Վերլուծություն

Ընդդիմության երկակի խաղերը էլ ոչ ոքի հետաքրքիր չեն

Ֆրանսիայի հրապարակում մեկ ամսից ավել հանրահավաքներ անցկացնող ընդդիմությունը հայտարարում է, որ շարունակելու է պայքարի այս ձևը՝ անկախ ամեն ինչից։ Սակայն, պարզվում է, դա այնքան էլ այդպես չէ։ Կա այնպիսի հանգամանք, որի բերմամբ ընդդիմությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր ակցիաները։ Իսկ այդ հանգամանքի հետքերը հուշիկ կերպով դուրս են տանում ՀՀ-ից՝ դեպի հյուսիս։

Իհարկե, տեսակետներն այն մասին, որ ընդդիմության գործողությունների իրական շահառուները մեր պետությունից դուրս են, նոր չեն։ Ընդդիմությունը, առանձին վստահեցումներից զատ, այնքան էլ շահագրգռված չէ հերքել նման տեսակետները։ Չեն հերքում, որովհետև տարբեր ժամանակներում, թեկուզև՝ անուղղակիորեն, փորձել են ցույց տալ, որ վայելում են ՌԴ հովանավորչությունը՝ հավանաբար խաղադրույք կատարելով նրա վրա, որ հասարակության մի ստվար զանգված ունի ռուսական կողմնորոշում, ինչը հավելյալ դիվիդենտներ կբերի իրենց։ Եվ կիրակի օրվա ընդդիմության որդեգրած մարտավարությունը մատնում է տվյալ մտայնությամբ շարժվելու իրողությունը։

Այսպես, կիրակի օրը Երևանում նախատեսված էր իրականացնել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական հանդիպումը, ինչպես նաև՝ սպասվում է ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի այցը։ Այս իրադարձությունների ֆոնին ընդդիմությունը կիրակի օրը դադար վերցրեց և չնախաձեռնեց որևէ լուրջ գործողություն։ Երևի, իրենց համար խիստ թանկագին հյուրերի անդորրը չխռովելու համար։ Բայց պետք է ասել, որ Արցախի փրկության կարգախոսով փողոցում հայտնված ընդդիմության համար սա լավ հնարավորություն էր՝ բարձրացնելու այդ հարցը։

Միևնույն ժամանակ, ընդդիմությունը հանրահավաք-երթ է անցկացրել դեպի Հայաստանում ԵՄ ներկայացուցչություն։ Այս քայլի հիմնավորումն այն է, որ ընդդիմադիրները դժգոհ են ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինից, որ վերջինս լռում է և որևէ հայտարարությամբ չի անդրադառնում Ոստիկանության «ոչ իրավաչափ» գործողություններին։ Սա խիստ զավեշտալի է, եթե հաշվի առնենք այն, որ ուկրաինական ճգնաժամի հետևանքով ՌԴ-Արևմուտք լարված հարաբերությունների և անհաշտ հռետորաբանության համատեքստում ռուսական կողմում դիրքավորված ընդդիմությունը ակնկալում է եվրոպական կողմի աջակցությունը։ Կամ, առնվազն, ցույց են տալիս, որ ակնկալում են։ Իրականում խնդիրն այլ տեղ է թաքնված։ ՀԱՊԿ խորհրդարանականների՝ Երևանում գտնվելու ժամանակ ընդդիմությունը պետք է ցույց տա, որ հերոսաբար պայքարում է արևմտյան  «կեղծ արժեքների» դեմ, ԵՄ դեսպանություն գնալով՝ ցույց տա, որ արևմտյան ժողովրդավարությունը միֆ է, և եվրոպական պաշտոնյաները երկակի ստանդարտներով են գործում։ Սա է ԵՄ և մյուս արևմտյան դեսպանություններ երթով գնալու իրական շարժառիթը։

Միով բանիվ, ընդդիմությունը Երևանում անցկացվող միջազգային իրադարձությունների, այցերի դեպքում իր պայքարը տանում է ընտրողաբար։ Հիշելի է հենց թեկուզ Լիտվայի նախագահի այցի ժամանակ երթը, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ արձանագրված միջադեպը, նույնիսկ՝ Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժելը։ Իսկ ահա Արցախը «փրկող» ընդդիմադիրների համար Ռուսաստանի ներկայացուցիչների այցերն այդ առումով անձեռնմխելի են։ ՌԴ-ն է Արցախի հարցում կարևոր խաղացողը, և արցախափրկիչ ընդդիմության պահվածքը անսքող ի ցույց է դնում անկեղծության անվերադարձ բացակայությունը։   Հանրության լայն կոնսոլիդացիան հայցող ընդդիմության՝ ՌԴ պատվիրակության ղեկավար Վոլոդինից նամակով առանձին հանդիպում կազմակերպելու խնդրանքի անտեսումը և ԵՄ գրասենյակի մոտ հանրահավաք անցկացնելու պահին դեսպան Վիկտորինի՝ Սևանից և Դիլիջանից լուսանկարներ հրապարակելը լավագույնս արտահայտում են քաղաքական անդունդի խորությունը, որում գտնվում է հայաստանյան ընդդիմությունը՝ վերջինիս միջոցով նաև քաղաքական դաշտը։