Կիրակի օրը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այցը Պանթեոն թերևս ոչնչով նշանակալից չէր լինի, եթե նա բավական հետաքրքիր ակնարկ-հայտարարություն արած չլիներ։ Պատասխանելով փողոցներում ընթացող ակցիաների հետագա ճակատագրի մասին հարցին՝ նախկին նախագահն ասաց, որ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» կխոսի նոր քայլերի մասին։
Այս հայտարարությունը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չի ասում հենց այնպես՝ պարզապես ասելու համար։ Սարգսյանը լավ գիտեր՝ «շարժման» մասին իր խոսքերը ինչ տարածում են գտնելու և լուսաբանվելու։ Նա շատ լավ գիտի, թե տարբեր շրջանակների կողմից ինչպես են ընկալվելու և մեկնաբանվելու իր բառերը։ Եվ գիտակցելով դա՝ Սարգսյանը Սաղաթելյանին «նշանակեց» հակաիշխանական ուժերի առաջնորդ։ Եվ այստեղ խնդիրն ամենևին Իշխան Սաղաթելյանի անձը չէր, այլ այն ուժը, որին ներկայացնում է Սաղաթելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը: Սարգսյանի այդ խոսքերի իրական հասցեատերը թերևս հակաիշխանական ուժերի քոչարյանական թևն է:
Թվում է՝ Սերժ Սարգսյանը նորություն չի ասել, Սաղաթելյանն էր ընդդիմության փողոցային ակցիաների կազմակերպիչը և հիմնական «խոսափողը»: Այդուհանդերձ, Սաղաթելյանն ավելի շատ կազմակերպչական առումով էր ընկալվում այդպիսին: Նա էր առաջնորդում բողոքի ակցիաներն ու երթերը, ազդարարում առաջիկա օրերի անելիքները: Սերժ Սարգսյանի կողմից առաջնորդ հռչակվելը Սաղաթելյանին դարձնում է պրոցեսի պատասխանատու: Սա ի ցույց է դնում հակաիշխանական ուժերի ճամբարում երկփեղկվածության և առկա խնդիրների ողջ գունապնակը: Դա այդպես է, ինչքան էլ փողոցում գտնվող ուժերի տարբեր ներկայացուցիչներ հակառակի մասին խոսեն և փորձեն համոզել, որ իրենց շարքերում պառակտում չկա և համախմբված են, ինչպես երբեք: Սերժ Սարգսյանի առաջնորդած խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց փողոցային պայքարի սկիզբը, երբ գնաց Ազատության հրապարակ։ Վանեցյանը հավաստիացրել էր, որ տուն չի գնալու այնքան ժամանակ, քանի դեռ իր պայքարը չի պսակվել հաջողությամբ: Բայց փողոցային պայքարի՝ վերջին շրջանի զարգացման տրամաբանությունը հուշում է, որ Վանեցյանը, ամեն դեպքում, գնացել է տուն:
Նախկին նախագահի հայտարարությունը ազդարարում է փողոցային պայքարի մարումն ու պարտությունը: Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ շարժումը չի զարգանում ցանկալի սցենարով, հաղթանակի դափնիներ չեն սպասվում, ու, ըստ այդմ, փորձում է, ինչքան հնարավոր է, օտարվել պարտությունից՝ գնդակը տեղափոխելով քոչարյանական դաշտ: Այս համատեքստում չպետք է մոռանալ նաև Սերժ Սարգսյանի հայտարարության ժամանակային գործոնը: Հակաիշխանական ուժերը մինչև կիրակի օրը հնարավոր բոլոր ձևերով խուսափում էին հայտնել, թե ով կամ ովքեր են իրենց շարժման լիդերը կամ լիդերները: Ցայժմ այդպես էլ անհայտ է մնում, թե ովքեր են այն 250 «պրոֆեսիոնալները», որոնք փողոցային շարժման հաղթանակի պարագայում պետք է լինեին ապագա կառավարությունում: Իսկ Սարգսյանի՝ կիրակի օրվա հայտարարությունը արվեց այն ժամանակ, երբ հակաիշխանական ուժերի նախաձեռնած շարժումը գտնվում է փակուղային վիճակում:
Նախկին նախագահի կողմից Իշխան Սաղաթելյանին ընդդիմության առաջնորդ օծելը երկակի ուղերձ է իր մեջ պարունակում: Մի կողմից՝ Սարգսյանը ներկա պատային իրավիճակից ելքեր որոնելու և նոր մարտավարությամբ շարժումն առաջ տանելու պատասխանատվությունը զիջում է քոչարյանական թևին, մյուս կողմից՝ հասկանալով շարժման անխուսափելի անկումը՝ դրա պատասխանատվությունը բարդում է ամբողջապես Սաղաթելյանի, այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի «առնական» ուսերին: