Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության բնագավառում ներգրավված է մի շարք գործընթացներում, որոնք թեպետ հատվում են և, գուցե, միմյանցից շարունակվում, սակայն տարբեր գործիքակազմ են պահանջում։
Այդպիսի գործընթացներից առաջինը տարածաշրջանում, մասնավորապես, հայ-ադրբեջանական տնտեսական ենթակառուցվածքների բացումն է։ Այս գործընթացին տեսականորեն աջակցում են բոլորը՝ տարածաշրջանային և գլոբալ բոլոր խաղացողները։ Բայց բավականին տարբեր են այդ ենթակառուցվածքների «modus operandi»-ի շուրջ առկա պատկերացումները։
Ռուսաստանի համար այդ ճանապարհը հայտնի չափով վերածվում է կյանքի ճանապարհի, որ տանում է դեպի Թուրքիա։ Եվ, բնականաբար, Ռուսաստանը, կարծես, փորձում է անել ամեն հնարավորը՝ այդ ճանապարհի վրա վերահսկողություն ստանալու համար (ռուսական միջանցք)։ Ադրբեջանը չի կարող չօգտվել, իր կարծիքով, առկա հարմար պահից ու կփորձի ստանալ առավելագույնն՝ ինչպես արցախյան հիմնահարցում, այնպես էլ՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցերում (ադրբեջանական միջանցք)։ Հայաստանը ու, թերևս, նաև հավաքական Արևմուտքն ու Իրանը, ցանկանում են ենթակառուցվածքների բացում՝ առանց որևէ միջանցքային տրամաբանության ու վերոնշյալ խաղացողների ավելորդ ուժեղացման (Հայաստանի ինքնիշխաննության ու վերահսկողության ներքո ճանապարհ)։ Թե այս երեք աշխատանքային մոտեցումներից, ի վերջո, որը կդառնա իրականություն կամ հարցը կմտնի փակուղի, հայտնի չափով կախված է կողմերի առաջիկա աշխատանքներից։
Սրան զուգահեռ, կա ռազմա-քաղաքական խաղաղության գործընթաց։ Այստեղ մոտեցումներն առավել տարբերվող են։ Հայաստանը փորձում է հասնել խաղաղության կոմպրոմիսային տարբերակին, քանի որ պարտվել է պատերազմում, և նախկինում առկա առավելապաշտական տրամադրությունները մեծամասամբ վերացել են։ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն՝ միայն սեփական ցանկությունների բավարարման ու փաթեթային լուծումների գնալու ճանապարհով, քանի որ հաղթել է պատերազմում, և հասարակության ու ղեկավարության մեջ առաջ են եկել որոշակի առավելապաշտական տրամադրություններ։ Թուրքիան գտնվում է նույն տիրույթում, ինչ Ադրբեջանը, սակայն զբաղեցնում է առավել չափավոր դիրք։ Թուրքիան խնդիր ունի տարածաշրջանում ավելացնել իր կշիռն ու դիրքերը՝ արդեն անկախ Ռուսաստանից (մինչ այս պահը կարելի է ասել, դա տեղի է ունեցել Ռուսաստանի հետ համաձայնեցմամբ), իսկ դրա համար անհրաժեշտ է կամ վերջնականապես կոտրել հայկական դիմադրությունը, կամ ընդհանուր կետեր գտնել Հայաստանի հետ։ Այս առումով, կարծես թե, թուրքական ռազմաքաղաքական վերնախավը դեռ չի որոշել, թե որն է ավելի էժան Թուրքիայի համար, ու գտնվում է որոշակի սպասողական վիճակում։
Այստեղ է, որ Հայաստանի խնդիրը պետք է լինի ոչ թե արագ ընթացող գնացքը կանգնեցնելը, այլ՝ այն շրջանցել փորձելը։ Արևմուտքը ցանկանում է խաղաղություն՝ հնարավոր ամենաէժան տարբերակով ու հնարավորինս շուտ՝ Ռուսաստանի դիրքերը առավելագույնս թուլացնելու համար։ Խաղաղ տարածաշրջանը՝ որակապես ավելի ցածր ռուսական ազդեցությամբ տարածաշրջան է։ Վերջապես, Ռուսաստանը սկզբունքորեն դեմ է խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Այս գործընթացների մաս կազմելով հանդերձ՝ Ռուսաստանը մշտապես սվիններով է ընդունելու գործընթացը հաջողեցնելու փորձերը։
Վերադառնալով հարցին՝ ինչու՞ են կրակում սահմանին, կարելի է պնդել, որ կրակում են, քանի որ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր հիմնական գործիքը՝ ուժի կիրառումն ու կիրառման սպառնալիքը, որը կկորցնի, եթե սկսվեն սահմանային վիճակի վերահսկող մեխանիզմների ներդրման ու սահմանազատման գործընթացները։ Այդ գործիքն Ադրբեջանին դեռ պետք է երկու պատճառով, որ կարողանա ստանալ ամենը (բոլոր հնարավոր զիջումները) և միանգամից (փաթեթային տարբերակով)։ Կրակում են, քանի որ Ռուսաստանը խնդիր ունի՝ վիժեցնելու խաղաղության հաջողման հնարավորությունը և չի խոչընդոտում կրակելուն։ Վերջապես, կրակում են, քանի որ Թուրքիան խնդիր ունի հասկանալու, թե որն է իր համար ավելի «էժան» կամ նպատակահարմար՝ Հայաստանի հետ խոսե՞լը, թե՞ առճակատումը, ուստի ստրես-թեստերի կարիք ունի։
Այսժամ, բնականորեն հարց է ծագում՝ խաղաղություն հնարավո՞ր է այս պարագայում, թե՞ ոչ։ Խաղաղության օրակարգը վտանգված է, ինչպես միշտ։ Բայց խաղաղության օրակարգի հաջողումը կախված է առաջին հերթին Հայաստանից։ Հայաստանը պետք է շարունակի կառչած մնալ բանակցային գործընթացից ու շարունակել աշխատանքն, առաջին հերթին, սահմանազատման գործընթացի շուրջ բրյուսելյան ֆորմատի ներքո։ Ավելին, պետք է կարողանա սանձել ռուսական պրոքսի հանդիսացող ու փողոցները լցված հայտնի ուժերին, հավասարակշռություն ապահովել ռուսական ու արևմտյան ձևաչափերի ու ուժային կենտրոնների քաղաքական նպատակների ու ազդեցության գոտիների միջև՝ գոնե այնքան ժամանակ, քանի դեռ բովանդակություն չի ստացել սահմանազատման գործընթացը։ Այս ամենից բացի, Հայստանը պետք է ակտիվորեն վերակառուցի սեփական պաշտպանողական կարողություններն ու շարունակի մնալ իրատեսության ու հողեղենության տիրույթում։ Այս պարագայում չի բացառվում, որ Հայաստանը ձեռք կբերի անգամ որոշակի իրական ու շոշափելի աջակցություն կամ կհասնի որոշակի պայմանավորվածությունների։