Գրեթե երկու ամիս Ֆրանսիայի հրապարակը վրաններով զբաղեցրած հակաիշխանական ուժերը հայտարարեցին պայքարի «վրանային փուլի» ավարտի մասին և ազատեցին այն։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դա նահանջ կամ պայքարի ավարտ չէ, այլ՝ նոր փուլի սկիզբ։ Այդուհանդերձ, դա սրտի մխիթարանք էր։ Ի լրումն այս ամենի՝ չորեքշաբթի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հակաիշխանական ուժերի պայքարին, ՀՅԴ-ին անվանեց նախկին իշխանությունների «արբանյակ»։
Վարչապետի նման բնորոշումը բնավ չափազանցություն չէ։ Հայաստանի անկախության հռչակումից ի վեր վերջին 30 տարիների պատմությունը դաշնակցության համար եղել է քաղաքականության մեջ երկու հիմնագծի հերթափոխի ժամանակաշրջան՝ հակապետական գործողությունների և հարմարվողականության։ Անդրադառնում ենք վերջին 30 տարիներին, քանզի համեմատաբար առավել երկարատև ժամանակային կտրվածքով կարող ենք դիտարկել պետականության առկայության պայմաններում ՀՅԴ-ի գործունեությանը։
Դաշնակցության հակապետական գործողությունների ժամանակահատվածը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներն էին։ Բավական է հիշել «Դրո»-ի գործը. ՀՅԴ կազմում ստեղծվել էր «Դրո» անունով գաղտնի հետախուզական զինված կառույց, որը ծրագրել կամ իրականացրել էր սպանություններ, ինչպես նաև՝ փորձել թմրանյութ տեղափոխել Լիբանանից՝ Երևանով դեպի Մոսկվա։ 1995թ. բացահայտվել էր նաև «31-ի» գործը։ Դա պետության բարձրագույն ղեկավարության սպանությունները նախապատրաստելու օպերացիայի բացահայտում էր։ Հենց այս հակապետական գործունեության պատճառով, ըստ էության, Տեր-Պետրոսյանը ժամանակավորապես կասեցրեց ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում, քանզի պատերազմը նոր էր ավարտվել, և դրա արհավիրքներից հետո պետության կայունությունը ապահովելու համար հարկ էր ձեռնպահ մնալ ներքաղաքական ցնցումներից։ Այս գործերի բացահայտման արդյունքում ազատազրկման դատապարտվեցին ՀՅԴ մի շարք անդամներ։ «31-ի գործով» ազատազրկված դաշնակցական գործիչները ազատ արձակվեցին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո, իսկ «Դրոյի» գործով ազատազրկվածների մեծ մասը ցայժմ շարունակում է կրել պատիժը, մի մասն էլ՝ արդեն մահացել են։
ՀՅԴ-ի ներկայացուցիչները մշտապես թմբկահարել են այն թեզը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել՝ բացառությամբ վերոհիշյալ երկու գործով դատապարտվածների։ Այս թեզի հիմնավորապես կեղծ լինելը ապացուցվում է այն իրողությամբ, որ այս գործերով դատապարտված ոչ մի անհատի նկատմամբ արդարացման որոշում չի կայացվել անգամ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում։ Քոչարյանը նրանց ազատ է արձակել «իրադրության փոփոխության» պատճառաբանությամբ։ Ըստ այդմ, բանտում մնացած ՀՅԴ «ընկերները» ազատ չեն արձակվել նույնիսկ այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն կոալիցիոն իշխանություն էր կազմում տարբեր ժամանակափուլերում։
