Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD406.41

EUR387.71

RUB6.43

Երևան 23 ℃

Рус Eng

1997-98թթ. կրկնությունը գրեթե անհավանական է. Արցախի հարցով մանիպուլյացիաները չեն աշխատի

Վերլուծություն

7 Սեպտեմբերի, 19:52

Երբ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախի անվտանգության և տնտեսական զարգացման ճակատ ստեղծելու մտադրության մասին, պարզ դարձավ, որ նա մտադիր է գործնականորեն ներգրավվել հայաստանյան անցուդարձին։ Օրերս նա արդեն հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ու Արցախ տեղափոխվելու մասին։ Տեղեկություններ կան, որ նա նշանակվելու է Արցախի պետնախարար։

Հասարակ քաղաքացու մոտ կարող է հարց առաջանալ՝ ՌԴ-ում հաջող բիզնես-գործունեություն ծավալած, զգալի կապիտալ կուտակած գործիչը ինչո՞ւ է թողնում ՌԴ-ն և հաստատվում Արցախում. ինչ-որ հաշվարկների՞ց ելնելով, հայրենասիրությունի՞ց, Արցախի համար սրտացավությունի՞ց։ Իհարկե, Վարդանյանն իր խոսքում մատնանշել է Արցախի ճակատագրի նկատմամբ անտարբեր մնալ չկարողանալու հանգամանքը։ Սա, սակայն, ստանդարտ տեքստային կաղապար է թվում։ Մինչդեռ վերոնշյալ հարցերի պատասխանները միայն կարելի է կռահել։

Ընդունենք, որ Ռուբեն Վարդանյանն, իսկապես, հայրենասիրական մղումներից ելնելով է գնում այդ քայլին։ Հաջողակ գործարարը, որը, ենթադրելի է, պետք է ունենա կանխատեսելու հմտություններ, երկրորդ և երրորդ նախագահների արցախյան քաղաքականության հետնախորքում մի՞թե չէր նշմարում Արցախի հեռանկարի անհեռանկարայնությունը։

Իսկ, միգուցե, ներկա իրավիճակը համեմատելի՞ է 1998թ. հետ։ Միգուցե, Վարդանյանն էլ, տեղափոխվելով Արցախ, փորձի ներգրավվել քաղաքական պրոցեսների մեջ, օգտագործելով իր ռեսուրսները՝ կուտակի քաղաքական կապիտալ և փորձի դա փոխադրել ՀՀ։ Այդ սցենարը Հայաստանում նոր չէ։ Այն կիրառվել է հենց 1997-98թթ., երբ Արցախի հարցը դարձավ այն առիթը, որը օգտագործվեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից՝ իշխանության համար պայքարի ընթացքում։ Հետայդու՝ 20 տարիների ընթացքում, Արցախի հարցը դարձավ երկրորդ և երրորդ նախագահների համար սեփական իշխանությունը վերարտադրելու գործիք։ Իսկ իրենց քաղաքական կապիտալը Քոչարյանը և Սարգսյանը կուտակել էին Արցախում։ Նրանք ղեկավար դիրքեր էին զբաղեցրել ղարաբաղյան 1-ին պատերազմի ընթացքում, Քոչարյանն էլ Արցախի նախագահ էր դարձել, որից հետո տեղափոխվել Երևան՝ որպես վարչապետ։

Կարո՞ղ ենք բացառել, որ Վարդանյանն այս օրինակն ունի աչքի առաջ։ Ոչինչ բացառել չենք կարող, եթե նկատի առնենք շարունակաբար շրջանառվող խոսակցությունները Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու մասին։ Իհարկե, պետնախարարի պաշտոնը նախագահի պաշտոն չէ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի դեպքում, այդուհանդերձ, որպես ցատկահարթակ օգտագործել կարելի է։ Ամեն դեպքում, սրանք դեռևս խոսակցություններ են, սակայն իրականանալու պարագայում որոշակիորեն կհստականա հնարավոր սցենարը։

Այսօրվա պայմաններում իրատեսական չէ 1998թ. սցենարի կրկնությունը մի քանի պատճառներով։ Նախ, այլ են մեկնակետերը։ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ՀՀ տեղափոխվեցին պատերազմում հաղթանակի մեջ ներդրում ունեցած գործիչների կապիտալով։ Վարդանյանը զրկված է դրանից՝ հայտնի պատճառներով։ Բացի այդ՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում Արցախի հարցի շահարկմամբ ներկայումս դիվիդենտներ շահելը լուրջ հաջողությունների հանգեցնել չի կարող, օրինակը «Հայրենիքի փրկության շարժում» և «Դիմադրություն շարժում» անունները կրող հակաիշխանական խմբերի նախաձեռնություններն են, որոնք դիրքավորվում էին որպես Արցախի փրկիչներ։ Այդ շարժումների անփառունակ վախճանը նախանձելի լինել չի կարող Վարդանյանի համար։

Եվ, ի վերջո, ինչպե՞ս է տեսնում Արցախի ապագան Ռուբեն Վարդանյանը։ Արդյո՞ք բաղձալի նպատակը Հայաստանի թաթարստանացումն է։ Իսկ ինչպե՞ս կընկալվի Վարդանյանը միջազգային հանրության կողմից, չէ՞ որ նա ռուսաստանյան միջավայրի ծնունդ է՝ իր կերպարով, բիզնեսմենի կենսագրությամբ, ինչպես նաև նրա անունը հաճախ հայտնվում է ամերիկյան պատժամիջոցներ սահմանող բանաձևերի նախագծերում։ Ինչպե՞ս կընկալվի նրա ներկայությունը Արցախում, եթե հաշվի առնենք, որ նա ևս արևմտյան պատժամիջոցների ներքո է։ 

Սրանք այն բազմաթիվ հարցերից միայն մի մասն են, որ պետք է հաշվի առնել՝ միամիտ խանդավառության փոխարեն։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»