Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ սեպտեմբերից վերսկսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները: Սա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ընդդիմության՝ արդեն չորրորդ փորձն է լինելու՝ փողոցային պայքարով հասնել Փաշինյանի հրաժարականին: Նախորդ երեք փորձերից առաջին երկուսը ավարտվեցին արտահերթ ընտրություններով, բայց դրանց արդյունքներն ընդդիմությանը հետ չպահեցին նույն մեթոդը վերստին փորձարկելուց: Գարնանը չհասնելով հաջողության՝ ընդդիմությունը, փաստորեն, չորրորդ փորձն է սկսում՝ թեժ աշնան խոստմամբ:
Բավական հետաքրքրական է դառնում, թե ինչու է ընդդիմությունը փորձարկում միևնույն մեթոդը, ինչու, օրինակ, այդ մեթոդին ընդդիմությունը չդիմեց օգոստոս ամսին, երբ օրակարգում Լաչինի նոր միջանցքն էր, ինչպես նաև՝ հին միջանցքի շրջակա երեք բնակավայրերի խնդիրը: Ռացիոնալ բացատրություն դժվար է գտնել՝ բացի այն, որ ընդդիմությունն այս դեպքում ոչ թե առաջնորդվում է կոնկրետ խնդիրներով, որոնցով գուցե կարողանար որոշակի հանրային դժգոհության ալիք գեներացնել, այլ որոշումներ կայացնելու ուրիշ չափանիշներ ունի:
Իրավիճակն առավել հետաքրքիր է դառնում, եթե հաշվի առնենք սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվող ընտրությունները, որոնցում խորհրդարանական ընդդիմությունն ակնհայտորեն պասիվ դիրք է որդեգրել. իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժն, ընդհակառակն, ակտիվ պատրաստվում է այդ ընտրություններին: Ի միջի այլոց, այս պրակտիկան, երբ ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը չափից շատ անհաղորդ է, իսկ իշխանությունն՝ ընդհակառակն, նոր երևույթ չէ Հայաստանում: Հայաստանյան ընդդիմությունները ավանդաբար մտայնություն ունեն, որ իշխանության հարցը որոշվում է Երևանում, և ՏԻՄ-երում ռեսուրսներ վատնելու կարիք չկա: Սակայն համապետական ընտրությունների ժամանակ այդ նույն ուժերը ջանք չեն խնայում՝ համայնքներում քարոզարշավ անելու ու ձայներ ստանալու համար:
Ինչևէ, սպասվող թեժ աշնան՝ հայտարարված օրակարգում և ձևաչափում, կարծես, փոփոխություններ չեն լինելու: Փոքր բացառություն կարող է լինել այն, որ ընդդիմությունն ինչ-որ կերպ հայտնվի խորհրդարանում, ինչպես իրենք են պնդում՝ վարչապետի իմպիչմենտի օրակարգով: Սա տեսականորեն հնարավոր է միայն մի դեպքում, եթե այդ նախաձեռնությանը միանան նաև իշխող ֆրակցիայի ներկայացուցիչներ, ինչի հույսը, թերևս, անգամ իրենք՝ ընդդիմադիրները չունեն: Կարելի է վստահաբար պնդել, որ, չնայած վարկանիշային բացասական տարբերությանը, իշխանությունն այս պահին՝ ի համեմատ 2018թ., առավել կոնսոլիդացված է գործում: Ուստի իմպիչմենտի գործընթացը պարզապես ևս մեկ «արար» է ընդդիմության՝ արդեն ավանդական դարձած գործողություններում, որոնք ավելի շատ աչքի են ընկնում ոչ թե արդյունքի հասնելու, այլ իշխանության դեմ հնարավոր բոլոր պայքարի մեթոդները հրապարակավ փորձարկելու ձգտմամբ: Իրապես խորհրդանշական կլինի, երբ սեպտեմբերի 25-ին ընդդիմությունը հանրահավաք անցկացնի իշխանափոխության օրակարգով, իսկ այդ նույն և հաջորդ օրը իշխանությունը ՏԻՄ ընտրություններում գրանցի հաջողություններ:
Այլևս, սակայն, ակնհայտ է դառնում, որ «հանդարտ» կյանքին վերադարձ չի լինելու, և ընդդիմությունն ու իշխանությունը չեն հայտնվելու խորհրդարանում իրար կողք նստած՝ օրինագծեր քննարկելու: Ընդդիմությունը հերթական ձախողումներից հետո շարունակում է պայքարի նույն հռետորաբանությունն ու մեթոդները բանեցնել՝ նոր շրջափուլից առաջ բարձրացնելով շեշտադրումների շեմն ու ակնկալիքները: Իշխանությունը, լինելով երկրի կառավարման ղեկին, ընդ որում՝ բավական բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ժամանակներում, ընդդիմության այս վարքագիծը բնականաբար ընդունելու է որպես հակոտնյա: Երկխոսության հնարավորությունն, ըստ այդմ, գնալով սպառվում է, և նույնիսկ խորհրդարանի հարթակը, թեկուզ՝ ձևական ու անթաքույց մերժողականությամբ լցված, չի կարողանալու երկու կողմերին բերել նույն քաղաքական համայնապատկերի մեջ: Այդ համայնապատկերը վերջնականորեն մոտենում է երկատման, ինչն անհետևանք մնալ չի կարող թե՛ քաղաքական դաշտի որակի, թե՛ պետության ամրության համատեքստում:
Հնարավոր է, անշուշտ, որ այս իրավիճակը կարող է շարունակվել մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Այդ դեպքում էլ, սակայն, իրավիճակը կարող է մնալ փակուղում, եթե ընդդիմության տեղերը նորից զբաղեցնեն նույն ուժերը, ինչ այսօր: Վատատեսական սցենարի դեպքում այս իրավիճակը բերելու է ընդդիմադիր դաշտի արմատական ամայացման ու վերջնական մարգինալացման՝ հղի բավական բացասական ելքերով, որոնցից մեկը կարող է լինել առավել անպատասխանատու վարքի տեր ուժերի կողմից վակուումի կապիտալիզացիան։ Մյուս՝ քիչ թե շատ լավատեսական սցենարն էլ կարող է լինել նոր ընդդիմադիր ուժերի ի հայտ գալը: Այս վերջին տարբերակը Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի դրական հանգուցալուծման միակ հնարավոր սցենարն է թվում:
Ցավոք, թե ընդդիմությունը, թե իշխանությունը, թե, ընդհանրապես, քաղաքական դաշտը հիմա առավելապես կենտրոնացած են տարածաշրջանային մարտահրավերների վրա: Իշխանությունը փորձում է մեղմել դրանց ազդեցությունը Հայաստանի վրա, ընդդիմությունը՝ բացառապես ներքաղաքական շահախնդրությունից ելնելով, փորձում է կապիտալիզացնել այդ մարտահրավերների ազդեցությունը, իսկ հասարակական-քաղաքական շրջանակները լուռ սպասման մեջ են՝ դիտողի դերում: Այս իրավիճակում քաղաքական դաշտի հեռանկարները չեն էլ դիտարկվում՝ մղվելով երկրորդ պլան, առաջինում թողնելով ընթացիկ խնդիրները: Ընդդիմության խոստացած հերթական թեժ աշունը ասվածի ևս մեկ ապացույցն է լինելու: