Վերլուծություն

Հայաստանը տեղեկատվական սպառնալիքների առաջ. ո՞րն է մեդիագրոհների իրական նպատակը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած հրդեհն ու պայթյունը ցնցեց հայաստանյան հասարակությանը: Պատճառը ոչ միայն տեղի ունեցածի մասշտաբայնությունն է: Վերջին տարիների դեպքերը էականորեն զգայուն են դարձել հանրային ընկալումները, ցանկացած փոքր, թե մեծ ֆորս մաժոր հասարակական օրգանիզմն ընդունում և մարսում է բավական դժվարությամբ: Ցավոտ այս իրականությունը բերել է մի վիճակի, երբ հասարակական օրգանիզմն առավելապես հակվում է իրադարձությունների իռացիոնալ, հաճախ դավադրապաշտական բացատրություններին, ինչն, իհարկե, ունի օբյեկտիվ հիմքեր: 

Սակայն քիչ չեն նաև սուբյեկտիվ գործոնները, որոնք գերզգայուն դարձած հասարակական տրամադրություններն ըստ առիթի օգտագործում են ինֆորմացիոն դիվերսիաներ իրականացնելու նպատակով: Տեղի ունեցած ողբերգությունը ևս որոշակի ուժերի համար դարձավ նման ինֆորմացիոն դիվերսիայի առիթ՝ ողբերգությունից բառացիորեն ժամեր անց: Հայաստանի հանրային կյանքի վրա որոշակի ազդեցություն ունեցող ինֆորմացիոն շրջանակներից սկսեցին կազմակերպված ձևով հորդալ կեղծ լուրեր, մեկնաբանություններ, վերլուծություններ, որոնք առանց այդ էլ գերզգայուն իրավիճակը առավել զգայունացնելու միտում ունեին: 

Ինֆորմացիոն դիվերսանտներին շատ հաճախ կարելի է շփոթել դիտումներով գովազդ ապահովող սունկ–կայքերի հետ, որոնք, սկանդալային վերնագրեր, հորինված նյութեր տարածելով, լուծում են ֆինանսական հարցեր: Այս դեպքում, սակայն, ունենք ակնհայտ կազմակերպված ինֆորմացիոն արշավ՝ հստակ տողատակերով ու ազդակներով: Փորձ է արվում իրավիճակի ողբերգականությունը նախ բազմապատկել՝ օրինակ, ներկայացնելով, որ մահացածներից մեկը երեխա է: Ու, չնայած նմանատիպ տեղեկություններն արագ հերքվում են, բայց էֆեկտը որոշակի ժամանակ մնում է: Այնուհետ սկսվում է դեպքի քաղաքականացումը, բայց ոչ թե/ոչ միայն իշխանության, այլ պետության ինստիտուտի վարկաբեկման կոնտեքստում: Մեկը մեկին հերթ չտալով՝ դիվերսանտները սկսում են շրջանառել թեզեր առ այն, որ նման ողբերգության պատճառը թույլ պետության կամ պետության բացակայության պատճառով է, և որ նմանատիպ դեպքերն էլի են կրկնվելու: Փորձ է արվում տեղի ունեցածը մաքսիմալ օգտագործել անպաշտպանության զգացում տարածելու նպատակով: 

Հայաստանի շուրջ ձևավորված այս ինֆորմացիոն դիվերսիաներն ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին դերակատարներ: Ընդ որում՝ ներքին դերակատարները քիչ թե շատ նույնակացման ենթարկելի են, բայց արտաքին դերակատարների մասով իրական խնամակալի հարցը շարունակում է միանշանակ չլինել: Այնուամենայնիվ, գործ ունենք արդեն հաստատուն իրողության հետ, որ ժամանակ առ ժամանակ, հատկապես ճգնաժամերի ընթացքում գլուխ է բարձրացնում:

Այս իրավիճակում այդքան կարևոր չէ այդ դիվերսիաների բովանդակությունն ու կազմակերպիչների ով լինելը, որքան եղածը՝ ի գիտություն ընդունելն ու համապատասխան հակաքայլեր ձեռնարկելը: Ինչպես ցանկացած տեղեկատվական արշավ, այդպես էլ աղետի վրա արվող այս ինֆորմացիոն գրոհները, բնականաբար, հիմքում ունեն այս կամ այն քաղաքական նպատակը: Դրանք ինքնին, որպես առանձին վերցրած երևույթներ չեն լինում, հատկապես նման կազմակերպվածությամբ: Հետևաբար, դրանց դիմակայելը կրում է ոչ միայն ընթացիկ տեղեկատվական արդյունավետությունը բարձրացնող բնույթ, այլ ունի քաղաքական նշանակություն: Ընդհանուր պատկերում երևում է դրանց հիմնական քաղաքական նպատակը՝ Հայաստանը ներկայացնել որպես ձախորդ պետություն (fragile state): Հետևաբար հակաքայլերն էլ պետք է լինեն հակընդդեմ տրամաբանության մեջ՝ բնականաբար, դասեր քաղելով նախկին սխալներից: 

Խոսքը պետության տեղեկատվական քաղաքականության, իսկ ճգնաժամային իրավիճակներում հստակ աշխատող մեխանիզմներ ունենալու մասին է, որը առաջին հերթին հենց վերոնշյալ քաղաքական նպատակը սպասարկող ինֆորմացիոն գրոհներին հակազդման հիմքով պետք է կառուցվի: Հայաստանը, որպես անցումային երկիր, որտեղ պետական համակարգերն ունեն կայացման խնդիր, ճգնաժամային իրավիճակներում ունի հասարակության հետ հաղորդակցվելու դժվարություններ, մասնավորապես՝ պետական ինստիտուտների միջև ինֆորմացիայի ներդաշնակեցման, միասնական մեսիջինգի մասով: 

Առաջին հայացքից է միայն տեղեկատվական ռազմավարությունը սոսկ ոլորտի շահառուների հետաքրքրությունների շրջանակում: Տեսնելով այն հստակ տենդենցը, որ դրսևորվում է յուրաքանչյուր ճգնաժամի ժամանակ, նման ռազմավարության անհրաժեշտությունը դառնում է քաղաքական առաջնահերթություն: Այդ ռազմավարության ուղղությամբ հապաղումն ինչ–որ պահից կարող է բերել մի իրավիճակի, երբ հանրության նույնիսկ ամենասթափ հատվածները կամ կտրվեն ինֆորմացիոն դիվերսիաների ազդեցությանը, կամ էլ պարզապես դուրս կգան ինֆորմացիայի սպառման հարթակներից՝ որդեգրելով խիստ ապատիկ, ըստ էության, նաև ապաքաղաքական կեցվածք, ինչն էլ, ամենայն ամենայնի, նմանատիպ դիվերսիաների նպատակներից մեկն է: