Վերլուծություն

Ուկրաինական պատերազմն ու ավարտի հնարավոր սցենարները

Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխել է իր երրորդ ամիսը, բայց հանգուցալուծումը ոչ միայն չի նշմարվում այլև ավելի է հեռանում հորիզոնից։ Երբ փետրվարի 24-ին ռուսական ուժերը Ուկրաինայի վրա հարձակվեցին հյուսիսից, հարավից և արևելքից՝ երկրի արևելյան տարածաշրջանում ութամյա եռացող հակամարտությունը վերածելով թեժ պատերազմի, բոլորի համար պարզ դարձավ, որ այս պատերազմը վերջին տասնամյակների ընթացքում եվրոպական ու համաշխարհային անվտանգության ու զսպումների համակարգի ամենամեծ վտանգն է, և առժամանակ պետք է մոռանալ միջազգային խաղաղության և անվտանգության մասին: 

Շատերի համար անսպասելի՝ ռուսական զորքերը բախվեցին ուկրաինական կոշտ դիմադրությանը, որը շուտով ուժեղացվեց Արևմուտքի կողմից մատակարարվող զենք-զինամթերքով։ Այս ամենը իր հերթին ստիպեց Մոսկվային՝ ներքին օգտագործման քարոզչության մեջ հետաձգել Կիևի նացիստական կառավարության տապալման և Ուկրաինայի ազատագրման «հատուկ օպերացիան»՝ առկախելով Ուկրաինան Մոսկվայի ազդեցության գոտի բռնի վերադարձի նպատակները: Որպես մինիմալ ռազմավարական նպատակ՝ Ռուսաստանն այժմ, կարծես թե, ձգտում է պահպանել հսկողությունը Ռուսաստանը Ղրիմին կապող «միջանցքի» նկատմամբ, Ռուսաստանին բռնակցել կամ իր ուղղակի ազդեցության տակ միավորել Լուգանսկի ու Դոնեցկի՝ նախկին ուկրաինական վարչական միավորները։ 

Այնուամենայնիվ, նույնիսկ ներկա իրերի դրությամբ, ռուսական առաջխաղացումը սահմանափակ է, դանդաղ ու լոկալ։ Ավելին, Ռուսաստանի «փառապանծ» զինված ուժերը պայքարում են որոշ ճակատային գծերի երկայնքով՝ հիմնականում հարավում և հարավ-արևելքում, թեև, արդարացի լինելու համար պետք է ասել, որ դժվար է չափել մարտադաշտի ճշգրիտ դինամիկան: Կրեմլը շարունակում է Կիևի կառավարությունը բնութագրել որպես «նացիստական»՝ ցույց տալով, որ անկախ դրված նպատակներից և զորքերի առաջխաղացման տեմպերից՝ նախապատերազմյան նպատակներն ու հռետորաբանությունը չեն փոխվել։ 

Միևնույն ժամանակ, ակնառու է Ուկրաինային աջակցող արևմտյան երկրների որոշ առաջնորդների հռետորաբանությունը, որոնք Ուկրաինային մղում են երկարատև ու հյուծիչ պատերազմի։ Արևմտյան առաջնորդները շարունակում են ասել, որ ուղղակիորեն չեն կռվելու Ռուսաստանի դեմ՝ միևնույն ժամանակ ավելացնելով ծանր սպառազինության ու զինտեխնիկայի մատակարարումը «կաթիլային» եղանակով։ Ոմանք ակնարկում են, որ իրենց նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է՝ ուկրաինական հաղթանակ, որը Կիևի ռազմաքաղաքական ազդեցությունը կվերականգնի 2014 թվականի ելման դիրքեր։ Այս մոտեցումը սպառնում է խաղադրույքները բարձրացնել այն աստիճանի, երբ կողմերից ոչ մեկը փոխզիջման տեղ չունի և հնարավորություն է ստեղծվում ՆԱՏՕ-Ռուսաստան ուղղակի առճակատման համար: Հենց այդ մասին է խոսում Հենրի Քիսինջերը՝ ակնարկելով, որ զիջողը պետք է Ուկրաինան լինի, և Արևմուտքը շահագրգռված չէ Ռուսաստանի ամբողջական ու կատարյալ պարտությամբ։ 

Մյուս կողմից՝ ռուսական ներխուժումից ի վեր ԵՄ անդամ երկրները բախվել են տարածաշրջանային քաղաքականության, անվտանգության համակարգի հավասարակշռման անհնարինությանը: ԵՄ-ն, դե ֆակտո, երկու քարի արանքում է՝ միաժամանակ աջակցել Ուկրաինային և խուսափել կոնֆլիկտի տարածումից ու Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից։

 Մինչ իրական խաղաղության բանակցությունները ավելի անիրական են դառնում օրեցօր, ԵՄ առաջնորդները պետք է ձգտեն հնարավորինս արդյունավետ հիմքեր ստեղծել երկու կողմերի համար «մեռած» բանակցությունների վերսկսման և անվտանգության ու կայունության եվրոպական համակարգի վերականգնման համար։ Եվ դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան խոսում են պուտինյան Ռուսաստանի վերջնական ջախջախման մասին, բայց հիմնական ծախսերն ու ռիսկերը թողնում եվրոպացիների ուսերին։ 

Ընդհանուր առմամբ, ինչպես ԵՄ-ի, այնպես էլ արևմտյան դաշնակից պետությունների քաղաքականությունը պետք է ձգտի հավասարակշռել Ուկրաինային աջակցելու հրամայականն ու ՆԱՏՕ-Ռուսաստան էսկալացիայի ռիսկերը՝ ստեղծելով զինադադարի կամ պատերազմի ավարտի հիմքեր։ Առնվազն դա անհրաժեշտ է, որպեսզի ժամանակավոր դադար գրանցվի՝ քիչ թե շատ այնպիսի պայմաններով, որոնք ընդունելի կլինեն Մոսկվայի ու Կիևի համար, և որպեսզի երկու կողմն էլ իրենց ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող համարեն։