Վերլուծություն

Ինչո՞ւ չեն համընկնում Հայաստանի և Ռուսաստանի «ժամացույցները»

2020թ. պատերազմից հետո օդում կախվել էր մի ընկալում, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում բացառում է ոչ միայն նոր պատերազմի հնարավորությունը, այլև՝ ընդհանրապես որևէ կնճռոտ, կոնֆլիկտային դրսևորում: Պատերազմի ավարտից շատ չանցած՝ Հին Թաղերի և Խծաբերդի, վերջերս էլ՝ Փառուխի և Բերձորի դեպքերը ցույց են տալիս, որ նման ընկալումն, առնվազն փոքր միջադեպերի մասով, անհիմն է: 

Ընդհանրապես, խաղաղապահների ներկայությունը որևէ երկրում հիմնովին չի կարող բացառել կոնֆլիկտային միջադեպերի առկայությունը, քանի դեռ չկա համապարփակ քաղաքական կարգավորում: Ավելին, խաղաղապահների ֆունկցիան սովորաբար կրում է հենց քաղաքական իմաստ և միայն առաջին հայացքից է «խաղաղապահ առաքելություն», խորքում՝ դրանք, առաջին հերթին, սպասարկում են առաքելության նախաձեռնողի քաղաքական շահերը: Այս իմաստով՝ ռուսական խաղաղապահությունը Արցախում, մեծ հաշվով, չի տարբերվում որևէ այլ տեղում որևէ այլ գերտերության կամ գերտերությունների խաղաղապահ առաքելություններից:

Ռուսական խաղաղապահ առաքելության մասին մեր ունեցած ընկալումները անընդհատ բախվում են հուսահատ զարմանքի պատին, երբ գրանցվում է հերթական միջադեպը: Հաշվի չի առնվում ոչ միայն վերը նշված պարզ քաղաքական տրամաբանությունը, այլև՝ այն հանգամանքը, որ Ռուսաստանը, լինելով ռեգիոնալ գերտերություն, որն այժմ համաշխարհային գերտերություն դառնալու հայտ է ներկայացրել ու պատերազմում է այդ հայտը հաստատելու համար, իրերին նայում է առավել լայն դիտանկյունից: Այդ լայն դիտանկյան մեջ ռուսական քաղաքականությունը առանձնապես չի տրվում ընթացիկ, իր դիտանկյունից փոքր իրադարձություններին: Նրա համար առաջնային է իրավիճակի լայնածավալ էսկալացիա թույլ չտալը, իսկ դրանից մի քանի աստիճան ցած գտնվող խնդիրները վերջինս դիտարկում է օպերատիվ կառավարելիության մակարդակում պահելու կոնտեքստում:

Հենց այստեղ է, որ հայաստանյան քաղաքական միտքը պարբերաբար ունենում է հուսահատության դրսևորումներ: Նախ, չի աշխատում ռուսական խաղաղապահության մասին կարծրատիպային ընկալումը, երկրորդ, ենթադրվում է, որ մեզ համար էական նշանակություն ունեցող իրադարձությունները նույնքան նշանակալի են ռուսական կողմի համար: Սա է պատճառը, որ ցանկացած ցավոտ միջադեպից հետո Հայաստանում սկսում է խիստ քննադատվել ու վերանայման արժանանալ ռուսական խաղաղապահ առաքելությունը: Սակայն նմանատիպ քննադատությունը որևէ համապատասխան արձագանք չի ստանում ռուսական կողմից:

Սրա վառ վկայությունը օգոստոսի 4-ին, Արցախում մի շարք քաղաքական և հասարակական շրջանակների հետ հանդիպման ժամանակ, ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Վոլկովի հայտնած միտքն է առ այն, որ Ադրբեջանը ավարտել է Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի՝ իր հատվածը, և ինքը որևէ խնդիր չի տեսնում, որ հայկական կողմն էլ սեղմ ժամկետներում ավարտի իր հատվածը: Հայկական կողմը Լաչինը շրջանցող ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունը նախատեսում է սկսել մոտ ժամանակներս, բայց ավարտել նախատեսում է մյուս գարնանը, որի հիմնավորումը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է ու այն դրույթը, ըստ որի՝ այդ շրջանցող ճանապարհի շինարարության համար կա ևս մեկ տարի և երեք ամիս: Այս դրվագը համապարփակ կերպով ցույց է տալիս, թե ինչպես են իրերին նայում հայկական ու ռուսական կողմերը: Ռուսական կողմի համար նմանատիպ հարցերն առավելապես օպերատիվ մակարդակում լուծվող են՝ ռեալ պոլիտիկի և ոչ՝ հայտարարությունների ու փաստաթղթերի կետերին համապատասխան: Հայկական կողմը, ընդհակառակն, իր հռետորաբանությունը կառուցում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների մեկնաբանման վրա:

Այս իրավիճակում, իհարկե, զուտ էթիկական տեսանկյունից հայկական կողմը իրավացի է: Բայց արդյո՞ք գետնի վրա իրավիճակն ու այդ իրավիճակի մյուս դերակատարները ևս նախընտրում են քաղաքականության վարման նման մեթոդաբանություն. ակնհայտ է՝ ոչ: Եվ պատճառներից մեկն էլ սա է, որ ռուսական և ադրբեջանական կողմերը, առաջին հայացքից, շատ հարցերում ցուցաբերում են ներդաշնակություն, քանի որ երկուսն էլ խաղի կանոնների ու ընթացիկ հարցերի լուծման նույն մատրիցայի կրողներ են, եթե շատ կոպիտ ձևակերպենք՝ ասիական ռեալ-պոլիտիկի, որում հայտարարությունները, պայմանագրերը ունեն իրենց տեղը, բայց ոչ պակաս տեղ են զբաղեցնում ուժի ցուցադրումը, կուլիսային սակարկումը, ագրեսիվ հռետորաբանությունը:

Հայաստանյան քաղաքական միտքը, չնայած պատմականորեն լինելով ասիականության ազդեցության գոտում, թե նախկինում, թե, հատկապես, հիմա, իրեն նույնականացնում է արևմտյան քաղաքականության հետ, որտեղ դեկլարատիվ, արժեքային, քաղաքակրթական նորմերը պահպանվում են առավել հոգատարությամբ ու հետևողականությամբ: Առաջանում է որոշակի պարադոքսալ վիճակ. մի կողմից՝ մեր խնդիրների միջավայրը խիստ արևելյան է, մեկ այլ կողմից՝ մենք այդ խնդիրները դիտարկում ենք արևմտյան լեզվամտածողության շրջանակներում:

Հաշվի առնելով, որ թե՛ ղարաբաղյան հարցի, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորումը մոտ ապագայում մեծ հույսեր չի ներշնչում, Հայաստանը խնդիր ունի՝ վերանայել իր մոտեցումները և դուրս գալ այդ պարադոքսից, որը յուրատեսակ թակարդի վերածվելու տենդենց ունի: Դեկլարատիվ, թղթի վրա գրված փաստերին հղում անելու մեթոդաբանությունից զատ՝ Հայաստանը խնդիր ունի ձևավորել ստրուկտուրալ մեխանիզմներ ու գործիքակազմ՝ նման իրավիճակները կառավարելու կամ, առնվազն, համարժեք արձագանքելու համար: