Վերլուծություն

Էրդողանը՝ Թեհրանում. ի՞նչ է ակնկալում Թուրքիան Իրանից

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին կմեկնի Իրան։ Այս շաբաթ էլ պարզվեց, որ Թեհրան է գնալու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հետաքրքրական է, որ Էրդողանի այցը շատ վաղուց էր պատրաստվում, և դեռ նախորդ տարվա ընթացքում խոսք էր գնում Էրդողանի՝ Իրան այցի և իսլամական հանրապետության ղեկավարների հետ բանակցությունների մասին։

Էրդողանի այցի ամենաառանցքային թեման, իհարկե, Սիրիան է։ Թեհրանում նախատեսում է քննարկել Թուրքիայի նախաձեռնած ռազմական օպերացիան Սիրիայում, որը, կարծես, պաշտոնապես մեկնարկել է, բայց մնացել հայտարարությունների մակարդակում։ Անկասկած է, որ այս հարցում Իրանի չեզոքությունը կարևոր դեր է խաղալու թե՛ սիրիական հարցի, թե՛ տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար։ Այդ համատեքստում ուշագրավ էր Իրանի ԱԳՆ Աբդոլահյանի հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը հասկանում է Թուրքիայի անհանգստությունը՝ Սիրիայի հյուսիսում քրդական վտանգի կապակցությամբ։ Այսինքն՝ իրանական կողմը, Թուրքիայի նախագահի այցին ընդառաջ, անհրաժեշտ փոխադարձ ժեստ է անում իր համար հույժ կարևոր հարցում։

Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին մեկուկես տարում պայմանավորված է Անկարայի և տարածաշրջանային այլ ուժերի միջև լարվածությունը թուլացնելու փորձերի հետ։ Այդ համատեքստում հիշելի են հանդիպումները Քաթարի էմիրի, ապա՝ Իսրայելի վարչապետի հետ, նույնիսկ՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերականգնման ջանքերը։ 

Իրանի և Թուրքիայի միջև այսօր բազմաթիվ հակասություններ կան, և դրանք միանգամից դրսևորվում են մի քանի տեղ։ Նախ, Սիրիայում, որտեղ Իրանը Ասադի ռեժիմի հուսալի դաշնակիցն է և հիմնական ռազմական մատակարարը, մինչդեռ Թուրքիան զինում և վերահսկում է Ասադի թշնամի ուժերի գրոհայիններին և փաստացի գրավել է Սիրիայի տարածքի մոտ 15%-ը։ Մյուսն Իրաքն է, որտեղ Թուրքիան «պատժիչ» գործողություններ է իրականացնում քուրդ-եզդիական խմբավորումների դեմ, մինչդեռ Իրանն աջակցում է շիա աշխարհազորայիններին և քրդերի հետ միասին դիմակայում թուրքական բանակին։ 

Մեզ համար ամենաառանցքայինն, իհարկե, Հարավային Կովկասն է, որտեղ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, իսկ Իրանը՝ խոսում «կարմիր գծերից» և Հայաստանի տարածքային ամբողջականությունից: Վերջապես, Թուրքիան վերջերս զբաղված է Իսրայելի հետ իր խնդիրների ու հակասությունների լուծմամբ, և իսրայելցիներն էլ փոխադարձաբար են պատասխանում Թուրքիայի նախաձեռնություններին։

Որքան էլ հակասությունները անլուծելի լինեն՝ հաշվի առնելով այդ երկու երկրների տարածաշրջանային նկրտումներն ու դիրքավորումը, ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան ցանկություն չունեն իրենց բոլոր հարաբերություններում հանգել առճակատման, և, ըստ այդմ, փորձում են համաձայնության եզրեր գտնել։ Օրինակ՝ Թուրքիան գազ է գնում Իրանից, և դա հատկապես կարևոր է այսօր, երբ Ուկրաինայի հակամարտության հետևանքով էներգակիրների գները կտրուկ բարձրացել են և միլիարդավոր դոլարների վնաս են պատճառում Թուրքիային ու անձամբ Էրդողանի հեղինակությանը։ Մյուս կողմից՝ Թուրքիան ձգտում է ամեն գնով կյանքի կոչել իր սիրիական օպերացիան, և քանի որ դրան դեմ է նաև Ռուսաստանը, Էրդողանը փորձում է գոնե մեղմել իրանական դիրքորոշումը և կարողանալ առաջ տանել իր համար հույժ կարևոր հարցը։

Բոլոր տարաձայնություններով հանդերձ՝ դժվար թե Թուրքիան ու Իրանը շահագրգռված լինեն միմյանց հետ լայնածավալ զինված բախման մեջ մտնել թե՛ քրդական, թե՛ սիրական ճակատներում։ Այդ առճակատումը չափազանց ռիսկային է, քանի որ խոսքը երկու տարածաշրջանային գերտերությունների մասին է, և նրանք երկուսն էլ չափազանց ուժեղ են՝ միմյանց ընկճելու համար։ Այդ պատճառով էլ, անկախ հռետորաբանությունից, ստիպված են գնալ բանակցությունների ու ընդհանուր օրակարգի եզրեր գտնել։ Իհարկե, դժվար լինի խաղաղություն հաստատել՝ մի կողմից Իրան-Սիրիա բլոկի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, բայց քրդական հարցում կարելի է հասնել ժամանակավոր չեզոքության և թուրքական օպերացիայի արդյունքներով կիսել քրդական տարածքների վերահսկողությունը՝ ստանալով ֆորմատ, որտեղ բոլորը շահած դուրս կգան։