Վերլուծություն

Ընդդիմությունը Հիքմեթ Հաջիևի փոխարեն պայքարում է Զարեհ Սինանյանի դեմ

Արդեն քանի օր է՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։ Սինանյանի այս այցը մասնավոր բնույթի չէ, աշխատանքային է և միտված է ամերիկահայ համայնքի հետ կապերի սերտացմանը, փոխգործակցության հնարավորությունների բացահայտմանը։ Հայաստան պետության համար տարածաշրջանային առկա իրադարձությունների և բարդագույն մարտահրավերների ժամանակահատվածում նմանաբնույթ այցերը, կապերի սերտացումը կարևոր գործոն են։

Այս այցերում Սինանյանը հանդես է գալիս որպես ՀՀ ներկայացուցիչ, ներկայացնում է պետությունը։ Թվում է՝ նոր ու արտասովոր ոչինչ չասացինք։ Սա ընկալելի է ցանկացած մարդու համար. այդպես եղել է Հայաստանում՝ անկախացումից ի վեր։ Սակայն, կան շրջանակներ, որոնք այս պարզագույն իրողությունը կամ չեն գիտակցում, կամ, գիտակցելով, վարում են հստակ հակապետական գործունեություն։ Ասվածի վերջին դրսևորումը Զարեհ Սինանյանի՝ Լոս Անջելես այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպն էր։ Մի խումբ հայեր «Զարեհ՝ դավաճան», «Նիկոլ՝ դավաճան», «Արցախը Հայաստան է» վանկարկումներով փորձել են խանգարել հանձնակատարի հանդիպումը։ Վանկարկումները նույնական են հայաստանյան ընդդիմության կարգախոսներին։ Սա հուշում է, որ Սինանյանի հանդիպմանը նման պահելաձև դրսևորողները Դաշնակցության կադրերն են։

Հայաստանյան ընդդիմության և սփյուռքում նրանց արբանյակների հակաթուրքականությունը հանգեցնում է պարադոքսալ ու, միգուցե, օրինաչափ եզրահանգման։ Բանն այն է, որ նրանց հակաթուրքականությունը ներքին սպառման համար է՝ միտված ներքաղաքական նեղ շահերի սպասարկմանը։ Եվ այդ գծի անարդյունավետությունը ընդդիմությանը հասցնում է ծայրահեղ դրսևորումների։

Ընդդիմության այս դիրքավորումը բացատրելի կարող է լինել նաև վախի գործոնով։ Սինանյանի՝ ԱՄՆ այցին զուգահեռ տեղի էր ունենում Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիև այցը։ Սակայն Սինանյանի դեմ արշավ կազմակերպած խումբը որևէ քայլ չի ձեռնարկել Հաջիևի դեմ։ Բնավ չենք ասում, որ դա պարտադիր է։ Պարզապես հակաթուրքական անզիջում կարգախոսներով հանդես եկող ընդդիմությունը, որը Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ կատարում է խայտառակ արշավներ, պետք է, որ նման գործողություններ իրականացներ թյուրքական աշխարհի կարկառուն դեմքերից՝ Հաջիևի հանդեպ։ Վախենու՞մ է ընդդիմությունը գործողություններ իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։ Եթե ոչ, ապա էլ ինչո՞վ բացատրել այդ լռությունը և կենտրոնացումը հայաստանցի պաշտոնյայի վրա։

Հատկանշական է մեկ հանգամանք ևս. Հայաստանում և աշխարհի տարբեր վայրերում ՀՀ իշխանության ներկայացուցիչների դեմ արշավներ իրականացնող ընդդիմությունը սրբորեն ձեռնպահ է մնում նման արշավներ իրականացնել միայն երեք երկրների դեմ՝ ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան։ Աբսուրդի թատրոնի ողջ գունագեղությունը աչքի է զարնում, երբ հիշում ենք ոչ մեկի համար գաղտնիք չհանդիսացող փաստը՝ 2020թ. պատերազմի հիմնական շահառու երկրները հենց սրանք էին։ Ի դեպ, հենց այդ երեքի դեմ գործողություններով է, որ տեղի ու Սփյուռքի ընդդիմադիրները կարող են պատժվել։ Օրինակ, Հայաստան ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցի ժամանակ խնդիրներ ստեղծելու համար ընդդիմադիրները կարող են դեղին ու կարմիր քարտեր ստանալ հյուսիսի իրենց «գործընկերների» կողմից, Էրդողանի ու Ալիևի դեմ ցույց անողները կարող են ծեծվել այդ երկրների նախագահների թիկնազորի կողմից, բայց, ասենք, Լիտվայի նախագահի ճանապարհը փակելու համար, բնականաբար, նրանց ոչինչ չի սպառնում՝ ոչ հոգևոր, ոչ նյութական սննդի տեսանկյունից։ Փաստորեն, ընդդիմությունը հարվածում է նրանց, ումից վախ չունի, իսկ մնացյալ դեպքերում, առարկայորեն՝ 3 դեպքում, բացի Ֆրանսիայի հրապարակից, որևէ այլ տեղում որևէ գործողություն իրականացնելու ունակ չէ։

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ հնարավոր է գալ հիմնական այն եզրահանգմանը, որ ընդդիմության հակաթուրքական կարգախոսները և դրանց ներքո անցնող երթ-հանրահավաքները ունեն մեկ նպատակ՝ իշխանափոխություն։ Ընդդիմությունն ամենևին էլ ցանկություն չունի պայքարել Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ։ Հակաթուրքական պայքարի օրակարգը պարզ է ու ինքնանպատակ. այդ քողի ներքո մոբիլիզացնել որոշ քանակության զանգված, այդպիսով հագուրդ տալ նեղ անձնական/քաղաքական ամբիցիաներին և բացասական էներգիան ուղղել ներքին ասպարեզում իրենց հակառակորդ իշխանության դեմ։