Վերլուծություն

Իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության վերջի սկիզբը. լճացում՝ մինչև վերջ

Շուրջ մեկ ամիս է՝ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները շարունակում են հանրահավաքները և բողոքի ակցիաները։ Իհարկե, ընդվզման գործողություններ իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել առկա մթնոլորտը, սեփական հնարավորությունները և քայլերի համապատասխանությունը տվյալ մթնոլորտին ու ակնկալվող արդյունքները։ Այս առումով՝ ընդդիմության գործողությունները թվում են ոչ համարժեք։

Ընդդիմութունն իր գործողությունները սկսեց 2018թ. հեղափոխության կրկնօրինակմամբ՝ մտածելով, որ եթե մի անգամ ստացվել է, ապա կհաջողվի կրկին։ Թերևս, ընդդիմությունը մոռացել է հին իմաստությունը, որ «նույն գետը երկրորդ անգամ մտնել չի կարելի»։ Իսկ նման խնդրից խուսափելը ենթադրում է պահեստային տարբերակների նախատեսում և կիրառում։ Այժմ ընդդիմության տեքստերի տրամաբանությունը հուշում է, որ պահեստային տարբերակներ առկա չեն։ Այս դեպքում առաջանում են հարցեր։ Ընդդիմությունը չգիտե՞ր, որ իր ընտրած պայքարի մեթոդները, հնարավոր է, չաշխատեն։ Նման պարագայում պետք է հրապարակ բերվեին այլ մեթոդներ։ Եթե չգիտեր՝ ի՞նչ տրամաբանությամբ էր փողոց դուրս գալիս, փորձում հանրային կոնսոլիդացիա ապահովել։ Եթե գիտեր, բայց չապահովագրեց իրեն պահեստային տարբերակներով, կարո՞ղ ենք մտածել, որ այս ամենը պարզապես բեմականացում էր՝ ներկա ստանալու գործողություն։

Իսկ բեմականացման տպավորությունը հպանցիկ չէ։ Այն ստացվում է՝ հաշվի առնելով  փաստական հենքի դեր ստանձնող հարցադրումները և դրանց բացակա պատասխանները։ Ընդդիմադիր տարբեր առաջնորդներ հայտարարել էին, որ Ազգային ժողով կվերադառնան բացառապես մեկ օրակարգով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցով։ Դա ենթադրում էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ընդդիմությունը պետք է էֆեկտիվ գործողությունների և ակցիաների միջոցով հավաքեր կրիտիկական զանգված, ինչը հարկադրելու էր իշխանություններին՝ գնալու զիջումների, իսկ լավագույն սցենարով՝ նստեր երկխոսելու ընդդիմության օրակարգի շուրջ։ Այժմ այլևս ակնհայտ է, որ ընդդիմության պայքարը լճացել է, ու ամեն օր կրկնվող գործողությունները և միանման տեքստերը գրավիչ չեն զանգվածների համար։

Լճացումն ընդդիմադիրներին կանգնեցրել է երկընտրանքի առաջ՝ կամ այս կերպ շարունակել իրենց ակցիաները, ինչը վերջնականապես տանելու է շարժման մարման, կամ նախաձեռնել դեմքը փրկելու և անհաջողության մեղքը այլոց վրա բարդելու որևէ գործողություն։ Եվ վերջին օրերին ընդդիմադիր լիդերների կողմից լսելի են Ազգային ժողով վերադառնալու մասին խոսակցություններ։ Լևոն Քոչարյանն անգամ ասաց, որ ընդդիմությունը խորհրդարան է վերադառնալու՝ ցույց տալու համար, որ իշխանությունն Արցախի հարցում անկեղծ չէ։ Պարզվում է՝ նրանք խորհրդարան վերադառնալու են ոչ թե ի սկզբանե հռչակած օրակարգով՝ վարչապետի հրաժարականի մասին խոսելու, այլ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններին վերաբերող հայտարարություն ընդունելու նախաձեռնությամբ։ Այդ հայտարարության տեքստի բովանդակությունն արդեն ի ցույց է դնում ընդդիմության իրական մոտիվացիան։ Հայտարարությունը, ըստ էության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմի նախապայմանների մասին է։ Կարծես այս տեքստը կազմողը տեղյակ չի, որ տեղի է ունեցել պատերազմ, և ինչ ռազմաքաղաքական փոփոխությունների է այն հանգեցրել այն։ Իհարկե, տեղյակ է։ Տեղյակ է, սակայն, այս հայտարարությամբ նպատակ ունի լուծել մի քանի հարց։ Նախ, փորձել դուրս գալ ներկա լճացման փուլից՝ ԱԺ վերադառնալու պատրվակն օգտագործելով, միևնույն ժամանակ՝ հասկանում է, որ այնպիսի կետեր են ներառված հայտարարությունում, որոնք իշխանությունները չեն կարող ստորագրել՝ գնալով արկածախնդրության։

Ընդդիմության հաշվարկի էությունը հենց դրանում է։ Ներկայացնել իրականությունից և տարածաշրջանային վերադասավորումներից կտրված տեքստ, կոչ անել իշխանությանը՝ «եթե լավ տղա ես, ստորագրի հայտարարությունը», ու մերժման դեպքում՝ մեղադրել իշխանությանը։ Այդ մեղադրանքի հասցեատերը դառնալու է նաև հասարակությունը։ Ընդդիմությունը մեղադրելու է հասարակությանը, որ գոյութենական սպառնալիքի առկայության պայմաններում անգամ չկոնսոլիդացվեց։ Չկոնսոլիդացվեց, ուստի ընդդիմությունը «չի կարող փրկել այն հասարակությանը, որը չի ուզում փրկվել»։ Չի ուզում փրկվել, քանզի «փրկիչները» հեղինակն են բարդ այն իրադրության, որում հայտնվել է պետությունը։ Եվ ինչ է մնում «խեղճ մշեցի» ու «ազգային» ընդդիմությանը՝ բացի ԱԺ վերադառնալուց և գոնե աշխատավարձի պահումների «արատավոր շղթան» կոտրելուց։