Երկար ընդմիջումից հետո երկուշաբթի երեք հեռուստաընկերությունների եթերում հարցազրույց տվեց Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով ընդդիմության առաջնորդ հռչակված Իշխան Սաղաթելյանը։ Վերջինս հավաքականորեն ի ցույց դրեց իրողությունը, որ ընդդիմությունը գարնանը տեղի ունեցած պրոցեսներից այդպես էլ դասեր չի քաղել։ Սաղաթելյանը նշում է, որ դասեր քաղել են, խոսում է «շարժման» ձեռքբերումների և բացթողումների մասին, բայց բովանդակությամբ՝ հարցազրույցը դատարկ այդ ձևին հենց տուրք տալու դրսևորում էր։
Որպես բացթողում՝ Սաղաթելյանը մատնանշել է այն, որ չեն կարողացել ժողովրդին համոզել, որ «շարժումը» անձերի իշխանության համար չէ, այլ՝ Արցախի և Հայաստանի փրկության։ Այո, չեն կարողացել համոզել, որովհետև հնարավոր չէ համոզել դիմացինին նրանում, ինչին ինքդ չես հավատում։ Չեն կարողացել համոզել, որովհետև սեփական գործողություններով հակառակն են ապացուցել, երբ ընդդիմադիր դաշտում ի հայտ եկող ցանկացած ուժի պիտակել են որպես իշխանության գործակալ, եթե այդ ուժերը չեն կիսել իրենց տեսակետները և օրակարգը։ Չեն կարողացել համոզել, որովհետև երբ իշխանության էին, ճիշտ հակառակն էին անում ու ամբարտավան կեցվածք ընդունում՝ «իշխանության ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով» նշանաբանով։ Ինչ, ինչ, բայց ժողովուրդը հիմար չէ, հիշողություն ունի։
Հաջորդ ուշագրավ հայտարարությունը վերաբերում է «շարժման» ձեռքբերումներին։ Նա հայտարարել է, որ երկրի հանձնումը նախատեսված էր ավելի շուտ, սակայն իրենց «շարժումը» ժամանակավորապես հետաձգեց այն։ Պարզվում է, որ երկրի հանձնումը կանխելու և Արցախը փրկելու կոչերով շարժումը ընդամենը հետաձգել է այդ գործընթացը։ Հետաձգել է՝ ըստ Սաղաթելյանի։ Այլ հարց է, որ եռակողմ պայմանավորվածությունները կարող են կատարվել օբյեկտիվ ժամանակային փոխատեղումներով, սակայն այդ փոխատեղումները հայաստանյան ընդդիմությունը կարող է վերագրել իրեն՝ դա ներկայացնելով իր ձեռքբերումը։ Ի վերջո, «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ստեղծած» նախկին իշխանությունները, որ խոստանում էին 8000 կմ²-ոց անկախ Արցախ, ուժերն ընդամենը հերիքում է «հանձնելը» հետաձգելո՞ւն։ Բա ո՞ւր մնաց 1990-ականներին «ինքնագլուխ» ադրբեջանական տարածքների նվաճումներն ու Հայաստանի իշխանություններից «թաքուն» հաղթանակներ կերտելու «վոյինությունը»։
Սաղաթելյանը որպես ձեռքբերում մատնանշել է միջազգային արձագանքը իրենց շարժմանը, մասնավորապես այն, որ իրենց նախաձեռնությանն անդրադարձել են՝ երեք անգամ Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահը։ Փաստորեն, Իշխան Սաղաթելյանի և ընդդիմադիր ճամբարի հպարտությունը շոյող հանգամանքը և միջազգային արձագանքի չափանիշը Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների արձագանքի շրջանակներում են։
Խոսելով իրենց հետագա անելիքների և քայլերի մասին՝ Սաղաթելյանը, ըստ էության, մնաց նույն տեղում, քանզի երկար ու ձիգ բառաձգումների արդյունքում պարզ դարձավ, որ որևէ հստակ ծրագրային պլանավորում կրկին չկա։ Ընդդիմությունը վայր չի դնելու մանդատները, խորհրդարան է վերադառնալու իր օրակարգով, իմպիչմենտի գործընթաց կսկսեն, եթե դրա համար բավարար նախադրյալներ լինեն, և այլն, և այլն։ Այդուհանդերձ, անչափ հետաքրքիր է, թե ինչ է թաքնված այդ «բավարար»-ի ներքո։
Դա թողնենք Սաղաթելանի բանասիրական և քաղաքական ընկալումների չափումներին։ Երևի այդ ընկալումների սահմաններում է տեղավորվում շարժման մարտավարության մասին հարցին չպատասխանելը, քանզի ընդդիմության առաջնորդը հայտնեց, որ սեպտեմբերին մեծ թափով մեկնարկելու է ընդդիմության պայքարը, կլինեն մարտավարական փոփոխություններ, սակայն ինչպիսիք, չի մանրամասնել։ Հենց այն նույն ոգով, ինչպես խուսափում է վերջապես հստակորեն հայտարարել, թե ո՞վ է ընդդիմության վարչապետի թեկնածուն։ Իսկ դա ցավոտ հարց է, քանզի մերկացնելու է հիմնական նպատակը։ Նպատակ, որը ոչ թե «հայրենիքի փրկությունն» է, այլ արդեն առասպելական դարձած հայտնի անհայտին իշխանության վերադարձնելը։