Ավելի քան մեկ ամիս Ֆրանսիայի հրապարակը զբաղեցրած «Դիմադրություն» շարժումը վրանները հավաքեց և հեռացավ։ Բայց որպեսզի այդ քայլը կողմնակիցներին չհուսալքի, իսկ հակառակորդներին առիթ չտա՝ խոսելու պայքարի ձախողման մասին, շարժման ղեկավարները փորձում էին համոզել, թե պայքարի նոր փուլ է սկսվում։ Դա, սակայն, ինքնախաբեություն է կամ սեփական կողմնակիցների մոլորեցում։ Այդ պայքարը քաղաքական չէ, քանի որ ոչ խոսույթը, ոչ գործիքակազմը, ոչ էլ մեթոդներն աղերս չունեն քաղաքականության հետ։ Ապաքաղաքականությունը դրսևորվում էր «լաոյին» զարթնացնելու երգի տրամաբանությամբ, որը խորհրդանշում է պետականության բացակայության պայմաններում թուրք հարստահարողների դեմ բողոքը։ Ապաքաղաքական էր նաև այն, որ ընդդիմադիրները փորձում էին, լայն զանգվածներին կոնսոլիդացնելու նպատակով, ատելության տեքստ ու մթնոլորտ ձևավորել մի իրավիճակում, երբ դրա համար բավարար պայման չկար։ Եթե իշխանությանն ատող հասարակություն լիներ, մի տարի առաջ կայացած ընտրություններն այդպիսի արդյունքներ չէին ունենա, և հետընտրական զարգացումներ կլինեին։ Ապաքաղաքական էր, ի վերջո, պայքարի պլանավորման բացակայությունը։
Հենց պլանավորումն է, որ կարևոր դեր ունի քաղաքական հայտ ներկայացնող խմբի գործունեության ու հաջողության համար։ Փողոցային պայքար սկսելով՝ հակաիշխանական ուժերը, ըստ էության, առաջնորդվում էին այսրոպեական մարտավարությամբ՝ պահի թելադրանքով փոխելով քայլերի տրամաբանությունը։ Այդուհանդերձ, բաց էր մնում հարցը՝ իսկ ի՞նչ կլինի, և ի՞նչ է արվելու, եթե փողոցային պայքարի մարտավարությունը չհաջողի։ Երևի սա այն հարցն էր, որին չէին կարող պատասխանել անգամ շարժման ղեկավարները։
Եղավ այն, ինչը սպասելի էր. փակուղի մտած ընդդիմություն, ավերակների վերածված քաղաքական դաշտ, լուծումների ու առողջ քննադատության արժեզրկում։ Հակաիշխանական երկու խմբակցություններից՝ Արթուր Վանեցյանն առաջինը վայր դրեց մանդատը, երկուշաբթի էլ նրան հետևեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Երկու Արթուրների՝ մանդատներից հրաժարումը ընդդիմության գործողությունների տրամաբանական արդյունքն էր։ Հակաիշխանական խմբակցությունները հայտնվեցին իրենց ձևավորած ապաքաղաքական գործողությունների ենթադրելի փակուղում. Արթուր Ղազինյանի՝ մանդատից հրաժարվելու տեքստը տողատակերով հենց դա էր վկայում։
Ապաքաղաքական ընդդիմությունը չի նախանշում իր գործողությունները՝ շարունակելո՞ւ է փողոցային պայքարը, թե՞ վերադառնալու է ԱԺ։ Եվ պատգամավորական մանդատը պահելը իր կողմից «անազնվություն» գնահատող Ղազինյանի գնահատականը ավելի շատ վերաբերում է «Հայաստան» դաշինքին։ Այդ դաշինքը ազնիվ չէ ո՛չ իր ընտրողների, ո՛չ՝ կողմնակիցների, ո՛չ էլ՝ հասարակության հետ։ Հակաիշխանականներն անգամ անկարող եղան միմյանց հետ ներդաշնակորեն ընդունել պարտությունը և այժմ էլ միմյանց են մեղադրում տեղեկատվական արտահոսքերի, մանիպուլյացիաների, միասնական ճակատը քանդելու, իշխանության հետ ծածուկ հարաբերությունների և հազար ու մի մեղքերի մեջ։
Այդ հանրային ու քաղաքական «անազնվությունը», որ այդ ուժերի բնորոշ առանձնահատկությունն էր և՛ իշխանություն, և՛ ընդդիմադիր եղած ժամանակ, ուղիղ ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Վանեցյանի և Ղազինյանի՝ մանդատներից հրաժարումը ուղղակիորեն ապացուցում են Իշխան Սաղաթելյանի բազմակի պնդումների՝ առնվազն ոչ ճշմարտացիությունը, որը շարունակաբար տարփողում էր միտքը, որ վրանային պայքարի փուլի ավարտը չի նշանակում պայքարի ձախողում։ Ձախողվել է ոչ միայն նրանց պայքարը, այլև իրենք, այժմ արդեն՝ ներընդդիմադիր վերադասավորումներում։ Խորհրդարանական պաշտոններից հրաժարվելիս անգամ հակաիշխանական ուժերը չկարողացան ապահովել միասնականություն. Թագուհի Թովմասյանը չլքեց խորհրդարանական իր պաշտոնը՝ իր մեջ «հայտնաբերելով» մարդու իրավունքները պաշտպանելու անկասելի ձգտում։ Նման անշեղելի ցանկությունները, երդվյալ անհեռատեսությունը և անմռունչ ապաքաղաքական էությունը հակաիշխանական ուժերին տանում են կազմաքանդման, բայց, միաժամանակ, հնարավորություններ ստեղծում առողջ ընդդիմության ձևավորման համար։ Մնում է՝ ադեկվատ շրջանակները վերցնեն էստաֆետը, և գուցե մի անգամ ստացվի դուրս գալ փակ շղթայից։