Վերլուծություն

Պառակտվածը պառակտել հնարավոր չէ. Արթուր Վանեցյանի հեռացումը

Խորհրդարանական հակաիշխանական խմբակցությունների փողոցային երթերն ու հանրահավաքները հասան իրենց տրամաբանական հանգրվանին։ «Դիմադրության» շարժումը սկսվել էր Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակ գնալով, որտեղ նա հայտարարեց, որ տուն չի գնա, մինչև չհասնի հիմնական նպատակին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Չնայած այն բանին, որ վարչապետը հրաժարական չտվեց, այդուհանդերձ, Վանեցյանը տուն գնաց, հունիսի 21-ին էլ հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։

Ըստ էության, սա հակաիշխանական ուժերի ճամբարում տեղի ունեցող գործընթացների բյուրեղացումն էր։ Այն ի ցույց դրեց այն տեսակետների հիմնավորվածությունը, որ ընդդիմության ներսում ամեն ինչ չի, որ հարթ է։ Հակաիշխանական փողոցային պայքարի ներկայացուցիչները շարունակաբար պնդում էին, որ իրենք միասնական են ավելի, քան երբևէ։ Իհարկե, սա պարզ քարոզչական պնդում է, քանի որ փողոցային ընդդիմությունը հանրային աջակցության կարիք ուներ։ Եվ այդ համատեքստում էլ պետք է ցույց տրվեր, որ միասնական են, որովհետև հանրային կոնսոլիդացիա ապահովելու նպատակ հետապնդող հակաիշխանական ուժերը ինքնաոչնչացման ուղին կբռնեին, եթե հրապարակային դառնային նրանց ներքին անմիաբանությունը և ինտրիգները։

Այդուհանդերձ, ներքին հակասությունները թաքցնել հնարավոր չէ՝ անկախ հնչող հայտարարություններից։ Ինչքան էլ հակաիշխանական ուժերն, ընդհանուր առմամբ, դիտարկվում են «նախկիններ», բայց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման շրջանները նույնական չեն։ Այդ ժամանակահատվածում էլ ներքին մրցակցություն և պայքար էր գնում քոչարյանական և սարգսյանական խմբավորումների միջև՝ պաշտոնների և ազդեցության ոլորտների համար։ Եվ ուրեմն, «Դիմադրության» շարժման ընթացքում երևացող հակասությունները նրանց շարքերում նոր բան չէին, այլ՝ նախընթաց շրջանից եկող իրողություններ։

Քոչարյանական ու սարգսյանական խմբավորումների միջև մշտապես առկա հակասությունները նույնիսկ հակաիշխանական ճամբարում կոնսոլիդացիայի հնարավորություն չեն տալիս, ուր մնաց՝ հանրային ճամբարում տան։ Կոնսոլիդացիայի փորձերն ավելի շատ արհեստական են, քանի որ չկա գաղափար։ Նույնիսկ հակաիշխանական պայքարի ընթացքում, որի գաղափարական աստառը Արցախի փրկությունն է, հակաիշխանական ուժերի շարքերում օդիոզ դեմքերի պակաս չզգացվեց։ Սակայն քոչարյանական ու սարգսյանական ճամբարների ներխմբային միասնականության մինիմալ հնարավորությունը ի չիք է դառնում Արթուր Վանեցյանի կերպարի առկայությամբ։ Քաղաքականությամբ զբաղվելու փորձերի դեպքում Վանեցյանն ինքնին ստանդարտ գործիչ չէ։

2018թ. հեղափոխությունից հետո անհայտությունից պետության ուժային կարևորագույն ոլորտներից մեկի ղեկավարի պաշտոնում հայտնվելը թերևս չար կատակ խաղաց քաղաքական գործունեության փորձի վերաբերյալ ինքնագնահատականի հետ։ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում Վանեցյանի պաշտոնավարումը պակաս օդիոզ չէր՝ սկանդալային ձայնագրություն, ուժային այդ կառույցի ղեկավարի համար անսովոր ու անպատեհ հայտնիություն, շարունակաբար մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել, և այլն։ Քոչարյանի ու Սարգսյանի իշխանավարման շրջանում ապօրինի հարստացումների և պաշտոնեական դիրքի չարաշահումների դեմ անողոք պայքար տանելու մասին շարունակաբար խոսող ԱԱԾ տնօրենը պաշտոնաթողությունից հետո սահուն անցավ նրանց ճամբար։

Այս ամբողջի խորապատկերի դիտարկումը թույլ է տալիս վստահորեն ասել, որ հակաիշխանական ճամբարը երբեք էլ միասնական չի եղել, չի հաղթահարել անձնական հավակնություններն ու այդ հավակնություններից ածանցվող հակասությունները։ Կոնսոլիդացնող կարևոր դերակատարում կարող էր ունենալ ընդհանուր գաղափարը։ Սակայն միասնականության բացակայությունն ինքնին խոսուն փաստ է նրա, որ նշված ուժերի պայքարն ապագաղափարական է և ապաքաղաքական։ Կարո՞ղ է Վանեցյանի՝ մանդատից հրաժարումը և ասպարեզից հեռանալը խթան հանդիսանալ հակաիշխանական ուժերի միասնականության համար։ Կասկածելի է։ Վանեցյանի բացակայությունը չի լուծելու քոչարյանական և սարգսյանական խմբավորումների հակասությունները ու չի զսպելու անձնական ամբիցիաները։ Ի լրումն ասվածի՝ հանրային ընկալման մակարդակում հակաիշխանական ուժերի հեղինակությանը հարված էր հենց մանդատից Վանեցյանի հրաժարումը, քանզի այդ գործողությունն ամրապնդեց նրանց անմիասնականության և ներքին կրծող հակասությունների վերաբերյալ մտայնության իսկությունը։