Վերլուծություն

Դաշնակցական սպեկուլյացիա՝ իշխանությունների լռության ֆոնին

ՀՅԴ-ականները մեծ աղմուկ են բարձրացրել, որ օրերս կուսակցության բյուրոյի անդամ, ֆրանսահայ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել մտնել Հայաստան։ Եվ բնականաբար, ինչպես ժանրի կանոններն են պահանջում, ՀՅԴ-ականները նաև այս հարցում են անցել մանիպուլյացիաների. նրանք փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի և հարևան երկու պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների միջև, նշելով, թե Փափազյանն անցանկալի անձ է հայտարարված միայն այդ երկրներում ու Հայաստանում։ 

Սա, իհարկե, միանգամայն տեղավորվում է դաշնակցական քարոզչության տրամաբանության շրջանակներում, երբ քաղաքական հակառակորդներին «թուրք» են անվանում, թուրքերի հետ համեմատում և այդպես շարունակ։ 

Հիշում եք՝ այս տարվա գարնանը Հայաստանն ու Արցախը հերթական անգամ փրկելու անվան տակ Երևանի կենտրոնը մոտ մեկ ու կես ամիս օկուպացնելու ընթացքում դաշնակները փորձում էին հասարակությանը սևի ու սպիտակի բաժանել՝ իրենց չմիացողներին, նաև՝ իշխանություններին, որոնց դեմ պայքարում են, «թուրք» անվանելով։ ՀՅԴ-ականներն այդպես էլ չհասկացան, որ հասարակության՝ փողոց դուրս չգալու հիմնական պատճառներից մեկն էլ հենց իրենց սխալ հռետորաբանությունն է, երբ մարդկանց իրենց կողքը գրավելու փոխարեն վանում են։ 

Հիմա Փափազյանի վերաբերյալ ՀՅԴ-ից աղմկում են բոլորը՝ մեծ ու փոքր, մանր ու միջին, անգամ՝ լատենտ դաշնակները։

Ու քանի որ իշխանությունները հապաղում են կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնել, թեման շարունակում է բաց մնալ, և հայտնի չէ՝ իրականում ինչու է արգելվել նրա մուտքը։ Մինչդեռ, պաշտոնական պարզաբանումը պետք է վաղուց արդեն հրապարակված լիներ՝ կանխելու համար քաղաքական շահարկումները։ Ի վերջո, Հայաստան, այն էլ՝ ազգությամբ հայ օտարերկրացիների, մուտքն արգելելը եզակի փաստ է։ 

Այս հարցն ունի նաև իր բարոյական կողմը. դժվար չէ կռահել, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը Հայաստան ժամանել էր՝ ոչ Սևանի սառնորակ ջրերում հանգստանալու, ոչ էլ՝ Դիլիջանի անտառներում մաքուր օդ շնչելու համար, այլ՝ քաղաքական հերթական հյուրախաղերի։ Ու տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է սփյուռքահայերը Հայաստանի ներքաղաքական կայքին խառնվեն և իրենց «ճաշակը» թելադրեն։ Եթե նրանք լինեին բացառապես ՀՀ քաղաքացիներ, որևէ մեկը հազիվ թե առարկեր երկրի ներքաղաքական կյանքին նրանց մասնակցությանը։ Սակայն օտարերկրյա քաղաքացին, որը չունի նույն պարտականությունները, ինչ ՀՀ քաղաքացիները, չպետք է ունենա նույն հավասար իրավունքները։ Սա ընդունված նորմ է բոլոր երկրներում։ Ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ձևակերպում էր տվել՝ «Փարիզում և Նյու-Յորքում նարինջ ուտող հայը իրավունք չունի մեզ քաղաքականություն թելադրել, որովհետև Ղարաբաղում և Հայաստանում ոչ թե փարիզցին է զոհվում, այլ հայաստանցին, հայաստանցի երեխան է այստեղ սովից մեռնում»։

Նույնը հիմա է. ՀՀ սահմանին հայաստանցի զինվորականն է կանգնած, և հակառակորդի կրակոցը նրան է ուղղված, ոչ թե Փարիզում, Լոս Անջելեսում, Բեռլինում կամ Մոսկվայում հարմարավետ կյանք վայելող սփյուռքահային, որը բիզնեսով է զբաղվում տարբեր ազգությամբ գործարարների հետ, բայց Հայաստանում ապրող, կրակի տակ կանգնած քաղաքացուց պահանջում լինել հակաթուրք։ Ու հարևան երկրի հետ փակ սահմանների պատճառով Հայաստանի տնտեսությունն է տուժում, գնաճն իր մաշկի վրա Հայաստանում բնակվողն է զգում, ոչ թե արտերկրում ծվարած, տարին մեկ անգամ Մասիսով զմայլվելու եկածը։

Չնայած դաշնակների համար այս ամենը դժվար ընկալելի է. գարնանային փրկչական ակցիաների ժամանակ հանրահավաքներին կարծես չէին խորշում՝ մարդկանց սփյուռքից բերելու և գործիք՝ «հանրահավաքի միս» դարձնելու հարցում։