Մայրաքաղաք Երևանում մեկ ամսից ավելի հանրահավաքներ և երթեր անցկացնող ընդդիմության գաղափարական աստառը քննարկվել է տարբեր տեսանկյուններից։ Հիմնական շերտն այն է, որ Արցախի փրկության կարգախոսը ընդդիմության կողմից օգտագործվում է որպես ծխածածկույթ՝ պարզունակ իշխանատենչության փաստն առաջին պլանում չցուցադրելու համար։
Այս տեսակետը, իհարկե, կյանքի իրավունք ունի և հեռու չէ իրականությունից։ Այդուհանդերձ, իրականությունը մի քիչ այլ է։ Դրա արմատները գնում են 1990-ականների վերջ, ավելի կոնկրետ՝ 1998թ., Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստ։ Առաջին նախագահն իր հրաժարականի տեքստում ակնարկում էր, որ «իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր»։
Իսկ «իշխանության հայտնի մարմինների» շարքերում էին հենց Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Այս երկուսի համար այդ հրաժարականի տեքստը դարձավ իշխանավարման քսանամյակի մեկնակետը։ Եվ, իրոք, Արցախի հարցն իրոք պատրվակ էր։ Պատրվակ՝ իշխանությունը պահելու, միմյանց փոխանցելու և վերարտադրվելու համար։ Այժմ երկրորդ և երրորդ նախագահները ընդդիմադիրի պատմուճանով կրկին մեջտեղ են բերել Արցախի հարցը։ Բերել են, քանի որ բերելու այլ բան չունեն։ Չենք բացառում, որ իրոք Արցախի հարցի համար են անկեղծորեն պայքարում, բայց՝ ընդամենը այդ հարցի չլուծման։ Ինչքան էլ տարօրինակ թվա, Արցախի հարցի չլուծվելը խորհրդարանական ընդդիմության գոյությունը պայմանավորող գլխավոր գրավականն է։ Կրկին բախվում ենք ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական առաջնորդների ոչ ճկուն քաղաքական վերադասավորումների իրողությանը։
Ղարաբաղյան շարժման ալիքով Հայաստանի քաղաքական դաշտում հայտնված երկու նախկին նախագահները ստատուս քվոն դարձրեցին իրենց քաղաքական հավատամքը։ Սա ենթադրում էր լյուդովիկոսյան սկզբունք՝ «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղի» գաղափարական կիրառմամբ, այն է՝ իրենք կպահեն ստատուս քվոն, իսկ թե ինչ կլինի պետության հետ իրենցից հետո, արդեն կարևոր չէ։ Ակամայից հիշվում է Մահարու «Ծաղկած փշալարեր»-ի քննիչի խոսքերը՝ ուղղված պատմության դատաստանի մասին հիշեցնող իր համալսարանական պրոֆեսորին. «Քանի մենք կանք, պատմություն չի լինի, իսկ երբ պատմություն լինի, մենք չենք լինի»։ Ընդդիմադիր դիրքավորմամբ նախկին իշխանությունները հիմա կան, և պատմության օբյեկտիվ դատին դեմ հանդիման կանգնելու հրամայականը թելադրում է նրանց՝ գտնել արդարացումներ։ Խնդիրը, սակայն, առավել խորքային է։ Սկսած 1998թ.՝ հայաստանյան հանրությունը զրկված էր ընտրությունների միջոցով իշխանություն ընտրելու իրավունքից։ Ներհայաստանյան ցանկացած ընդդիմադիր շարժում ենթարկվում էր տարբեր, այդ թվում՝ քարոզչական ճնշումների, Արցախի հարցի վկայաբերմամբ։ Ժողովրդավարությունը հռչակվել էր անթույլատրելի ճոխություն, քանզի ստատուս քվոյի պահպանումն ու ժողովրդավարական պրոցեսները հակասում էին միմյանց։ Հակասում էին, որովհետև ստատուս քվոյի պահպանումն իշխանության պահպանման երաշխիք էր։
Այո, Արցախի հարցի չլուծումը ներկա խորհրդարանական ընդդիմության շահագրգռվածության հիմնական առարկան է, հարցի լուծումը՝ այդ ուժերի քաղաքական անգոյության հիմնական սպառնալիքը։ Այլ արժեք այդ ուժերը չեն կարող առաջարկել։ Ոչ՝ արդյունավետ պետության կառուցում, ոչ՝ սոցիալական, արդար, իրավահավասար համակարգի կառուցումը նրանց քաղաքական առաջնահերթությունների օրակարգում չկան։ Լինեին՝ 20 երկար ու ձիգ իշխանավարման տարիները քիչ չէին՝ այդ ուղղությամբ էական տեղաշարժերի համար։ Խորհրդարանական ընդդիմությունը նշում է, որ կողմ է խաղաղությանը, բայց՝ «արժանապատիվ խաղաղությանը»։ Ո՞րն է ընդդիմության պատկերացրած արժանապատիվ խաղաղությունը, ինչպե՞ս է պետք հասնել դրան։ Այս հարցերը անպատասխան են։ Թերևս, կարելի է կռահել։ Իշխանության նվաճումից հետո ներկա ընդդիմությունը թողնելու է Արցախի հարցն այն վիճակում, որում այն հիմա է՝ դա մատուցելով նվաճում։ Այդ իրավիճակը կշարունակվի օգտագործվել՝ սեփական իշխանության վերարտադրման համար, և դա կտևի այնքան ժամանակ, մինչև նոր ճակատագրական ողբերգության կրկնությունը՝ ավելի վատ հետևանքներով, քան 2020թ. սեպտեմբերյան պատերազմը։