Վերլուծություն

Եղանակները զովանում են, ծովափերը՝ փակվում, ընդդիմությունը վերադառնում է հուժկու պայքարին

Օդերևութաբանները բավական լավ եղանակներ են խոստանում, հատկապես՝ Երևանում։ Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, միաժամանակ՝ շոգը մի փոքր նահանջել է, հատկապես՝ երեկոյան ժամերին։ 

Հայրենիքը փրկելու համար հրաշալի եղանակ է։ Կարելի է նույնիսկ ընդդիմությանը աչքալուսանք տալ։ Հիշո՞ւմ եք՝ գարնանը անձրևների, ապա՝ սաստիկ շոգի պատճառով մի քանի անգամ ստիպված եղան հետաձգել հանրահավաքները։ Բայց հիմա, վերջապես, եղանակային բարենպաստ պայմաններ են ստեղծվել, ու կարող են օգտվել այս հնարավորությունից։ Միայն մի վերապահում. օդերևութաբանները չեն հստակեցնում, թե լավ եղանակները որքան կպահպանվեն, և արդյո՞ք սեպտեմբերի վերջերից կրկին անձրևներ են սպասվում։ Այնպես որ, պետք է շտապել։ 

Բարեբախտաբար, Էդգար Ղազարյանն, օրինակ, արդեն ոտքի է ելել, իշխանափոխության օր ու ժամ նշանակել. ասում է՝ օգոստոսի 31-ից Հայաստանում նոր վարչապետ է լինելու։ Թե ո՞վ է լինելու նոր վարչապետը, նա չի հստակեցրել, թեպետ պատրաստ է անձամբ ստանձնել այդ ծանր պատասխանատվությունը։ «Դիմադրության» շարժումն էլ իր հերթին է շարունակում գաղտնի պահել վարչապետացուի անունը. Սերժ Սարգսյանի հեռուստացույցում ընդդիմության «առաջնորդ» երևակվող Իշխան Սաղաթելյանն իր վերջին հարցազրույցում ևս չհայտնեց՝ հերթական անգամ տուրք տալով միստիցիզմին ու խորհրդավորության քողը հրաժարվելով բարձրացնել։ Սաղաթելյանը, սակայն, մի հարցում անկեղծ էր, երբ ասում էր, թե իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա՝ հրաժարական կամ խորհրդարանի միջոցով պաշտոնանկություն, բայց եթե չլինի համաժողովրդական լայն ընդվզում, ոչ հրաժարականը, ոչ պաշտոնանկությունը չեն ստացվի։ Սաղաթելյանը նաև վստահեցնում է՝ «պաշտոնանկությունը մեր օրակարգում է, մենք կմտնենք պրոցեսի մեջ այն ժամանակ, երբ կունենանք նպաստավոր պայմաններ»։ Վերևում արդեն խոսեցինք եղանակի նպաստավոր լինելու մասին, կարծես ընդդիմության գործը 50 տոկոս ֆորա ունի արդեն։

Եթե հիշում եք՝ գարնանային ակցիաների վերջում, երբ արդեն եկավ մարտավարական «հուժկու» փոփոխությունների անվան տակ վրանները հավաքելու պահը, ընդդիմության առջև կրկին ծառացավ խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցը։ Մանավանդ, որ Արթուր Վանեցյանն էլ մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ Եվ «Հայաստան» խմբակցությունից համոզում էին, թե իրենք խորհրդարանում դեռ անելիք ունեն, և մանդատները պահելն ինքնանպատակ չէ։ Անելիքն էլ ԱԺ-ում վարչապետի պաշտոնանկության հարցը բարձրացնելն էր. նրանք նույնիսկ ժամկետների մասին էին ակնարկում՝ օգոստոսի սկզբին, երբ արդեն օրենսդրության համաձայն հնարավոր կլինի անվստահության գործընթաց նախաձեռնել, իրենք կգնան այդ քայլին։ Բնականաբար, օգոստոսին որևէ գործընթաց նրանք չնախաձեռնեցին. արձակուրդ էր և՛ ԱԺ-ն, և՛ իրենք՝ ընդդիմադիրները։ Ասում են՝ ԱԺ պատգամավորի անձնագիրը եվրոպական լավագույն հանգստավայրերի համար դյուրին վիզա են ապահովում։ Բնականաբար՝ ոչ ինքնանպատակ։

Բայց թվում է, որ աշնանն էլ, երբ խորհրդարանը սկսի աշխատանքները, նորից դժվար թե ականատես լինենք իմպիչմենտի գործընթացի։ Պատճառաբանությունը հստակ է՝ հարկավոր է համաժողովրդական լայն ընդվզում, որը դեռ չի հասունացել։ Այսինքն՝ իմպիչմենտի գործընթաց չեն սկսի, խորհրդարան էլ հազիվ թե վերադառնան, բայց մանդատները կպահեն, նույնիսկ աշխատավարձ ու հավելավճար կստանան։ Ասում են՝ նոր տարվա շրջանում ևս վիզայի կարիք է լինում այս անգամ Ամանորը Եվրոպայում անցկացնելու խրոխտ վճռականությամբ։ Ուրիշ ի՞նչ է պետք գոհ ու երջանիկ լինելու համար։ 

Մանավանդ, որ նաև հանրահավաքները առաջվա պես ամենօրյա ռեժիմով չեն անելու. Իշխան Սաղաթելյանն իր հարցազրույցում հայտարարեց, թե իրենց պայքարում մարտավարական փոփոխություններ են լինելու, բայց ամենօրյա ռեժիմով, ինչպես մայիսին էր, երթեր ու ցույցեր չեն անելու։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք այդ մարտավարությունը ենթադրում է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի՝ կուրորտային հանգստի նախընտրության փոփոխություն ասենք Հունսատանից՝ Գերմանիա։ Այս մասին լռելով՝ Իշխան Սաղաթելյանը միաժամանակ խոստացել է սեպտեմբերից մեծ թափով սկսել պայքարը։ Թե այդ դեպքում ո՞րն է լինելու մեծ թափով պայքար սկսելը, հավանաբար միայն դաշնակներին է հասու։ 

Հ.Գ. Զարմանալի զուգադիպությամբ հայրենիքը փրկողները Լաչինի 3 գյուղերի հանձնման հարցում կատարյալ լուռ էին, անգամ մի աղմկոտ ակցիա չկազմակերպեցին ՀՀ ԱԳՆ առաջ։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ։ 

Հ.Գ. 2.  Ակամայից հիշեցինք վատ պարողին խանգարող հանգամանքների մասին հայտնի անեկդոտը։ Սաղաթելյանից զատ ընդդիմության մյուս առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը կվկայի։