Դաշնակցության հարմարվողականության ժամանակահատվածն անհամեմատ ավելի երկարատև էր։ Չնայած դաշնակցական որոշ գործիչներ, մասնավորապես՝ Իշխան Սաղաթելյանը, դեռևս 2019թ. հայտարարել էր, որ ՀՅԴ-ն մշտապես հստակ արձագանքել է պետական մակարդակով իրականացված բռնություններին, սակայն փաստերը խոսում են հակառակի մասին։ Սաղաթելյանի այդ հայտարարության առիթը նույն թվականին Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակումն էր։ Սաղաթելյանը անուղղակիորեն դրա պատասխանատվության սլաքները ուղղում էր դեպի իշխանությունները։ Սակայն, զարմանալիորեն, 2001թ. Քոչարյանի թիկնապահների կողմից սպանված դաշնակցական Պողոս Պողոսյանի հարցում ՀՅԴ-ն մեղադրում էր դատախազությանը՝ բոլոր հանցագործներին չբացահայտելու համար, սակայն, ամբողջապես զերծ էր մնում որևէ մեղադրանք ուղղել Քոչարյանին։ Նույնը Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ սպանվեց Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը։
2003թ. նախագահական ընտրություններից հետո սկզիբ առած զանգվածային բողոքի ալիքները Քոչարյանի իշխանությունը դաժանորեն ճնշեց 2004թ. ապրիլի 14-ի գիշերը, ջարդուխուրդ արվեցին «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» և «ՀԺԿ» կուսակցությունների գրասենյակները։ Այդ ընթացքում ՀՅԴ-ն, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ, կոալիցիոն իշխանությունում էր, և դատապարտեց տեղի ունեցածը առանց որևէ հասցեագրման։ Հաջորդ դրվագը 2008թ. մարտիմեկյան իրադարձություններն էին։ Այդ իրադարձություններում թափված արյան քաղաքական կապիտալիզացիայի արդյունքում ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ մտավ ՀՀԿ-ի հետ։
Այս շարքը կարելի է անընդհատ շարունակել՝ «Էլեկտրիկ Երևան», «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ծեծ Բերձորում՝ 2015թ., ՊՊԾ գնդի գրավում, Սարի թաղի դեպքեր և այլն։
Վերոթվարկյալը վկայում է այն իրողության մասին, որ Դաշնակցությունը հետտերպետրոսյանական ժամանակաշրջանում հայաստանյան իրականության մեջ քաղաքական կոնֆորմիզմի մարմնավորումն էր։ Ըստ սեփական շահի և պահի նպատակահարմարության՝ ՀՅԴ-ն թեև որոշ դեպքերում քննադատել է իշխանություններին, բայց գործնական որևէ քայլ չի ձեռնարկել։ Ընդհանուր առմամբ, ներդաշնակվելով օրվա իշխանությունների հետ, դաշնակցությունը այսրոպեական քննադատություններով փորձել է ցույց տալ, որ ինքնուրույն կառույց է՝ դեմքը պահելու նպատակով։
Մեկ հետաքրքիր նկատառում ևս։ Դաշնակցությունն ընդհանուր լեզու չի գտել այն իշխանությունների հետ, որոնք ունեցել են կայուն լեգիտիմություն (1991թ. Լևոն Տեր-Պետրոսյան, 2018թ.-ից հետո՝ Նիկոլ Փաշինյան) և, հանուն իշխանության մեջ լինելու, հարմարվողական դիրք է զբաղեցրել այն իշխանությունների նկատմամբ, որոնք ժողովրդական աջակցության դեֆիցիտ են ունեցել ու իշխանության են եկել կեղծված ընտրություններով (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան)։
Այսպիսով, ՀՅԴ-ն թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանի հակապետական գործողություններով, թե՛ դրանից հետո ընկած քսանամյա ժամանակահատվածի հարմարվողական և կրավորական կեցվածքով ի ցույց է դրել իր հակապետական բնույթը։ Հակապետական՝ ոչ միայն թմրաբիզնեսին ու սպանություններին առնչվող քրգործերի հիմքով, այլև՝ նրա, որ սերտորեն համագործակցել է ոչ լեգիտիմ իշխանությունների հետ, կոալիցիաների մեջ եղել, օգտվել ընձեռնված բերք ու բարիքից և, փաստացի, կասեցրել Հայաստանի զարգացումը։