Խորհրդարանական ընդդիմությունը հետաձգել է հայրենիքի փրկության գործը. պատճառը կրկին եղանակային պայմաններն են։ Այս անգամ արդեն չարաբաստիկ շոգն է խառնել ընդդիմության ծրագիրը՝ ստիպելով չեղյալ հայտարարել վերջին հանրահավաքը։ Ամիսներ առաջ հայրենիքը փրկելուն խանգարում էին գարնանային հորդ անձրևները, և այն ժամանակ էլ նրանք նույնկերպ շտապեցին չեղարկել նախապես հայտարարված հանրահավաքը։ Խիստ գովելի էր, որ ընդդիմության լիդերները մտածում էին շարքերի առողջության մասին՝ կոչ անելով փակված փողոցները բացել և պատսպարվել անձրևից։
Ու մինչ ընդդիմադիրները կհայտարարեն պայքարի հերթական փուլի մասին (եղանակային առաջին իսկ տհաճ անակնկալի պատճառով հետաձգելով այն), փորձենք հետահայաց գցել այս ամիսների պայքարին։ Արդյունքները «խոստումնալից են». կարելի է բավականին հետաքրքիր արձանագրումներ անել։ Օրինակ, թեկուզ և այն հանգամանքը, որ հայաստանյան խորհրդարանական ընդդիմության ու Ադրբեջանի իշխանությունների խոսույթը չափազանց նման է։ ՀՀ իշխանություններին քննադատելիս նրանք անգամ նույն տերմինաբանությունն են օգտագործում։
Մասնավորապես՝ խոսելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մասին, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ Ադրբեջանի նախագահն այն անվանում են «կապիտուլյացիոն ակտ»։ Սա իրենց ելույթների ելակետն է, որից ելնելով արդեն՝ ընդդիմադիրները Հայաստանում, Ալիևը՝ Ադրբեջանում, քննադատում են իշխանություններին։
Օրինակները բազմաթիվ են. նախորդ տարվա օգոստոսին Ալիևն իր հարցազրույցներից մեկում խոսելով վերջին պատերազմի մասին, ասել էր՝ «Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, և պատերազմն ավարտվեց»: Նման տերմինաբանություն օգտագործելու վերջին դեպքն էլ օրեր առաջ էր, երբ Հայաստանին Ալիևը մեղադրել էր պայմանավորվածությունները չկատարելու մեջ և հայտարարել. «Ցավոք, Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ակտի ստորագրումից անցել է մեկուկես տարի, սակայն մինչ օրս առաջընթաց չկա»։
Հայաստանյան ընդդիմության ելույթներից մեջբերումներ չենք անի. ընդդիմադիր գործիչների հանրահավաքային կամ խորհրդարանական ցանկացած ելույթ ու հարցազրույց համեմված է ալիևյան տերմինաբանությամբ, և եռակողմ պայմանագրի մասին շեշտադրումով՝ որպես կապիտուլյացիոն փաստաթղթի։ Բայց եթե Ադրբեջանից հնչող նման տերմինաբանությունը հասկանալի է, ապա նույնը չես ասի ընդդիմադիրների դեպքում։ Արդյո՞ք ներքաղաքական դիվիդենտներն այնքան կարևոր են, որ պետք է հայաստանյան օրակարգ բերել նման բառապաշարը։ Ավելին՝ սեփական երկիրը այն աստիճան ստորացնել, որ կրկնես հակառակորդիդ որակումը ու ինքզինքդ համարես կապիոտւլացված։ Ի դեպ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իրավական առումով չի համապատասխանում կապիտուլյացիոն ակտի նորմերին, հետևաբար Ալիևի հայտարարությունը փաստացի քաղաքական է, իսկ Հայաստանի ընդդիմությունն էլ ակնհայտորեն կրկնելով՝ քաղաքական դաշինք է կնքում նրա հետ։
Թեև խորհրդարանական ընդդիմության դեպքում հասկանալի է՝ իրենց առջև նրանք խնդիր են դրել ամեն գնով Հայաստանում հասնել իշխանության՝ այդ ճանապարհին որևէ խտրականություն չդնելով մեթոդների մեջ։ Դա կանեն ադրբեջանական բառապաշարն այստեղ գեներացնելո՞վ, թե՞ այլ տարբերակներով՝ նրանց համար միևնույնն է։ Բայց այս ամենը միևնույնը չպետք է լինի ՀՀ քաղաքացիների համար, որոնց քվեով ձևավորվում է խորհրդարանը և ընտրվում իշխանությունը։