայերի անվտանգությունն ապահովում է երրորդ պետությունը։ Անգամ Հայաստան-Արցախ ճանապարհով անվտանգ, անարգել անցնելու համար են ռուս խաղաղապահներ ներգրավված։ Այնպես որ, համապատասխան ոգու և վճռականության մասին ճամարտակելուց առաջ լավ կլիներ մի փոքր մտածել՝ գոնե ընթերցողների առողջության մասին։
Էլ չենք խոսում այն մասին, որ, 1998թ. սկսած, և՛ Հայաստանում, և՛ Արցախում փորձել են մարդկանց նման միֆեր ներարկել՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի, տարածաշրջանում անվտանգության երաշխավորի և այլնի մասին՝ մոռանալով, որ մյուս երկրների բանակները ևս կարող են հզորանալ, անգամ՝ անցնել մեզ։
Անհատ պատգամավորի հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե այս մտայնությունը տիրապետող չլիներ հայկական միջավայրում և, հատկապես, Արցախում։ Ու եթե կուզեք, 1998թ. սկիզբ առաջ մեր պարտության գործընթացի ակունքներում հենց իրատեսությունը մերժելն ու «ոգու, վճռականության» վրա հույս դնելով՝ գավառական շուստրիությամբ քաղաքականություն խաղալն է եղել։