Վաղը՝ հուլիսի 1-ին, Վիեննայում պետք է հանդիպեն Երևանի և Անկարայի կողմից բանագնացներ նշանակված ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Պաշտոնական Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն այսօր խոսել է բանակցությունների ընթացիկ իրավիճակից և ակնարկել որոշակի խնդիրների մասին։ Ի մասնավորի՝ Ռուբինյանը նշել է, որ «գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչ այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա։ Թուրքիայի առաջարկը՝ հանդիպումն անցկացնել Երևանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում են տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց։ Բայց այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ»։
Նախ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները տորպեդահարվում են Ադրբեջանի կողմից, և վերջինս կաթիլ-կաթիլ նոր պատերազմի լեգիտիմություն է կուտակում, ապա նաև՝ փոխխոսնակ Ռուբինյանի վերոնշյալ հայտարարությունները, ցույց են տալիս, որ ակնհայտ լարվածություն կա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացներում, և վտանգներ կան, որ կարգավորման գործընթացները երկու դեպքում էլ կարող են անորոշ ժամկետով սառեցվել՝ հղի ապագա բարդացումներով ու սահմանային սրացումներով։
Ըստ էության, որևէ արտառոց բան չկա, որ Թուրքիան երկու գործընթացները տեսնում է մի ամբողջության մեջ և, խոսելով հայ-թուրքական կարգավորումից, չի մոռանում հիշատակել ու ընդգծել հայ-ադրբեջանական հարցերի կարգավորումը։ Երկրորդ, այն, որ թուրքական կողմն առաջարկում է բանակցային հանդիպումներից մեկն անցկացնել Երևանում, խոսում է երրորդ կողմերի միջամտությունից խուսափելու նպատակի մասին, որը կարող է մեկնաբանվել ինչպես զգուշավորություն, այնպես էլ գործընթացն իմիտիացիայի նոր մակարդակի հասցնելու սքողված ցանկություն։ Ավելին՝ եթե նույնիսկ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով, պետք է հիշել, որ դրանք ոչ թե բանակցություններից հրաժարվելու կամ բողոքելու, այլ խոսելու, քննարկելու ու ընդհանուր եզրեր գտնելու հնարավորություններ են։ Թուրքիան, ըստ էության, թափանցիկ է իր պահանջների ու ակնկալիքների հարցում, և պաշտոնական Երևանի գործը, ըստ այդմ, դրանց հետ աշխատելն ու հայտարարի գալն է։ Հարկ է հիշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է նախ և առաջ Հայաստանի շահերից, որովհետև դրանց սառեցումը կամ խեղումը միայն վնաս է լինելու Հայաստանին ու ավելի վատթար իրավիճակի մեջ դնելու վերջինիս։
Վերջին պատերազմի արդյունքներով Հայաստանն այնպիսի հարված է ստացել, որ տասնամյակներ կպահանջվեն՝ վերականգնվելու համար։ Մյուս կողմից, Հայաստանը չունի ո՛չ ժամանակ, ո՛չ ռեսուրսներ՝ շարունակելու փակ սահմաններով գոյատևել ու դիմակայել առկա տարածաշրջանային մարտահրավերներին։ Հաշվի առնելով Թուրքիայի բացառիկ ազդեցությունը Ադրբեջանի վրա, պարզ է որ թե՛ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, անկախ Հայաստանի կամքից, մի ամբողջության մեջ են, և որքան էլ ուզենք, դրանք տարանջատված չեն։ Դրանք զուգահեռ են եղել Ղարաբաղյան 1-ին պատերազմում, 2000-ականներին ու նաև 2020թ. պատերազմի ժամանակ։ Մանավանդ, որ թուրքական կողմը առիթ անառիթ հայտարարում է, որ ուղղակի կոնսուլտացիաների մեջ է Ադրբեջանի հետ։ Մյուս կողմից՝ պետք է հիշել, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ջերմ ու կառուցողական հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ և շարունակում է խորացնել գործակցությունը Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ ընդհանուր համատեքստը, թվում է, բարենպաստ է՝ բանակցությունների ու հնարավոր հայտարարներ գտնելու համար։ Այլ հարց է՝ Հայաստանի դիրքավորումն ու առաջնահերթությունները։
Թեև Ռուբինյանը խոսում է հայ-թուրքական բանակցային գործընթացի խոչընդոտների և փաստացի կանգնած լինելու մասին, բայց Հայաստանը իր պրոակտիվ ու հավասարակշիռ դիվանագիտական քայլերով պետք է կարողանա ամեն ինչ անել, որ այդ բանակցությունները ոչ մի դեպքում փակուղի չմտնեն։ Հենց բանակցությունների և փոխադարձ հանդիպումների փաստն ինքնին ապահովում են տարածաշրջանային ժամանակավոր կանխատեսելիությունն ու կայունությունը, որն այնքան անհրաժեշտ է առնվազն Երևանին։ Հայաստանն այս դեպքում պետք է, հայտնի անեկդոտի պես, «պատուհանից մտնի, եթե նրան դռնից հանել են»։ Հայկական դիվանագիտության առաջնային նպատակը պետք է լինի ամեն գնով Թուրքիային հակել բանակցային գործընթացի կարևորության գիտակցմանը։ Այս առումով անհրաժեշտ է նաև մշտապես կենդանի պահել երկխոսությունը անընդհատ նախաձեռնությունների, առաջարկների, թեմա ստեղծելու, միջազգային համատեքստ ապահովելու ուղղությամբ։ Մի բարդ ու համալիր գործ, որը եթե անգամ չհասնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա առնվազն զրկի Թուրքիային ու նաև Ադրեբջանին Հայաստանի դեմ թշնամանք տածելու լեգիտիմությունից։