Վերլուծություն

Արդյո՞ք բարոյական է մարդկային ողբերգության քաղաքականացումը

Կիրակի երեկոյան հայկական լրատվադաշտում լայն տարածում գտան Ապարանի Նիգավան գյուղում տեղի ունեցած ողբերգության մասին լուրերը։ Կատարված փաստը ինքնին սարսափելի ողբերգություն է։ Իրականության ադեկվատ ընկալումը ենթադրում է, որ մարդիկ, անկախ հարցի էմոցիոնալ կողմից, պետք է սպասեին հանգամանքների պարզմանը։

Այդուհանդերձ, տարօրինակ արագությամբ հրապարակ նետվեց տեղեկություն, որ Ապարանի ողբերգությունը քաղաքական հողի վրա կատարված հաշվեհարդար է։ Թե ով դա մեջտեղ բերեց, ինչ աղբյուրներից, ոչ մեկին չհուզեց։ Եվ դեպքի վերաբերյալ տեղեկատվության հայտնվելուց րոպեներ անց խորհրդարանական, և ոչ միայն, ընդդիմության ներկայացուցիչները «տաք» հետքերով սկսեցին շրջանառել, որ ողբերգությունը քաղաքական ենթատեքստ ունի, պատճառն էլ վարչապետի անձի շուրջ վեճն է։ Սակայն չուշացավ ոստիկանության անդրադարձը, որտեղ նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա՝ երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու պատճառով, և որ քաղաքական ենթատեքստ առկա չէ։ Այս երկու վկայաբերումները պատահական չեն։ Սա ի ցույց է դնում ընդդիմադիրների տեքստերի մեջ առկա հակասությունները։ Այսպես. ոստիկանության հաղորդագրությունից հետո ընդդիմադիրները թիրախավորեցին դրա տեքստը՝ պնդմամբ, որ եթե դեպքը քիչ առաջ է տեղի ունեցել, և ավարտուն նախաքննություն չկա, ոստիկանությունն ինչպե՞ս է իր հաղորդագրությունում նշում, թե քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ։ Մեզ մոտ էլ առաջանում է հետևյալ հարցադրումը՝ ոստիկանությանը այդ բանում մեղադրող ընդդիմադիրները ինչու՞ են վստահաբար պնդում, որ դեպքը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու պատճառով, որտեղի՞ց այդ վստահությունը, ի՞նչ փաստարկների հիման վրա։ Եթե ոստիկանությանը կոչ են անում՝ դեռ նախաքննությունը չավարտված չպնդել, որ դեպքը կենցաղային է, այդ դեպքում իրենք ինչու՞ չեն առաջնորդվում այդ սկզբունքով և քաղաքական աստառ են տալիս ողբերգությանը։

Ընդդիմության նույնակերպ ձեռագիրն առկա էր նաև Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երիտասարդ կնոջ մահվան դեպքում։ Դժբախտաբար, ընդդիմությունը պատրաստ է շահարկել ցանկացած մարդկային ողբերգություն՝ սեփական քաղաքական շահերի համար։ Կարող է թվալ՝ ընդդիմությունը քաղաքական բովանդակությամբ քննադատության պակաս չպետք է ունենա: Եվ կայուն ժողովրդավարական արժեքներ ու քաղաքական դաշտ ունեցող պետությունների պարագայում դա այդպես է: Իսկ հայաստանյան ընդդիմության պարագայում գործում է «հիմա և այստեղ» սկզբունքը: Ընդդիմությունը խուսափում է իրական, առողջ քննադատությունից և ձգտում օգտագործել հանրության էմոցիոնալ կողմի հետ խաղացող թեմաների շահարկումը:

Նմանատիպ ողբերգություններին ընդդիմության արձագանքը սեփական քաղաքական անցյալի հայելային անդրադարձն է՝ նրանք այդպիսով փորձում են նմանատիպ ողբերգություններին քաղաքական աստառ տալ և փորձել հավասարության նշան դնել իրենց ժամանակ եղածի հետ: Դրա նպատակն է՝ ընդգծել, որ հանրության կողմից 2018թ. մերժված նախկին համակարգի արատավոր երևույթները չեն վերացել, այլ շարունակվում են այսօր էլ: Այս միտման վկայությունն է ընդդիմադիր որոշ դեմքերի կողմից Ապարանի դեպքի և 2001թ. «Պապլավոկում» Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության համեմատությունը: Հիմնական շեշտադրումն այն է, որ ընդդիմադիր եղած ժամանակ ներկա իշխանությունները, այդքան խոսելով Պողոսյանի սպանության մասին, հիմա իրենք են նույն ձեռագիրը կիրառում: Այս համեմատությունը փաստական հենքով մերկ է: Պողոսյանի սպանության իրագործումը Քոչարյանի թիկնազորի կողմից ապացուցված փաստ է՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Իսկ ահա Նիգավանի միջադեպի հանգամանքների պարզման համար դեռ նախաքննությունը պետք է ավարտվի:

Անցյալի ընդդիմությունը նմանատիպ ողբերգություններին քաղաքական աստառ չէր տալիս։ Պատճառները տարբեր են։ Եթե մի կողմ դնենք անցյալի ընդդիմադիրների բարոյական կողմը, ապա անցյալի իշխանությունների քաղաքականությունը այնքան խոցելի էր, որ կարիք չկար մարդկային ողբերգություններին քաղաքական աստառ կարելով՝ դիվիդենտներ շահել:

Միով բանիվ, հայաստանյան ընդդիմության գործելաոճը և օգտագործվող տեքստերը զուրկ են քաղաքական բովանդակությունից: Բացի այդ, ընդդիմությունը նախընտրում է, էմոցիոնալ թեմաները շահարկելով, կարճատև դիվիդենտներ հավաքել: Եվ այդ ճանապարհին ամենևին էլ չի նողկում քաղաքական աստառ կարել մարդկային ողբերգությունների միջոցով՝ հերթական անգամ ոչ աշխատանքային ժամերին երթ կազմակերպելով դեպի պետական կառույցներ: