Թյուր են բոլոր այն կարծիքները և եզրակացությունները, թե Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը լուծվել է «Դիմադրություն» շարժման պարտությամբ։ Թյուր են նաև այն տեսակետները, թե «փողոցային» շարժման ավարտից հետո ճգնաժամը մուտք է գործել ավելի կայուն կամ քաղաքակիրթ փուլ։ Ճգնաժամը շարունակվում է, այն նույն խորության է, նույն վնասաբերության և ծայրահեղ վտանգավոր, պարզապես մուտք է գործել որակապես նոր փուլ՝ խորհրդարանական և արտահամակարգային ընդդիմության բացակայության կամ վակուումի փուլ, երբ քաղաքական համակարգն աշխատում է քաղաքական ընդդիմության բացակայության պայմաններում։ Սա անբնական վիճակ է, որում սահմանադրական կարևորագույն դերակատարություն ունեցողներից մեկը պարզապես բացակայում է, և խաթարված է օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի բնականոն աշխատանքը։ Խորհրդարանի բնականոն աշխատանք՝ չի նշանակում մեկ ֆրակցիայի կողմից գործադիրի կողմից բերված բոլոր օրենքների ու փաթեթների ընդունում, հակառակ դեպքում դա նույն հաջողությամբ կարող էր անել օրինակ որևէ տպիչ սարք։ Խորհրդարանի բնականոն աշխատանքը իշխանություն-ընդդիմություն հավասարակշռումն է, բանավեճը, փոխզիջումները և այլն։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե խնդիրը միայն այս խորհրդարանի մեջ է, և իրավիճակը կկարգավորվի հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ։ Բայց խնդիրը ոչ թե խորհրդարանի, այլ խորհրդարանը ձևավորած քաղաքական համակարգի ու հասարակության մեջ է։ Եվ եթե հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է կարգավորում բերեն, ուրեմն պետք է նախ փոփոխությունների ենթարկվեն քաղաքական լանդշաֆտը և խաղացողները։
Այն հասարակական-քաղաքական դրվածքը և քաղաքական համակարգը, որ ձևավորել է այս «նախկինների ու ներկաների» խորհրդարանը, ոչ մի տեղ չի կորել, և նոր ընտրությունների պարագայում նորից ձևավորվելու է «նախկիններ ու ներկաներ» ձևաչափով աշխատող խորհրդարան՝ հաշվի առնելով այդ ուժերի սոցիալական, ֆինանսական ու այլ ռեսուրսների տիրապետելու փաստը։ Եվ ուրեմն, մինչև չփոխվի այս ստատուս-քվոն, չի վերանալու նաև ստեղծված քաղաքական ճգնաժամը։
Այս պահի դրությամբ տեսանելի է միայն մեկ սցենար, որը կարող է ձևավորել նոր ուժային կենտրոն ու փոփոխություն բերել «նախկիններ-ներկաներ» ձևաչափի մեջ՝ այն վերածելով «ներկաներ ու ապագաներ» ձևաչափի։ Դա աջ ուժերի լայն կոնսոլիդացիայի՝ դաշինքի սցենարն է։ Առաջին փուլում դա կարող է լինել ընդամենը մի քանի քաղաքական ուժի կամ նախաձեռնության միություն, որը կվերածվի ծանրության կենտրոնի և կապահովի աջ տրամաբանության մեջ գործող այլ ուժերի համախմբումը։ Նման ուժերի օրինակներից են Պահպանողական, «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Ինքնիշխան Հայաստան», Քրիստոնե-Դեմոկրատական, «Արդար Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները և այլն։ Այս ուժերից և ոչ մեկն առանձին չի կարող մտնել խորհրդարան, դա բացառվում է, և, որպես հետևանք, չի կարող փոխել «նախկիններ-ներկաներ» ձևաչափը։ Միայն այս ուժերի ամբողջական կամ գոնե մեծամասնության դաշինքն է ի վիճակի դա անել, և խորհրդարան ներգրավելով, ջարդելով «նախկիններ-ներկաներ» փակ շղթան ու ստանձնելով ընդդիմության դերը՝ վերջապես լուծելու Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը։